Բաժիններ՝

Աշխարհի 10 խոշորագույն տնտեսությունները

ԱՄՆ-ի տնտեսությունն ամենամեծն է աշխարհում։ 2016 թվականին այս երկրի ՀՆԱ-ն կազմել է 18 տրիլիոն դոլար, որը համաշխարհային տնտեսության 24.3%-ն է։ Այս մասին գրում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը՝ հղում անելով Համաշխարհային բանկի վերջին տվյալներին։

ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը՝ 11 տրիլիոն դոլար (համաշխարհային տնտեսության 14.8%-ը)։ Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 4.4 տրիլիոն դոլարով (համաշխարհային տնտեսության 5.9%-ը)։

Խոշորագույն տնտեսությունների ցանկում հաջորդ երեք տեղերը եվրոպական երկրներն են։ Չորրորդ տեղում Գերմանիան է՝ 3.4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով (համաշխարհային տնտեսության 4.5%-ը), որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (2.9 տրիլիոն դոլար, 3.9%) և Ֆրանսիան (2.4 տրիլիոն դոլար, 3.3%):

7-րդ տեղը զբաղեցնող Հնդկաստանի ՀՆԱ-ն 2.1 տրիլիոն դոլար է, որը համաշխարհային տնտեսության 2.5%-ն է։

8-րդ տեղում Իտալիան է (1.8 տրիլիոն դոլար, 2.5%), 9-րդում՝ Բրազիլիան (1.8 տրիլիոն դոլար, 2.4%), իսկ տասնյակը եզրափակում է Կանադան (2.1 տրիլիոն դոլար, 2.1%)։

ԱՄՆ տնտեսությունն, այսպիսով, ավելի մեծ է, քան 3-րդից 10-րդ տեղերը զբաղեցնող երկրներինը միասին վերցրած։ Այն նաև 7 տրիլիոն դոլարով գերազանցում է Չինաստանին։ Սակայն Համաշխարհային ֆորումի մասնագետները համոզված են, որ տնտեսական աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում՝ ԱՄՆ-ն դժվար թե կարողանա երկար ժամանակ պահպանել թիվ 1 տնտեսության տիտղոսը։Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ԱՄՆ տնտեսական աճը 2016 թվականին կազմել է 1.6%, իսկ Չինաստանի տնտեսությունն աճել է 6.7%-ով։

Չինաստանը ետ է վերադարձրել ամենից արագ աճող խոշոր տնտեսության տիտղոսը՝ կրկին առաջ անցնելով Հնդկաստանից (այս երկրի տնտեսական աճը 2016 թվականին կազմել է 6.6%)։

ԱՄՀ տվյալների հիման վրա  The Wall Street Journal-ի կազմած այս գծապատկերից երևում է նաև, որ Բրազիլիան TOP-10-ի մեջ մտնող միակ երկիրն է, որի տնտեսությունը 2016 թվականին 3.5%-անոց նվազում է ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս