«Ունենք երեք անձերի կողմից ձևավորված խորհրդարան». Արմեն Մարտիրոսյան
«Ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն, և այս նոր խորհրդարանով ձևավորված իշխանությունը չի կարողանալու մեր լեգիտիմությունը պաշտպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունների մասին:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահին մենք ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան: Նա ասաց, որ իրենք իրենց գործունեությունը շարունակելու են՝ անկախ ամեն ինչից: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ կրկնաքվեարկության դեպքեր են եղել ընտրությունների ժամանակ.
«Ձայների հրապարակային աճուրդ եղավ, նաև սև քարոզչություն մեր դաշինքի նկատմամբ: Մենք ունենալու ենք բազմաթիվ խնդիրներ, ու այդ ճանապարհին մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակում ենք մեր շտաբի գործունեությունը, որոշակի վերակազմակերպման փուլ ենք սկսել, բայց համագործակցությունը, միանշանակ է, որ կշարունակվի»:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ դեռ հստակ որոշում չունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, բայց իր անձնական կարծիքով՝ չպետք է մասնակցել այդ ընտրություններին: Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է դեռ «մարսի» կատարվածը:
Նույն դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պարտվեց ընտրությունների ժամանակ, քանի որ չստացվեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան ապահովել:
Նա ասաց, որ իրենք ամեն ինչ արել են, որ լայն համախմբում լինի իշխանության դեմ, որ մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող է իրական փոփոխությունների բերել, բայց դա չհաջողվեց, որտեղ, ըստ նրա, էապես մեծ է նաև ընդդիմության պատասխանատվության հարցը:
«Բոլորս էլ գիտեինք, որ իշխանությունները չեն փոխվել ու չեն փոխվելու, միշտ էլ կեղծվելու են ընտրությունները, բռնազավթվելու է իշխանությունը, բայց ընդդիմությունը պետք է այս ամբողջ պատասխանատվությունը հասկանալով, վերլուծություններ անելով նախորդ փորձերից՝ հետևություններ աներ, բայց չարվեցին այդ հետևությունները: Սա ժողովրդի պարտությունն է, ոչ թե ընդդիմության: Ժողովուրդը ձայն չտվեց ընդդիմությանը, մի մասը չգնաց ընտրության, մի մասն էլ կաշառք վերցրեց ու գնաց, ընտրեց իշխանությանը: Պայքարը շարունակվելու է: Հիմա փողոց դուրս չենք գալիս, քանի որ, եթե իմանայինք, որ մեր ձայները կեղծվել են, դա կանեինք»,- ասաց Խուրշուդյանը:
Նա նաև նշեց, որ դա չի նշանակում, թե ամեն ինչ ավարտված է, քանի դեռ կա Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացիները պետք է պայքարեն իրենց երկրի ազատագրման համար.
«Պայքարը պիտի լինի արտախորհրդարանական, փողոցում, նաև այլ ինստիտուտներում, եթե ստացվի»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չե՞ն հիասթափեցրել ՕՐՕ դաշինքի առաջնորդներին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Ինչպես ասում են՝ նրանց առաջին ամուսնությունը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է նաև այն էտապը, որ անգամ նրա երեխաների տետրերն են ստուգել ԱԱԾ-ի աշխատակիցները: Սեյրան Օհանյանն էլ անցել է Ղարաբաղյան պատերազմով և ավելի վատ բաներ է տեսել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: