Հայաստանը հետընտրական շոկի մեջ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաեւ քաղաքական ուժերը:

Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան:

Ընդդիմադիր ուժերի հետընտրական հայտարարությունները նույնպես կաշկանդված են նույն ռեյտինգային ընտրակարգի պատճառով: Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները:

Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է:

Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում եւ ավարտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: Սույն դաշինքում համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, եւ եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի եւ աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն:

Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին:

Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողություններնը ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու եւ ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:

Հետընտրական շոկից զերծ չէ նաեւ հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց եւ երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաեւ նման բան լինել եւ հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության եւ հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաեւ իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ:

Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետեւ թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս