«Եթե մտածում են, որ Հայաստանը կարելի է շեյխերի միջոցով դարձնել մի ընդհանուր կազինո…». Գառնիկ Իսագուլյան

Այս քարոզարշավը բավական լուրջ պայքար էր կուսակցությունների միջև, և հստակ երևաց, որ պայքարն ընթանում է 8-ը՝ 1-ի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գագիկ Իսագուլյանը։ «Կար իշխող կուսակցություն՝ այսօր Ազգային ժողովում, և ինչո՞ւ ոչ, նաև կառավարության կազմում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժ, և 25 տարիների բոլոր թերացումները, ողբերգությունները կամ հաջողությունները մի կողմ դրած՝ բոլորը փորձում էին այդ ամենի մեջ մեղադրել իշխող քաղաքական ուժին, իսկ այն ուժերի հիմնական թիրախը, որոնք ժամանակին բավական երկար կոալիցիայի մեջ են եղել կամ մինչև հիմա էլ կոալիցիայի անդամ են, միևնույն է՝ Հանրապետական կուսակցությունն էր»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ, ի տարբերություն դրան՝ Հանրապետական կուսակցությունը որդեգրել էր միանգամայն այլ ոճ:

Ըստ նրա՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում Հանրապետականը հակաքարոզչություն չի արել որևէ կուսակցության դեմ, երբ միանգամայն ուներ դրա հնարավորությունը։

«Այո՛, կարելի է ասել, որ կային քաղաքական ուժեր, դաշինքներ, որոնք մինչ այսօր իշխանական լծակներում որևէ մեկին չեն ունեցել կամ չէին զբաղեցրել բարձրաստիճան պաշտոններ, և նրանց դեպքում անիմաստ էր, բայց կային կուսակցություններ և դաշինքներ, որոնք, ըստ էության, միշտ էլ իշխանության հետ են եղել, նույնիսկ, երբ իրենց այլընտրանք են հայտարարել կամ ընդդիմություն, միևնույն է՝ իշխանության  մեջ բավական լուրջ դերակատարում են ունեցել։ Եվ նույնիսկ այդ ուժերի նկատմամբ Հանրապետական կուսակցությունը զարմանալիորեն ոչ հակաքարոզչության ձևն էր որդեգրել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա՝ շատ անհասկանալի վիճակում հայտնվեց ՀՅԴ-ն, քանի որ իր խնդիրը դարձրեց՝ հակադարձել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախին վերաբերող թեզին, իսկ մյուս հարցերի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը դուրս մնաց հանրության ուշադրությունից, ինչը վնասեց կուսակցությանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ օգտագործվել է ամենակոշտ բառապաշարն իշխանության հասցեին.

«Կարծեք՝ երբևէ իշխանության մաս չեն կազմել, կարծեք՝ մյուս բոլոր մեղքերում իրենք չունեն մեղքի իրենց բաժինը»։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը հատկապես 1998թ. իշխանափոխությունից հետո ամենամեծ օգուտներն է ստացել իշխանությունից։

«Հանրապետականը, չգիտեք ինչո՞ւ, չէր օգտագործում այս մեխանիզմը՝ մարդկանց բացատրելու, որ մարդը, ով այսօր ամենաշատը քննադատում է իշխանություններին, այդ իշխանություններից ամենաշատն է օգտվել։ Կամ, երբ  իշխանությունները ներդրումների հետ կապված հստակ ծրագիր ներկայացրին, մարդիկ եկան, ձևավորվեց ակումբ, հանկարծ հայտարարում են 15 մլրդ ներդրումների մասին։ Լավ, ո՞վ, որտեղի՞ց։ Եթե մտածում են, որ Հայաստանը կարելի է շեյխերի միջոցով դարձնել մի ընդհանուր կազինո…

Հարկավոր էր հակադարձել սրան, որովհետև պարզ երևում է, որ դա պարզապես արվել է, իբրև թե, ի հակակշիռ այն տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման, որոնց այսօր գնում է Հանրապետական կուսակցությունը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ մեկնաբանության կարիք չունի այն հայտարարությունը, որ ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում վարչապետի թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը։

Միևնույն ժամանակ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Ծառուկյանին դիտարկել է որպես միջոց՝ փոխելու Ազգային ժողովի որակը կամ կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ բերելու համար։ «Բայց երբեք՝ ոչ որպես գործոն։ Բայց, ցավոք սրտի, այդ մարդը չկարողացավ հասկանալ, որ միջոցի և գործոնի միջև բավականին լուրջ տարբերություն կա»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` նշելով, որ կա անձի պաշտամունք:

«Ասում են՝ ծրագրի 15 կետերն ինքն է գրել։ Լավ, չի կարելի, ավելի մեծ զավեշտ, քան դա է… Կարելի էր ասել՝ մասնակցություն ունի, ընտրել է լավագույն տնտեսագետներին, բայց երբ սա ասում է տնտեսագիտության դոկտորը կամ Իշխան Զաքարյանը… դե լավ, հասարակությունը տեսնում է՝ մարդը քանի նախադասություն է կարողանում ասել իրար հետևից։ Հավատացեք, ես այդ մարդուն շատ հարգում եմ, բայց կարևոր էր, որ այդ մարդը կարողանար հասկանալ իր առաքելությունը»։

Նա նշեց, որ շատերը գիտակցում են, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել Հայաստանը, եթե գնանք զուտ պոպուլիստական հայտարարությունների ետևից, որ մինչև հիմա արվել են։

Նա նշեց՝ Հանրապետական կուսակցությունը, միանշանակ, մեծամասնություն կստանա, որին կհաջորդեն «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը». ՀՅԴ-ն։ Ամենաազնիվ ընտրարշավը, ըստ նրա՝ ՀՀԿ-ն է անցկացրել, ամենաճիշտը՝ «Ելք» դաշինքը։

«Կան կուսակցություններ և դաշինքներ, ցավոք սրտի, որոնց համար այս նախընտրական և ընտրական բուն շրջանները երկրորդական պլանում էին։ Նրանք անհամբեր սպասում են ապրիլի 2-ից հետո հետընտրական որոշակի զարգացումների։ Ես այստեղ կուզենային հատկապես շեշտադրել մեր իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, որոնց օպերատիվ աշխատանքի շնորհիվ մենք, համենայն դեպս, ինչ-որ առումով կանխարգելել ենք սա, բայց ես կարծում եմ, որ այդ մարմինները հիմա չպետք է թուլացնեն իրենց աշխատանքը, հատկապես՝ ապրիլի 2-ին և դրանից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ հասարակությունը կողմնակից է, որ Հայաստանում հետընտրական անօրինական գործողություններ թույլ չտրվեն, և իրավապահներին կոչ անելով՝ կասկածների դեպքում կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել։

Տեսանյութեր

Լրահոս