Մեքսիկայում լրագրողի սպանությունից հետո փակել են Norte de Ciudad Juarez թերթը
Norte de Ciudad Juarez մեքսիկական թերթի խմբագրությունը հայտնել է, որ կիրակնօրյա համարը դարձել է վերջինը: Հրատարակության թողարկումը դադարեցնելու որոշման պատճառը դարձել է լրագրողի սպանությունը եւ ընդհանուր առմամբ երկրում տիրող քրեածին իրադրությունը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Ապրիլի 2-ին տպագրվել է թերթի վերջին համարը: Այժմ հրատարակությունն իր թողարկումները կշարունակի ինտերնետտարբերակով: Թերթի լրագրողուհի Միրոսլավ Բրիչին մարտ ամսին գնդակահարել են Չիխուախուա քաղաքում: Բացի նրանից, մարտին սպանվել են եւս երկու լրագրողներ:
Բրիչը նյութեր էր գրում կազմակերպված հանցավորության եւ Չիխուախուա նահանգի պաշտոնյաների միջեւ կապերի մասին: Նրա վրա կրակել են ութ անգամ, երբ նա իր մեքենայի մեջ է գտնվում տան մոտ:
Մեքենայի մեջ Բրիչի կողքին եղել է նրա երեխան, բայց նա չի տուժել: Մարդասպանը հանցագործության վայրում գրություն է թողել.
«Սա չափազանց բարձր խոսելուդ համար է»: Norte de Ciudad Juarezի խմբագիր Օսկար Կանտուն ասել է, որ ոչ ոք անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող տալ լրագրողներին:
«Կյանքում ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, եւ գին, որը հարկավոր է վճարել, բայց եթե այդ գինը մարդու կյանքն է, ես պատրաստ չեմ իմ աշխատակիցների կամ ուրիշ մեկի կյանքով վճարել»,-ասել է Կանտուն:
1992 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել են 35 լրագրողներ, նրանցից շատերը մահվանից առաջ ենթարկվել են խոշտանգումների. սրանք են այն տվյալները, որոնք տրամադրվել են Մեքսիկայի Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից:
Եվս 50 լրագրողներ այդ նույն ժամանակաշրջանում սպանվել են չպարզված հանգամանքներում: