ՀՀԿ-ի քվեների վիճակագրությունը (գծապատկերներ)

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` բոլոր 2009 տեղամասերի նախնական տվյալներով:

Արդեն հայտարարվել է, որ 2 մլն 588 հազար 590 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 577 հազար 323 ընտրող, որոնց քվեարկության արդյունքում խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժեր՝ ՀՅԴ, «Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, Հայաստանի հանրապետական կուսակցություն։

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ 

ՀՀԿ-ն 49%-ից ավելի ձայներ է հավաքել թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ միասին վերցրած։ Սակայն Երևանի 4 ընտրատարածքներում իշխանության ստացած ձայներն էապես տարբերվում են։

Օրինակ՝ թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ) ՀՀԿ-ն ստացել է քվեների 53.13%-ը։ Դա հիմնականում պայմանավորված է Սամվել Ալեքսանյանի հավաքած ձայներով՝ ավելի քան 44 հազար։

Մյուս կողմից, թիվ 2 ընտրատարածքում (Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր) իշխող կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 45.75%-ը։ Երկու ընտրատարածքների միջև աջակցության տարբերությունը 7.4 տոկոսային կետ է։

Տարբերվում են նաև ՀՀԿ-ի հավաքած ձայները՝ ըստ մարզերի։ Մարզային 9 ընտրատարածքներից 5-ում իշխող կուսակցությունը հավաքել է 50%-ից ավելի ձայն, 4-ում՝ 50%-ից քիչ։

Ամենամեծ աջակցությունը ՀՀԿ-ն ստացել է Լոռու մարզում (թիվ 9 ընտրատարածք)։ Այստեղ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 138 212 մարդ, որոնցից 85 689-ը՝ 62.21%-ը, քվեարկել են իշխող կուսակցության օգտին: Մնացած մարզերից ոչ մեկում ՀՀԿ-ն 54%-ից ավելի քվե չի ստացել։

Լոռու մարզում ՀՀԿ-ի համոզիչ հաղթանակը պայմանավորված է այստեղ առաջադրված ուժեղ ռեյտինգային թեկնածուների գործոնով։ Օրինակ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի օգտին քվեարկել է 44 հազարից ավելի մարդ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր կուսակցության համար ապահովել է 17 հազար, իսկ «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը՝ ավելի քան 16 հազար ձայն։
Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ն հավաքել է 53.66%, թիվ 9-ում (Արմավիրի մարզ)՝ 53.11%:

Շիրակի մարզում ՀՀԿ-ի աջակցությունը տպավորիչ չի եղել՝ 40.56%, սակայն ամեն դեպքում ավելի շատ քվե ոչ մի այլ կուսակցություն չի ստացել։

Իսկ Կոտայքի մարզը՝ թիվ 10 ընտրատարածքը, միակն է, որտեղ ՀՀԿ-ն պարտվել է «Ծառուկյան» դաշինքին։ Իշխող կուսակցության օգտին այստեղ քվեարկել են 48 323 հոգի, որը ընտրության մասնակցած քվեների 34.6%-ն է։ «Ծառուկյան» դաշինքն այս ընտրատարածքում 61267 ձայն է ունեցել:

Ինչով են պայմանավորված իշխանությանը տրված ձայների տարբերությունները՝ ըստ մարզերի։ Առաջին հերթին դա պայմանավորված է տեղերում ուժեղ թեկնածուների առկայությամբ, որոնց դերը նոր Սահմանադրությամբ՝ ռեյտինգային ընտրակարգի ներդրման արդյունքում մեծացել է։ Այսինքն՝ նրանք աշխատում են ոչ միայն իրենք իրենց, այլև համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուների համար։

Կա նաև տեսակետ, ըստ որի՝ այդ հարցում մեծ դեր է խաղում տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Այսինքն՝ որքան սոցիալական պայմանները վատն են, բնակչությունն այնքան դժգոհ է, և հետևաբար՝ իշխանությանը քիչ է ձայն տալիս։
Սակայն պաշտոնական տվյալները նման օրինաչափության մասին չեն վկայում։ Օրինակ՝ այս աղյուսակում մենք համադրել ենք առանձին մարզերում ՀՀԿ-ի ստացած քվեները և աղքատության մակարդակը 2015 թվականի վերջի դրությամբ (սա ամենաթարմ տվյալն է և Հայաստանում կազմում է 29,8%)։

Օրինակ՝ Լոռու մարզում, որտեղ ՀՀԿ-ն 62,1% աջակցություն է ստացել, աղքատության մակարդակը միջինից բավականին բարձր է՝ 36,2%։ Իսկ Արագածոտնի մարզում աղքատությունը 16,1% է՝ ամենացածրը հանրապետությունում, սակայն ՀՀԿ-ն այստեղ տպավորիչ հաղթանակ չի տարել՝ 44,96%։

Աղքատության ամենաբարձր մակարդակն ունի Շիրակի մարզը՝ 45,3%, և, ինչպես նշեցինք, ՀՀԿ-ն այստեղ նույնպես քիչ քվե է ստացել համեմատության մեջ։ Սակայն կարծում ենք՝ Շիրակի մարզի ընդդիմադիր կեցվածքի հիմքում սոցիալական պայմանները չեն։

Տեսանյութեր

Լրահոս