Բաժիններ՝

«Շախմատը կյանքի տարբեր փուլերում սովորեցնում է մի քանի քայլ առաջ մտածել». Հովհաննես Գաբուզյան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն այս տարի բավականին լարված ընթացք ունեցավ: Ինը տուրերից հետո Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց և հավաքականի կազմը համալրեց Հովհաննես Գաբուզյանը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց առաջնության, իր հետաքրքրությունների և առաջիկա պլանների մասին:

Հովհաննես, կպատմեք, ինչպե՞ս սկսեցիք շախմատ խաղալ:

-Շախմատ խաղալ սկսել եմ 4-5 տարեկանից: Ինձ խաղալ սովորեցրել է պապիկս: Նրա հետ սիրողական էի խաղում: Բայց երբ ընտանիքիս անդամները նկատեցին, որ ստացվում է, սկսեցի շախմատի դպրոց հաճախել: Հայրս էլ շախմատ խաղալ գիտի, սակայն նրա հետ այդպես չեմ խաղում:

Շախմատի Հայաստանի այս առաջնությունը շատ լարված ստացվեց ձեզ համար: Ի՞նչ կասեք առաջնության մասին:

Կարդացեք նաև

-Մրցակիցներս ստանդարտ մրցակիցներ են: Ամեն տարի միասին խաղում ենք: Բոլորն էլ լավ էին պատրաստված: Մոտ երեք ամիս նախապատրաստվել էի Հայաստանի այս առաջնությանը և մեծ ակնկալիքներ ունեի: Սակայն մրցաշարի մեծ մասը վերջին տեղում էի: Մի պահ հույսս կորցրել էի, փորձեցի գոնե վարկանիշս չգցել: Ամեն ինչ սկսվեց հաջող ընթանալ, երբ լարվածությունն անցավ: Հաջորդաբար երեք կարևոր պարտիաներում հաղթեցի, որն էլ օգնեց ինձ:

Մի փաստ, որը, երբեմն, վառ արտահայտվում է շախմատիստների մոտ. նրանք սնահավատ են: Դուք նույնպե՞ս:

-Ոչ, սնահավատ չեմ:

Ձեզ համար ի՞նչ է Հայաստանի շախմատի չեմպիոն լինելը:

-Նախ և առաջ մեծ պատասխանատվություն է: Դու գործում ես ոչ միայն քո անվան համար, այլ երկրի: Պատասխանատվություն ես կրում ամբողջ թիմի առաջ, արդյունքներիդ համար:

Ինչպիսի՞ խաղի կողմնակից եք` պաշտպանողական թե կառուցողական:

-Բարդ հարց է իրականում: Խաղի ընթացքում չեմ սիրում պասիվ դիրքում լինել: Եվ եթե պաշտպանական դիրք եմ ստանում, ապա փորձում եմ ակտիվ պաշտպանության անցնել, միայն հակահարվածներով չսահմանափակվել:

Ի՞նչ է սովորեցնում շախմատը:

– Կյանքի տարբեր փուլերում սովորեցնում է մի քանի քայլ առաջ մտածել: Ինքնըստինքյան սովորում ես քայլերից առաջ հաշվարկել՝ ինչ կլինի հետո:

Ինչի՞ց է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում:

-Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում: Կարծում եմ՝ ամեն ազգ իր գենետիկ ուղղվածություններն ունի` աֆրիկյան երկրներում լավ վազում են:

Հովհաննես, ինչո՞վ եք զբաղվում շախմատից դուրս:

-Տարբեր նախասիրություններ ունեմ: Հիմա հիմնականում սպորտով եմ զբաղվում: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ շատ ժամանակ եմ անցկացնում: Բնականաբար, պետք է մարզվել, բայց հանգստի մասին չպետք է մոռանալ:

Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Պետք է մասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեմ Ջերմուկում, ինչպես նաև՝ Մարտունիում անցկացվող ավանդական մրցաշարին:

Փոխելով մեր հարցրերի ուղղվածությունը, թույլ տվեք մի քանի բլից հարցեր տալ: Ունե՞ք սիրելի գիրք:

-Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»:

Սիրելի ֆիլմ:

-Էքշըն ֆիլմեր եմ սիրում կամ կատակերգություն:

Սիրելի երգ կամ կատարող:

-Գրիգորի Լեպս եմ շատ լսում:

Մագնուս Կարլսեն, թե Բոբի Ֆիշեր:

-Մագնուս Կարլսեն:

Թագուհի, թե ձի:

-Թագուհի:

Ֆուտբոլ, թե թենիս:

-Թենիս:

Սուրճ, թե թեյ:

-Սուրճ

Վարվառա Հայրապետյան
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս