«Ո՞նց կարող է՝ 40-45 համայնքում 0 ձայն ստանայի». Լյովա Խաչատրյանը զարմացած է

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանի համար խորհրդարանական ընտրություններում դաշինքի ստացած 27.37%-ն անսպասելի էր։ 168.am-ի հետ զրույցում Լ. Խաչատրյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչու այդպիսի արդյունք գրանցվեց։

«Համեմատեք մեր բազմամարդ հավաքներն ու մյուսները։ Մեր ինքնաբուխ հավաքները չէին կարող նման արդյունք ապահովել»,- ասաց Լ.Խաչատրյանը։

Ամենազարմանալին թեկնածուի համար ընտրատարածքի մոտ 40-45 համայնքներում իր ստացած 0-ն է եղել. «Նայում եմ, իմ ձայները մոտ 40 համայնքում 0 է։ Դա բացառված է, նման բան չի կարող լինել, որտեղ վստահված անձ ու հանձնաժողովի անդամ չեմ ունեցել։ Նման բան անգամ թեորիապես չի կարող լինել»։

Ըստ նրա՝ դա միանշանակ խոսում է այն մասին, որ կեղծիք է եղել. «Ես վստահաբար գիտեմ, որ չէր կարող նման բան լինել, ես այնտեղ անգամ բարեկամներ ունեմ, գոնե 1, 2, 3 ձայն պետք է ստանայի։ Ո՞նց կարող է 40-45 համայնքում 0 լինել։ Էն էլ էն տեղերում, որտեղ ես պատգամավոր եմ եղել, հանդիպումներ են ունեցել և մարդիկ եմ ունեցել, բայց հաշվարկի ժամանակ ներկայացուցիչ չեմ ունեցել»։

Կարդացեք նաև

Լ.Խաչատրյանի խոսքով՝ այն համայնքներում, որտեղ ինքը ներկայացուցիչ ունեցել է, արդյունքները գոհացուցիչ են։ Նա նշեց, որ տեսախցիկները նորմալ չեն աշխատել, իսկ բողոքարկելը և վերահաշվարկն առանձնապես արդյունավետ չեն լինի, քանի որ քվեաթերթիկներն ազատ լցված են եղել և փոխելը բոլորովին բարդ չէր. «Բա նենց օրենսգիրք է, որ բուխտ ու բառադի լցված էին բյուլետենները՝ ինչքան ասես»։

Լ.Խաչատրյանի խոսքով՝ կուսակցությունը պետք է որոշի՝ բողոքարկե՞լ արդյունքները, թե՞ ոչ, իսկ թեկնածուն իրավունք չունի բողոքարկելու։ Նա նշեց, որ կուսակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել։

Տեսանյութեր

Լրահոս