«…Մենք պարտվել ենք». ՕՐՕ դաշինքի աջակից

168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին Դուք աջակցում էիք, չանցավ խորհրդարան:

– Քանի որ նպատակը հաղթանակն էր, ու հաղթանակ չկա, մենք պարտվել ենք, բայց այսպիսին է կյանքը, մենք այս խաղի մեջ մտնելուց առաջ գիտեինք՝ ինչ կանոններ կան Հայաստանում և ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ-ում իշխանափոխություն ընտրությունների միջոցով դեռևս տեղի չի ունեցել՝ ո՛չ Բելառուսում, ո՛չ Ղազախաստանում, ո՛չ  Ռուսաստանում, ո՛չ Ղրղըզստանում, և ո՛չ էլ Տաջիկստանում: Մենք այդ ընդհանուրի մի փոքրիկ ծայրագավառն ենք, ծայրագավառում չի կարող լինել այն, ինչ մետրոպոլիայում պետք է լինի: Դա իմանալով ենք մենք մտել այս պայքարի մեջ: Դառն է համոզվելը, որ մենք կյանքը ճիշտ ենք հասկանում, բայց մենք գիտեինք՝ ինչ է լինելու, և պատրաստվում ենք հաջորդ քայլերին:

– Ի՞նչ քայլեր:

– Երևան քաղաքը, գավառականացած մայրաքաղաքը, մայրաքաղաքի համար մենք դեռ պետք է պայքարենք:

– Նկատի ունեք Երևանի ավագանու ընտրություննե՞րը:

– Այո, իհա՛րկե, դրա համար մենք պետք է պայքարենք:

– Դա նաև ՕՐՕ դաշինքի՞ն է վերաբերում, թե՞ միայն Ձեր մասով եք ասում:

– Ես դաշինքի համար չեմ կարող ասել, որովհետև կարծում եմ՝ դաշինքն իր կարծիքը կհայտնի առաջիկայում:

– Երբ նշում եք, որ նման երկրներում իշխանափոխություն չի լինում, Ձեր գնահատմամբ՝ կոնկրետ Հայաստանում չեղավ, որովհետև ընտրությունները կեղծվեցի՞ն, թե՞…

– Ոչ թե ընտրությունները կեղծվեցին, այլ ընտրությունների իմիտացիա էր դա: Իշխանափոխությունն ընդհանրապես իշխանության հանձնումն է ընդդիմախոսին՝ ընտրությունների միջոցով: Վերարտադրությունն ընտրություն չէ, մենք չենք ընտրում հիմա: Մենք ֆիքսում ենք, որ ՀՀ-ն այստեղ կամազուրկ է, չի կարող իր կամքը դրսևորել, մենք նույնիսկ դրանից ենք զրկված:

– Ձեր կարծիքով՝ այս ընտրություններն ինչո՞վ էին տարբերվում նախորդ ընտրություններից: Համաձա՞յն եք այն կարծիքների հետ, որոնք հնչում տարբեր ուժերի, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որ այս քվեարկության ժամանակ տեղի չունեցան այն խախտումները, որոնք միշտ եղել են ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ինչ եղել է, ընտրություններից առաջ կամ ընտրատեղամասերից դուրս է եղել:

– Ես վստահ չեմ, որ ընտրատեղամասում էլ չի եղել, ուղղակի կարող է՝ դա ավելի նուրբ տեխնիկայով է արվել, որ մենք չենք նկատում, բայց մենք ունենք արդյունքը, ունենք նպատակը: Նպատակն  իշխանափոխությունն է, ժողովրդավարությունը ենթադրում է  իշխանափոխություն: Աշխարհում չկա 3 միլիոն մազոխիստ, ովքեր ուզում են՝ ինչքան վատ լինի իրենց կյանքը, այնքան՝ լավ: Հետևաբար՝ մենք գալիս ենք նրան, որ ինչ-որ հնարամտությամբ իշխանությունն առանց հատուկ կոպտությունների՝ պահպանել է իր կարգավիճակը: Չի եղել իշխանափոխություն, նշանակում է՝ կեղծվել է, որովհետև չկա այնպիսի ժողովուրդ, որ ուզում է վատ ապրել, հարազատներից հեռու ապրել, վտանգավոր երկրում ապրել…

– Բայց եթե ժողովուրդը վերցնում է ընտրակաշառքը ու գնում է՝ իշխանության օգտին է քվեարկում…

– Ժողովուրդն իմաստուն է, եթե նա տեսնում է, որ իշխանափոխությունը բացառված է, և իրեն պրիզ են տալիս 5000 դրամ, ինքն ինչո՞ւ հրաժարվի: Այնպես որ, նորմալ է, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը խաբում է, կաշառակեր է, ոչ, խաղի կանոնները պահանջում են, որ փող տաս, որպեսզի տոմս առնես ներկայացմանը մասնակցելու համար:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ՕՐՕ դաշինքն այդքան քիչ ձայն հավաքեց:

– Տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, օրինակ, մեզ վրա կրակեցին, դանակահարեցին, դա ահազանգ էր մեր կողմնակիցներին, որ դա վտանգավոր է, և մեզ էր ազդանշան, որ՝ Ձեզ այդքան չի հասնում, Դուք անցել եք մեր ենթադրած սահմանը:

– Բայց դա պետք է հակառակ էֆեկտն ունենար:

– Կա ինչ-որ բան, որ հակառակ էֆեկտն ունենում է, բայց մենք բոլորս հասկացանք, որ մեզ արգելում են առաջ գնալ, մեր կողմնակիցները, մեր պոտենցիալ ընտրողները հասկացան, որ ավելի կբարդանա և՛ մեր վիճակը, և՛ իրենց վիճակը: Այսինքն՝ սցենարով նախատեսված չէ, որ մենք շատ տոկոս ստանանք: Մենք բոլորս էլ հասկացանք, որ մեր ճանապարհը փակում են, ասում են՝ «բոլոր միջոցներին կդիմենք՝ ձեզ կասեցնելու համար, դուք մեր ցուցակում չկաք, դուք հաղթողների ցուցակում չկաք»:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չկաք այդ ցուցակում:

– Դե, սխալ են արել, իմ կարծիքով՝ կոպիտ սխալ են արել, սցենարիստը կոպիտ սխալ արեց, Սեյրան Օհանյանը շատ լավ հավակնորդ էր, նրան հարկավոր էր տեղ տալ իշխանությունում:

– Տեղյակ չե՞ք՝ ՕՐՕ-ն պատրաստվո՞ւմ է հետընտրական պրոցեսների՝ ցույցեր, հանրահավաքներ…

– Հետընտրական պրոցեսները պարտադիր չի՝ լինեն միտինգներ, անկարգություններ: Հետընտրական պրոցեսը նշանակում է՝ շարունակել պայքարը, նոր ընտրություններ են սպասվում Երևան քաղաքի համար, սպասվում են նոր տնտեսական, ֆինանսական, քաղաքական ճգնաժամեր: Այդ բոլորին մենք պետք է պատրաստ լինենք: Մենք քաղաքացիական պատերազմի պատրաստ չենք, քաղաքացիական խժդժությունները մերժում ենք, մենք չենք գնալու արյունահեղության:

Տեսանյութեր

Լրահոս