Բաժիններ՝

Թուրքիան թույլատրել է գերմանական կողմին այցելել կալանավորված Դենիզ Յուջելին

Պաշտոնական Անկարան թույլատրել է գերմանացի դիվանագետներին այցելել Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հայտնել է, որ թուրքական կողմն այդպիսով «դեպի առաջ ուղղված քայլ է կատարել»: Սակայն նա չի հստակեցրել` արդյոք այս այցելությունից հետո դրանք թույլատրվելու են, թե ոչ:

Գերմանական DPA լրատվական գործակալության տվյալներով` Յուջելին կալանավայրում այցելելու է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-­ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-­ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:

Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս