Նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու ժամկետներն ու կառավարության ձևավորման կարգը

Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձևավորման մասին վերջնական որոշումից հետո: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձևավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

«Երբ Կենտրոնական ընտր ական հանձնաժողովը կկայացնի որոշում, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո պետք է հաշվել, թե որ օրն է լինում երրորդ հինգշաբթին, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքներն այդ ընթացքում չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- նշեց Թովմասյանը: Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերջանական հրապարակումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին, դրան հաջորդող երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, երբ ակնկալվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:

Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: «Այս հարաբերությունները դեռևս կարգավորվում են 2005թ. Սահմանադրությամբ: Այդ նորմերը շարունակում են պահպանվել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսինքն, վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակելու է նախարարների: Դրանից հետո 20 օրվա ընթացքում նոր ձևավորված կառավարությունը  պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը: «Սրանք առավելագույն ժամկետներն են: Հնարավոր են ավելի կարճ ժամկետներ: Օրինակ, եթե Ազգային ժողովի առաջին նիստի հաջորդ օրը նշանակվի հանրապետության վարչապետը, պետք է մնացած գործընթացները հաշվել այդ օրվանից: Շատ հնարավոր է, որ կառավարության կազմը երեք օրվա ընթացքու մ ձևավորվի, ծրագիրը 5 օրվա ընթացքում ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և այլն: Այսինքն, շատ արագ հնարավոր է այդ ամբողջը կազմակերպել, իսկ իմ նշած ժամկետներն առավելագույնն են»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:

Կարդացեք նաև

Նա նաև հստակեցրեց, որ նոր խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը կունենա 31 պատգամավոր, «Ելք» դաշինքը` 9 պատգամավոր, ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս