«Հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր». Արթուր Աբրահամ
Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չի թերագնահատում մրցակցին և նրան համարում է ուժեղ և ճկուն մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբրահամը խոսեց առաջիկա մենամարտի մասին:
-Արթուր, ի՞նչ մարզավիճակում եք և ինչպես եք նախապատրաստվում:
-Արդեն, կարելի է ասել, որ լավ մարզավիճակում եմ, տևական ժամանակ մարզվում եմ Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Ռոբին Կրասնիկիի ոճին համապատասխան մարզիկների հետ:
-Ի՞նչ կարծիք ունի ձեր մարզավիճակի մասին մարզիչ Ուլի Վեգները:
-Կարծում եմ՝ դժգոհ չէ: Եթե նա դժգոհ է լինում, ապա անպայման ասում է այդ մասին:
-Ի՞նչ կասեք ձեր մրցակցի մասին:
-Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Ըստ իս` ուժեղ, ճկուն մարզիկ է: Ապրիլի 22-ին «WBO միջմայրցամաքային» տիտղոսի մենամարտն է լինելու, մեզանից հաղթողը ավելի ուշ մենամարտելու է Ռամիրեսի հետ:
–Ձեր տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է, արդյո՞ք դա չի խանգարի ձեզ:
-Ոչ, ինչու պետք է խանգարի: Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Այդ հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի «Messe Erfurt» մարզապալատում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: