Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփեց քարոզարշավը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփիչ միջոցառմամբ եզրափակեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մարտի 30­-ին տեղի ունեցավ ընտրություններին ընդառաջ կուսակցության քարոզարշավն ամփոփող միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Մանուկյանը, ով անդրադարձավ հայ­ռուսական հարաբերություններին: Նրա խոսքով՝ 102-­րդ ռուսական ռազմակայանը ու սահմանապահները դեռ խիստ անհրաժեշտություն են մեր երկրի համար։ «Խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հարցրեք բնակչությանը, արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ 102­-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերվի երկրից»,­- ասաց նա՝ հավելելով, որ հայ­ռուսական հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար և պետք է դրանք ավելի խորացնել:

Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մարիամ Շահինյանն էլ ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում երիտասարդների շրջանում կուսակցության համակիրների աճ է նկատել: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է վստահի Հայաստանի Կոմկուսին՝ վստահ լինելով, որ այդ դեպքում ժողովուրդն ապրելու է սոցիալապես ապահովված երկրում:

Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում արդյունաբերական քաղաքականության դրույթներն արժանացել են ժողովրդի հավանությանը: Նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը: «Պետությունը պետք է բոլոր հնարավոր միջոցներով նպաստի տնտեսության զարգացմանը»,-­ նշեց Վազգեն Սաֆարյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանն էլ նշեց՝ եթե Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մտնի խորհրդարան, ՀՀ­ում 16­-17 մլրդ դոլար ներդրումների ներգրավման հնարավորություն կստեղծի։ Նրա խոսքով՝ ի դեմս Կոմկուսի՝ հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն տեղի կունենա։

«Մենք ծրագիր ունենք, որտեղ ներառված են բոլոր ոլորտները։ Այս նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Կոմկուսի շնորհիվ Հայաստանում ակտիվորեն ապրում է կոմունիստական գաղափարախոսությունը։ Քաղաքական դաշտում մենք չենք տեսնում ոչ մի ուժի, որը գոնե ինչ­որ մի աստիճան հնարավոր լիներ դնել Կոմկուսի գաղափարախոսության կողքին», – եզրափակեց Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս