«Հայաստանն օգնության կարիք ունի». Շառլ Ազնավուրը
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով ապրիլի 5-ին Մոսկվայում հանդես է գալու մեծ համերգով, ցանկություն է հայտնել, որ Հայաստանը շրջապատեն միայն բարեկամական երկրներ: Այս մասին Ազնավուրը խոսել է Ռուսաստանի Առաջին ալիքով «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ:
Անդրադառնալով այն փաստին, որ համերգից ստացված հասույթը գնալու է «Շառլ Ազնավուր» հիմնադրամին` Ուրգանտը նշել է, որ այդ կառույցն օգնություն է ցուցաբերում բոլոր մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, այդ թվում և փախստականներին, ինչին ի պատասխան Ազնավուրն ասել է. «Հայաստանն ունի օգնության կարիք: Այն փոքր երկիր է, որը շրջապատված է այլ երկրներով, որոնցից որոշներն ընկերներ, իսկ որոշներն էլ` թշնամիներ են: Ես կցանկանայի շուրջը միայն ընկերների տեսնել: Սակայն պետք է, որ նրանք էլ մեր պես մենթալիտետ ունենան: Դա մենթալիտետի հարց է: Դա հողի կամ նավթի հարց չէ: Ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է այն, որ մարդը մարդ մնա»:
Ազնավուրն ընդգծել է, որ շատ ուրախ է գտնվել Ռուսաստանում: «Ինձ համար սա իմ բարեկամների երկիրն է: Իմ հայրը շատ մոտ էր ռուսական համայնքի հետ միշտ»,- ընդգծել է նա:
Խոսելով իրեն տրվող մրցանակների, Հոլիվուդում բացված «պատվո աստղի» մասին` շանսոնյեն ասել է, որ միշտ համաձայնում է իրեն տրվող մրցանակների հետ: «Կան արտիստներ, ովքեր հրաժարվում են, իսկ ես միշտ ամեն ինչի համաձայնում եմ: Քանի որ Ֆրանսիայում, երբ ես նոր էի սկսում, իմ մասին այնքան վատ էին խոսում, որ այժմ նրանցից վրեժ լուծելու համար ես ընդունում եմ ամեն բան, ինչ տալիս են: Դա հիասքանչ վրեժ է»,- նշել է նա:
Խոսելով այս տարի իր և կնոջ ամուսնության ոսկե տարեդարձի` 50-ամյակի մասին` Ազնավուրը ասել է. «Սառնությունն ամուսնացավ ջերմության հետ: Նա շվեդուհի է, ես` հայ: Ամեն բան լավ ընթացավ և մինչ օրս պահպանվում է: Այդ ջերմությունները կյանքի ընկալման տարբեր ձևեր են` ինչպես ապրել, ինչպես դաստիարակել երեխաներին: Մենք ունենք տարբեր խոհանոց, տարբեր կրթություն, տարբեր կրոններ, սակայն ամեն բան լավ ստացվեց»: