ԵՄ-ն Լոնդոնի հետ ապագա հարաբերությունները կքննարկի միայն Brexit-ի շուրջ բանակցություններից հետո. Յունկեր
ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հարաբերությունների քննարկումը, այդ թվում՝ առեւտրական, հնարավոր կլինի միայն Brexit-ի շուրջ բանակցությունների ավարտվելուց հետո: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ընդունելի համաձայնագիր կնքենք «բաժանման» բոլոր ասպեկտների շուրջ»,-ասել է Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:
Նույն այդ դիրքորոշումն է հայտնել նաեւ Brexit-ի շուրջ գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն: «Մենք չենք ցանկանում որեւիցե ձեւով պատժել Մեծ Բրիտանիային. մենք պարզապես նրան կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները»,-հայտարարել է Բառնիեն:
«Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը պարզորոշ հասկանալ է տվել, որ ցանկանում է արագ համաձայնության հասնել: Բայց մենք պետք է վստահ լինենք, որ կերաշխավորվեն Եվրոպայի քաղաքացիների եւ բրիտանահպատակների իրավունքները: Ուստի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հարաբերությունների շուրջ Brexit-ի ընթացակարգին զուգահեռ բանակցություներ վարելը բավականին ռիսկային է: Նախ անհրաժեշտ է վստահելի հարաբերություններ կառուցել»,-ընդգծել է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Եվրախորհրդարանի պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանաձեւի քննարկմանը, որը կոչված է նախանշել այդ գործընթացի ընդհանուր շրջանակները եւ ինչոր առումով դառնալ հանրակցությունում մնացած 27 պետությունների շահերի հռչակագիր:
«Այս բանաձեւը կդառնա հստակ ուղերձ. եվրոպական երկրները մնում են միասնական, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն,հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: Լոնդոնը պետք է հասկանա, որ ԵՄ-ն ապակայունացնելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,-հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: