ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դժգոհ են ընտրությունների ընթացքից
Ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն այսօրվա ասուլիսին ասաց, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այս անգամ ջանքեր են գործադրվել՝ ընտրական գործընթացի որակը բարձրացնելու ուղղությամբ.
«Սակայն, չնայած կազմակերպչական փոփոխություններին՝ այս ընտրություններում չեն վերացրել վաղուց առկա կասկածներն ընտրությունների արդյունքների ու դրանց օրինականության նկատմամբ։ Միայն նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բավարար չէ՝ ընտրությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Իսկ դա հսկայական նշանակություն ունի ժողովրդավարության համար»։
Նրա խոսքով՝ այս ընտրությունների ընդհանուր միջավայրը գոհացուցիչ չի եղել. «Ճնշումներ են եղել ընտրողների նկատմամբ, փորձել են նրանց համոզել, որ իրենց ընտրությունը հայտնի է դառնալու, որ իրենց համար դա հետևանքներ է ունենալու։ Մենք հուզված ենք, որ վախի մթնոլորտը մեծ է եղել»։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գայիր Յորգեն Բեքեֆոլդն էլ նշեց, որ համաձայն է այն ամենի հետ, ինչ ասաց իր գործընկերը, և ավելացրեց, որ ընտրական գործընթացի վստահության վրա հետք են թողել ընտրակաշառքի բաժանման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին տեղեկությունները.
«Երեկ նկատեցինք նաև լարվածություն տեղամասերի շրջակա տարածքում, ինչպես նաև՝ քվեարկության նոր ընթացակարգերի նկատմամբ շփոթմունք։ Պետք է շարունակվեն ընտրական գործընթացներում բարեփոխումներ իրականացնելու ջանքերը»։