
Ս. Մարիամ Աստվածածին. սրբաբարո վարքի օրինակ յուրաքանչյուրիս համար

Սուրբ Գիրքն ասում է, թե Աստված սրբերի մեջ է բնակվում` ոչ միայն սուրբ վայրերում, այլ մաքուր սրտում և մաքուր մտքում: Սրբության այս չափանիշը ոչ միայն Աստծո գոյությունը փաստող հավատքի մեջ է, կամ եկեղեցի պարբերաբար հաճախող վարքագիծն ունեցողի, այլ կենդանի պայքարի. պայքար, որ մեր կյանքին իմաստ է տալիս և առաջնորդում ոչ թե քանդելու, այլ կառուցելու: Պայքար, որի ընթացքում մենք պարզապես զգում ենք, որ ոչ միայն ապրում ենք, այլ մեր էության, մեր ամբողջ կազմության բոլոր բջիջներով զգում ենք մեր կենդանությունը: Աստվածամայրը կյանքի աղբյուր և կյանքի օրինակ է յուրաքանչյուրիս համար:
Այս ամենից բացի, Աստվածամայրը մեզ համար նաև բարեխոս է: Մենք այսօր խնդրում ենք Աստվածամոր բարեխոսությունը մեզ, մեր ընտանիքների և մեր զավակների, մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու համար և հավատում, որ Տիրամայրն ինչ որ խնդրի, Աստված անպայման կկատարի: Սակայն այն հավատքը, որը մեզ բերում, կանգնեցնում է Աստվածամոր բարեխոսության խորհրդի առաջ, պարզ իրականություն չէ, կամ միայն փաստելը չէ, որ մենք գիտենք Աստծո գոյության մասին: Այդ հավատքն այն կենդանի պայքարն է, որը մեզ առաջնորդում է դեպի Աստված, այն կենդանի պայքարն է, որն անցնում է աղոթքով, ապաշխարությամբ և զղջումով: Հետևաբար պետք չէ սպասել, որ երբևէ սրբերը, ի դեմս Աստվածամոր, կխղճան ու կբարեխոսեն մեզ համար: Պետք է փորձել դրախտի մեր պատկերացումներն իրականություն դարձնել այստեղ` այս երկրի վրա և մեր կյանքում: Այսինքն` շարժվել՝ դեպի Երկինք ձգտելով:
Երկիրը, որտեղ մենք ապրում ենք, հողը, որի վրա կանգնած ենք, պիտի դիտենք ոչ թե որպես կուտակելու, հարստանալու միջոց, այլ որպես դեպի Աստված ձգտելու և դեպի Աստված բարձրանալու հենարան: