«Հայաստան-Արևմուտք հարաբերությունների օրակարգը շատ ավելի հագեցած է, քան ներկայացվում է». վրացի դիվանագետ

«Շարունակաբար չմասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանում` Հայաստանը կսկսեր ամբողջությամբ մեկուսանալ տարածաշրջանից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վազիանիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին և Հայաստանի մասնակցությանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում այս տարի անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Զորավարժություններին, ըստ վրացական նախարարության՝ մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը:

Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում, «Գործընկերության մեջ է ուժը» խորագրի ներքո: Վրաստանի պաշտպանության նախարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է՝ ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:

Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ այս զորավարժությունները ՆԱՏՕ-ի ամենակարևոր քաղաքական և ռազմական միջոցառումն են տարվա ընթացքում, որին ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է, փորձում է ընդլայնել դրան մասնակցության աշխարհագրությունը:

Ըստ նրա՝ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանն ունենալով համագործակցության բավականին խորը մակարդակ ՆԱՏՕ-ի հետ՝ չմասնակցեր Վրաստանում կայանալիք այս կարևոր միջոցառմանը, երբ դրան, ըստ էության, ողջ տարածաշրջանն է մասնակցում, իսկ Հայաստանը կարծես մեկուսացել էր այս համագործակցությունից Ռուսաստանի պատճառով:

«Այս տարի, փաստորեն, Հայաստանը որոշակի քայլեր է իրականացնում Արևմուտքին ընդառաջ, քանի որ հասկանում է, որ հեռու չէ աշխարհից մեկուսանալու վտանգն Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների ֆոնին: ՀՀ իշխանությունները հասկանում են, որ պետք է պահպանեն հավասարակշռությունը, թեև ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրի փաստն ու այս զորավարժություններին մասնակցությունը հավասարակշռություն չի ենթադրի, քանի որ այս ձևաչափերը բացարձակ մրցունակ չեն հայ-ռուսական ռազմաքաղաքական ներկայիս հարաբերությունների խորության հետ»,- նման տեսակետ հայտնեց Մենագարիշվիլին:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այս որոշումներով որոշակի ժեստեր է կատարում Արևմուտքին՝ փորձելով հասկացնել, որ ամբողջությամբ ռուսական ուղեծրում չէ, դրանով իսկ փորձելով պահպանել նաև ֆինանսավորումը ԵՄ-ից, քանի որ Ռուսաստանն այլևս չի կարողանում նախկին ծավալներով աջակցել Հայաստանին, ԵՏՄ-ն չի տալիս տնտեսական օգուտներ, իսկ ԵՄ-ի դրամաշնորհները կայուն և իրատեսական են:

«Կարծում եմ, որ Հայաստանի այս որոշումների պատճառը նաև այն է, որ Հայաստանը ռուսական ձևաչափերից չի ստանում անհրաժեշտ աջակցությունն անվտանգության ոլորտում, խոսքը մասնավորապես ՀԱՊԿ-ի մասին է: Սա թույլ է տալիս Երևանին վերականգնել Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի լայն ձևաչափը: Սակայն Ռուսաստանն այս ամենին հնարավորություն չունի արձագանքել բացասականորեն, քանի որ Հայաստանն ու Բրյուսելը բավականին զգույշ են գործում:

Երևանն իր բոլոր քայլերը ներկայումս ներկայացնում է Մոսկվային, Բրյուսելը պնդում է, որ ամեն բան որոշում է Երևանը, բայց իմ համոզմամբ՝ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների օրակարգը շատ ավելի հագեցած է, քան Մոսկվային է հայտնի»,- ասաց վրացի դիվանագետը:

Իր այս տպավորությունը նա բացատրում է այն հանգամանքով, որ ուկրաինական ճգնաժամից կարճ ժամանակ անց կողմերին հաջողվեց մշակել նոր փաստաթուղթ, նախաստորագրել այն արագացված ռեժիմով, դա անելով առանց ցնցումների և ռուսական բացասական արձագանքի, ինչը չէր հաջողվել ԱլԳ ոչ մի երկրի: Սա, նրա համոզմամբ՝ խոսում է ՀՀ-ԵՄ բարձր փոխըմբռնման մասին:

Տեսանյութեր

Լրահոս