
Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը քննադատել է Սիրիայում ավիաբազային ուղղված ԱՄՆ ավիահարվածները

Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին:
«Որքան էլ սրտաճմլիկ լինի Ասադի քիմիական հարձակումը սեփական մարդկանց դեմ, Սիրիայի ճգնաժամը չի լուծվի մեկ գիշերվա օդային հարվածներով: Սպանությունները չեն դադարեցվի առանց բազմակողմանի քաղաքական որոշման այն մասին, թե ինչպես վերջ տալ բռնաճնշումներին»,- հայտարարել է Փելոսին` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում:
Նրա գնահատմամբ` ԱՄՆ կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիներին ներկայացնել «համակողմանի ռազմավարություն, որում հստակ կներկայացվեն զինվորականների անվտանգության ապահովման նպատակները և թույլ տրվի խույս տալ զոհերից Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում»: