«Մեզ մրցակից չեմ համարում նորաստեղծ կուսակցությանը». Դավիթ Խաժակյանը՝ «Երկիր ծիրանիի» մասին

«Քարոզարշավի ընթացքում բարձրացնելու ենք Երևան քաղաքի արդյունավետ կառավարման հարցը, քանի որ մենք տեսնում ենք, որ քաղաքի բյուջեն արդյունավետ չի օգտագործվում։ Ձմռանն ականատես ենք լինում ֆլամինգոների, իսկ այժմ տեսնում ենք զարդարանքներ, որոնք անհարիր են այս պահին քաղաքում եղած խնդիրներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ իրենց հնարավորությունը մեծ է՝ Երևանի ավագանում ընտրություններին լինել մեծամասնություն և ընտրել իրենց քաղաքապետին։

«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո պարզ է, որ մենք ունենք ընտրողներ։ Մարդիկ տեսել են ռեալ հաջողությունների պատմություն, և ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնեն, որ այն ավագանիների թիմը, այն քաղաքապետը, որ պետք է աշխատի, իր թիկունքում խորհրդարանի աջակցությունը պետք է ունենա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունն իրենց մրցակից չէ։

«Հաշվի առնելով այն, որ «Ելք» դաշինքը 3 կուսակցությունների միավորում է և ունի բավականաչափ մարդկային ներուժ, մրցակից չեմ համարի նորաստեղծ կուսակցությանը, որը դեռևս երեկ չէ առաջին օրն է գրանցվել»։

Լրագրողների դիտարկմանը՝ «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը բավականին հայտնի քաղաքական գործիչ է, ասուլիսի մյուս բանախոս Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Շատ լավ է, ես ուրախ կլինեմ, որ տիկին Փոստանջյանը լինի Երևանի ավագանու անդամների մեջ, ես ցավում եմ, որ նա ներգրավված չէ ԱԺ-ում։ Ես կարծում եմ, որ մեծ տարբերություն է լինելու մեր և «Երկիր ծիրանիի» մեջ, բայց ես հաջողություն եմ մաղթում նրանց»։

Տեսանյութեր

Լրահոս