«Տեր-Պետրոսյանի միջոցով պաշտոնական Երևանը շախմատ է խաղում»

Հարցազրույց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

Պարոն Տարասով, բավականին հետաքրքրական պատկեր է երևակվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։ Այն ժամանակ, երբ փորձագիտական և լրագրողական հանրության մի մասը գտնում էր, որ բանակցային գործընթացը փակուղում է, օրակարգում միայն նախորդ տարվա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մի շարք փակագծեր է բացում՝ նշելով, որ կա պլան, պարզապես անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները, նա նույնիսկ չի բացառում, որ դա «Լավրովի պլանը» չէ, այլ կա պլան, որը վայելում է բոլոր միջնորդների աջակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նոր դետալները բանակցային գործընթացի շուրջ։

– Դրական է, որ Հոգլանդը վերացրեց «Լավրովի պլանի» շուրջ առկա սպեկուլյացիաները։ Ըստ էության, նման անվանումով պլան գոյություն չի ունեցել, «Լավրովի պլան» կոչվածի վրա ուշադրություն էին հրավիրում Ադրբեջանի քաղաքական գործիչները, հետագայում այդ խայծը կուլ տվեցին որոշ հայ գործիչներ, որպեսզի պնդեն, թե Ռուսաստանն ունի իր սեպարատ դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ում, որ այնտեղ կան որոշակի տարաձայնություններ, և այլն, և այլն։ Հատկապես դա ակտուալ դարձավ ապրիլյան պատերազմից հետո, երբ ստորագրվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ադրբեջանական կողմը չստորագրեց, և այդ հիմքի վրա օգոստոս ամսին Ռուսաստանում նախատեսվող նախագահական գագաթաժողովը չկայացավ։

Բնականաբար, դրանից հետո և այդ ընթացքում ընթանում էր փակ բանակցային գործընթաց, Ադրբեջանը փորձում էր պարտադրել փոխել բանակցային օրակարգը, այսինքն՝ ցանկանում էր ոչ թե ժամանակավոր, այլ խաղաղության բանակցություններ։ Իսկ Հոգլանդը նշեց նաև, որ փաստաթուղթը բաղկացած է երեք մասից, ու իմ ենթադրություններով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն այս կոնտեքստում են։ Պետք է ենթադրել նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հավաքագրել է հայկական և ադրբեջանական կողմերի առաջարկները, կազմել է միասնական պրոյեկտ, և ներկայումս ընթանում է դիրքորոշումների հստակեցում, որի հիման վրա կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Բայց Հոգլանդը նաև ընդգծեց, որ դա այսօրվա հարց չէ, դա մոտ ապագայի հարց է, հնարավոր է, որ այդ պլանի շուրջ դիսկուրսը երկարաձգվի։ Սա բնական է, այդպիսի փաստաթղթեր եղել են, պարզ է, որ ժամանակ է անհրաժեշտ սա ևս քննարկելու, դիրքորոշումները հստակեցնելու և գուցե մերձեցնելու համար։

– Ապրիլյան պատերազմից հետո բավականին զգացմունքային դիսկուրս են բարձրացնում Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները տարածքների վերադարձի մասին։ Հիշեցնեմ, որ նրա ղեկավարած ուժը՝ Կոնգրեսը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն իր ծրագրում առաջնահերթություն է համարում՝ նշելով նաև կարգավորման ուղիները։

– Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց։ Սա բացարձակապես նոր դիրքորոշում է, որը կուլիսներում մշակվել է։

Զուգահեռաբար շեղվելով՝ նշեմ, որ ֆրանսիացիները հանդես եկան նախաձեռնությամբ՝ անցկացնել նախագահական հանդիպում, մինչդեռ Մոսկվան տարածություն է փորձում պահպանել, թեև Մոսկվայում նախապատրաստվում է նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, բայց եթե ֆրանսիացիները ծածկոցն իրենց կողմը քաշեն, ապա դա տեղի կունենա ֆրանսիացիների հովանու ներքո, այսինքն՝ նրանք կստանձնեն կազմակերպչական բոլոր հարցերը։ Տերպետրոսյանական և Մինսկի խմբի այս պրոյեկտները երկարաժամկետ են։ Ինչո՞ւ հենց հիմա։

Տեր-Պետրոսյանն աշխատում է նախընտրական քարոզարշավի պայմաններում, ամեն ինչ հասկանալի է, բայց Հոգլանդն աշխատում է, որպեսզի չեզոքացնի հակամարտության կարգավորման ուժային տարբերակը, որը Բաքվի որոշակի շրջանակներ փորձում են առաջ մղել, որպեսզի կրկնվի ապրիլյան պատերազմը։ Բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ալիևը հրաժարվում է այդ ուժային տարբերակից՝ համաձայնելով բանակցային գործընթացին, թե երբ այն կսկսվի՝ հայտնի չէ։

– Ըստ Ձեզ՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան նոր քաղաքականության նպատակը ո՞րն է, թեև այս հայտարարություններում, ըստ էության, նորություններ չկան։

– Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը։ Այնինչ մեզ հայտնի է Ղարաբաղի պաշտոնական տեսակետը, որը հանրաքվե անցկացրեց, իր անվանումը փոխեց, այնտեղ ամրապնդվեց նախագահական իշխանությունը։ Հետաքրքիր է, թե ինչպես այս ամենին կարձագանքի Ղարաբաղը։ Եթե Ադրբեջանը բանակցություն է վարում միայն Երևանի հետ, ապա սա ձեռք է բերում միջազգային հակամարտության կարգավիճակ։ Հարցը հետևյալն է՝ Ղարաբաղը՝ Հայաստանի կազմո՞ւմ, թե՞ անկախ, սա էական հարց է։

– Տեր-Պետրոսյանը «միացումը» նկատի չունի, նա նշել էր, որ լուծումը բալանսավորված է՝ փաթեթային էր, փուլային, հետո՝ ընդհանուր պետության, ու ըստ նրա՝ նա մեջբերում է փաստաթղթերը, կարգավիճակը պետք է հստակեցվի հանրաքվեի միջոցով։

– Ներկայումս ինձ նման փաստաթուղթ հայտնի չէ։ Ինձ հայտնի են Մադրիդյան սկզբունքները, ժամանակավոր կարգավիճակ, հանրաքվե, որից հետո կարգավիճակը որոշակիանում է։ Այն դիրքորոշումներում, որոնք ներկայումս հնչեցվում են, ես Արցախի մասնակցության, Արցախի կարգավիճակի գիծը չեմ տեսնում, ինչը չափազանց կարևոր է։ Առաջընթաց այս ամենի ուղղությամբ անհնար է՝ առանց Ստեփանակերտի մասնակցության։

– Տպավորություն չունե՞ք, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ առաջին նախագահը, տեսնելով հողեր չվերադարձնելու շուրջ հասարակական աղմուկը, փորձում է նախապատրաստել հասարակությանը նման որոշման՝ շեշտը դնելով հենց հողերի հանձնման թեմայի վրա, ինչն էլ հենց դիսկուրսի առարկա է։

– Իհա՛րկե կա նման տպավորություն, ինչպեսև այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը խոսում էր, որ պատրաստ է ինքնավարություն տրամադրել Ղարաբաղին։ Այսինքն՝ նա սկսում է ժողովրդին համոզել, որ ինքնավարությունն անխուսափելի է։ Հասկանալի է, որ նույնն է փորձում անել նաև Տեր-Պետրոսյանը, բայց նա ոչինչ չասաց ԼՂ կարգավիճակի մասին։ Ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանությունները շախմատ են խաղում, բայց նրանց խաղն առաջին կարգի է, այնինչ գրոսմայստերական խաղ պետք է տանել։

– ՀՀ առաջին նախագահը նաև խոսում է Դեյթոնի հնարավորության մասին։ «Եթե մի օր մենք դա չանենք ինքնակամ, ապա մեզնից տարածքները կվերցնեն պատժամիջոցներով»,- պնդում է Տեր-Պետրոսյանը։ Հնարավո՞ր է Դեյթոն։

– Ո՞վ կվերցնի տարածքները, նա չի՞ տեսնում՝ Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում, չէ՞ որ նա Մերձավոր Արևելքի մասնագետ է։ Անդրկովկասը ողջ մեծ Մերձավոր Արևելքի տրենդի մի մասն է։ Հարցերը պետք է լուծվեն երեք մակարդակով, պետք է երեք երկրները լուծեն, գուցե Ստեփանակերտն ու Բաքուն։ Ինչի՞ դիմաց են տրվում տարածքները, այս մասին հստակ պետք է խոսել, քանի որ, կներեք, բայց այնտեղ արյուն է թափվել։ Ի՞նչ եք ստանում տարածքներ տալով, ինչ-որ հատուկ կարգավիճակ Ստեփանակերտի համա՞ր, հասկանալի է, բայց ինչպիսի՞, համաձա՞յն է արդյոք Ադրբեջանը։

Այսինքն՝ նրանք ասում են «ա»-ն, չեն ասում «բ»-ն, ուստի տձև տպավորություն է ստեղծվում, թե կա հանրային դիվանագիտություն, հանրային հայտարարություններ, և կա երկակի, եռակի խորություն, որտեղ անընդհատ անակնկալներ են մատուցվում, ինչպես Հոգլանդը, երբ բոլորն ասում են, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն, իսկ նա նշում է, որ կա փաստաթուղթ, բայց որևէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել։ Այսպիսի եռակի «հաշվապահություն», որը կրում է հանցավոր բնույթ։ Չէ՞ որ նրանք կոնյակ չեն վաճառում, այլ որոշում են ժողովուրդների ճակատագրեր, նեղ շրջանակում լուծում են երկու ժողովուրդների ճակատագիր այն դեպքում, երբ այդ ողջ գործընթացին պետք է հանրայնություն հաղորդել, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ է իրենց սպասվում։

Տեսանյութեր

Լրահոս