«Նախընտրական սկանդալ. Կրիմինա՞լ, թե՞ էթիկայի խախտում»

«Նախընտրական սկանդալ. Կրիմինա՞լ, թե՞ էթիկայի խախտում»

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկվում էր նախընտրական քարոզարշավին մասնակից դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնակցության հարցը, որոնք, ըստ հրապարակված ձայնագրությունների,  զբաղվում են իշխող Հանրապետական կուսակցության համար ընտրական ցուցակների հավաքագրմամբ («Պրեսսինգի» քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը)։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  ձայնագրություններ հրապարակեց, որոնց համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին ստիպում է զբաղվել ընտրական ցուցակների հավաքագրմամբ: ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքեց հրապարակված նյութերին՝ նշելով, որ Ընտրական  օրենսգիրքը չի արգելում ՀՀ  քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:

«Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում: Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունն իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի: Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»,- ասված էր հայտարարության մեջ:

ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր.

«Իշխող կուսակցության համար ընտրողների ցուցակագրած 114 տնօրենների հետ զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո քրեական գործ հարուցված չէ, թեև դրանցից մեկում նկատելի են քրեական հանցագործության հատկանիշներ, մյուս 113 ձայնագրությունների պարագայում կան վարչական իրավախախտման տարրեր»։

Հիշեցնենք նաև, որ այդ ձայնագրությունների տարածումից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով հաշվի առնել այդ ձայնագրությունները և իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։

Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Քննարկման մասնակիցներն էին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հանրային քաղաքականության ինստիտուտի» տնօրեն, կրթության փորձագետ  Արևիկ Անափիոսյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։

Սաթիկ Սեյրանյան.- Հավելենք, որ  նաև «Ելք» դաշինքն է արձագանքել՝ հայտարարելով, որ նույն պահանջով կդիմեն ԿԸՀ։ Իհարկե, այլ ուժերի ներկայացուցիչների կողմից ևս եղել են կոչեր, դատապարտող որոշ հայտարարություններ. օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը կոչ էր անում ծնողներին՝ իրենց երեխաներին հեռացնել այդ դպրոցներից, և այլն: Նախ՝ կցանկանայի Դ. Իոաննիսյանը, ով հրապարակել էր այդ ձայնագրությունները, մեզ որոշակի տեղեկություններ հաղորդեր՝ ինչ իրավիճակում է հարցը, և քննարկման ընթացքում փորձենք խոսել գլոբալ երևույթի մասին՝ հասկանալու համար, թե որոնք են այդ երևույթի բուն պատճառները, և կատարվածն ինչպիսի ազդեցություն կունենա հանրակրթական համակարգի վրա: Երևույթը նոր չէ, անկախացումից հետո, 25 տարի է՝ այս երևույթի կրողն ենք։ Ի՞նչ անել, որպեսզի ազատվենք այս երևույթից։ Պարոն Իոաննիսյան, խոստացել էիք հրապարակել նաև այն չինովնիկների ցանկը, ում կարգադրությամբ այդ տնօրենները ծավալում են նման գործունեություն:

Դանիել Իոաննիսյան.- Երբ ես ասում եմ՝ չինովնիկների ցանկ, նկատի ունեմ այս ձայնագրությունների մեջ հնչած այն անունների ցանկը, ում մասին խոսել են տնօրենները, և ում, ըստ տնօրենների՝ իրենք փոխանցել են ցուցակները։ Հիմնականում խոսքը թաղապետարանների կամ վարչական շրջանների ադմինիստրացիաների կրթության բաժինների, մարզպետարանների կրթության վարչությունների, մարզերում՝ քաղաքապետարանների, մի դեպքում՝ գյուղապետարանի մասին է։ Այսինքն՝ տնօրենների 70%-ը, իրենց իսկ խոսքով՝ ցուցակները փոխանցում են հենց վարչական մարմիններին։ Սրանով մենք փորձում ենք հիմնականում ցույց տալ, որ բուրգ է գործում։ Մեր այս հրապարակումը 114 վատ տնօրենների պատմություն չէ, սա պատմություն է վարչական ռեսուրսի բուրգի մասին, և, եթե փորձենք այդ բուրգը բաժանել երեք պայմանական մակարդակների, ապա ստորին մակարդակն անմիջապես իրագործողներն են՝ տնօրենները, որոնք անմիջապես և միջնորդավորված հավաքում են այդ ցուցակները։

Միջին օղակը, պայմանական անվանենք՝ տարածքային օղակներ՝ թաղապետարաններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, որոնք արդեն ամեն մեկը մի քանի կամ գուցե մի քանի տասնյակ տնօրենից հավաքում է ցուցակները։ Առաջին երկու օղակների առկայությունը հստակ ձայնագրություններից երևում է. տնօրեններն ընդունում են և տալիս երկրորդ օղակի անունը։ Երրորդ օղակը, որը տրամաբանական է ու բուրգի գագաթն է, ձայնագրություններից չի երևում։ Գիտեք՝ տրամաբանական է, որ, եթե Երևանում և մյուս բոլոր մարզերում նույն մեխանիզմներն են գործում, ապա այդ բուրգն ունի գագաթ, որի առկայությունն ինչ-որ տեղ ապացուցում է նաև Դատախազության արձագանքը։ Դատախազությունը փորձեց բոլոր այս ձայնագրություններին մոտենալ առանձին-առանձին, բայց սրանք պետք է ուսումնասիրել՝ որպես մեկ ամբողջականություն։

Դատախազությունը չի փորձել սա որպես ամբողջականություն ուսումնասիրել և պարզել, թե ինչու են այդ տնօրենները նման բան անում։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ խոսքը ոչ թե հանրապետությունում 114 տնօրենների մասին է, որովհետև հանրապետությունում տնօրենները մի քանի հազարն են, խոսքը մեր կողմից զանգված տնօրենների 80%-ի մասին է։ Այսինքն՝ մենք ընդամենը 136 տնօրենի ենք զանգահարել, ու դրանք պատահական էին ընտրված, և Դատախազությունը պետք է նաև այս փաստն ուշադրության առարկա դարձնի։ Մենք պնդում ենք և ունենք ապացույցներ, որ զանգահարել ենք պատահական ընտրված 136 տնօրենների, մենք չենք փորձել նրանց զանգահարելուց առաջ պարզել այդ տնօրենների քաղաքական կողմնորոշումը։ Մեր հիմնական ընտրանքը տարածքային էր. ինչ-որ մի տարածքից մի քանի հոգի լինում էր, անցնում էինք մյուսին։

Սաթիկ Սեյրանյան.- Պարոն Իոաննիսյան, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն ասում է, որ ձեր կազմակերպությունը, որը պետք է անաչառություն ցուցաբերեր և հավասար սկզբունքներով դիտարկեր բոլոր քաղաքական ուժերին, քանի որ ընտրողների ցուցակ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Ըստ նրա՝ ակնհայտ ու միակողմանի ուղղորդված հակաքարոզչություն եք իրականացրել ՀՀԿ-ի նկատմամբ:  Առանձնացրել եք միայն ՀՀԿ-ական տնօրեններին։ «Ծառուկյան» դաշինքում և այլ քաղաքական ուժերում ևս կան դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ:

Դանիել Իոաննիսյան.- Կրկնում եմ՝ սա պատմություն չէ տնօրենների մասին։ Ես չեմ բացառում, որ այս տնօրենների մեջ կան մարդիկ, որոնք ստիպված, զզվելով են այս գործն անում։ Սա պատմություն է վարչական ռեսուրսի չարաշահման մի մեծ համակարգի մասին։ Եվ վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում կարող է անել միայն այն կուսակցությունը, որն ունի մեծ ծավալների վարչական ռեսուրս։ «Ելքի» վարչական ռեսուրսը, օրինակ,  Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետարանն է։

Սաթիկ Սեյրանյան.- Ես դրա համար «Ելքի» օրինակը չեմ բերում։ Կոալիցիայի մեջ ժամանակին եղել է նաև ԲՀԿ-ն, և որոշ մարզերի կտրվածքով իրենք, այնուամենայնիվ, ունեն լծակներ։ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ է, և իրենք էլ ունեն դաշնակցական տնօրեններ…

Դանիել Իոաննիսյան.- Միակ մեղադրանքը, որ կընդունեմ՝ Դաշնակցության վերաբերյալ է։ Դաշնակցությունը, այնուամենայնիվ, ունի վարչական ռեսուրս, նախարարներ, մարզպետներ և այլն, բայց շատ ավելի քիչ, քան ՀՀԿ-ն։ Եղել են մարզեր, որ ունեցել են դաշնակցական մարզպետ ու նախարար, իսկ մեր զանգահարած և պատահական ընտրված տնօրենները ՀՀԿ-ի համար են աշխատում։ Սա նշանակում է, որ Դաշնակցության վարչական ռեսուրսը թեև կա, բայց համարյա չարաշահելու տեղ չունեն, ֆիկտիվ է։ Բոլորը գիտեին, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը. ողջամիտ տրամաբանությունն ասում է, որ այլ կուսակցություններ չեն էլ կարող չարաշահել, որովհետև չունեն վարչական ռեսուրս (ինչ-որ փոքր մասով բացառություն է Դաշնակցությունը), և ակնհայտ է, որ վարչական ռեսուրսի չարաշահում փնտրելիս՝ մենք պետք է փնտրեինք հենց ՀՀԿ-ի կողմից չարաշահումը։

Սաթիկ Սեյրանյան.- ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը հարցազրույցներից մեկում հիշատակում է Քրեական օրենսգիրքը, որի հոդված 146-ն արգելում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը: Գ. Իսագուլյանը նաև ակնարկում է, որ այս ձայնագրությունների հրապարակումից «պատվերի հոտ» է գալիս։ Մանավանդ, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը վերոնշյալ կոչով հանդես եկավ։

Դանիել Իոաննիսյան.- Ես չգիտեմ, թե ով է ինձ պատվեր տվողը՝ Նաիրա Զոհրաբյա՞նն է, «Ե՞լքն» է, թե՞ ՕՐՕ-ն է, թե՞ ԵՄ-ն է։ Իսկ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է այլ անձի կողմից գաղտնալսմանը։ Սա անելուց առաջ մենք, իհարկե, խորհրդակցել ենք մեր իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ ամբողջությամբ մաքուր ենք։ Այստեղ մի քիչ լրագրողական էթիկայի հարցն է, որովհետև զանգահարողները մեր կազմակերպության Sut.am կայքի լրագրողներն էին. որքանո՞վ է էթիկայի կանոններից բխում, որ լրագրողը զանգահարի, չզգուշացնի, որ ձայնագրում է, և մի բան էլ՝ ներկայանա այլ անձի անունից… Այո, սա չգրված կանոնների խախտում է, մենք դա չենք հերքում, բայց միմիայն՝ չգրված կանոնների։ Ընդ որում՝ անգամ այդ չգրված կանոնների խախտմանը մենք գնացել ենք՝ ելնելով այն հանրային գերակա շահից, որ բացահայտենք այս պատմությունները։ Ակնհայտ է, որ, եթե մենք այլ կերպ վարվեինք, եթե զանգեինք՝ ասեինք՝ մենք Sut.am կայքից ենք, կստանայինք ամբողջությամբ այլ պատասխաններ, և չէինք ունենա այն հրապարակումը, որն ունեցանք, հանրությունն էլ չէր իմանա այն, ինչ իմացավ։

Սաթիկ Սեյրանյան.- Ո՞րը պետք է լինի իրավապահ մարմինների արձագանքը, որպեսզի Դուք համարեք, որ իսկապես արդարացի որոշում է կայացվել և խնդրին ճիշտ լուծում է տրվել։ Քաղաքական ուժերը պահանջում են՝ անվավեր ճանաչել ՀՀԿ գրանցումը։ Թե՞ տնօրենները պետք է աշխատանքից հեռացվեն։

Դանիել Իոաննիսյան.- Ինձ իսկապես շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի այս 114 տնօրենների հետ։ Եթե մենք զանգահարեինք ոչ թե 136 տնօրենների, այլ, ենթադրենք՝ 1360, ապա այդ 1360-ից առնվազն 1100-ը կտային նույն պատասխանները, ինչ տվել են այս 114-ը։ Այս տնօրեններն ընդամենը այն 114-ն են, որոնց «բախտը չի բերել» և «բռնվել» են։ Տնօրեններին նկատողություն կանե՞ն, թե՞ կհեռացնեն, ինձ քիչ է հետաքրքրում, սա, թերևս, կրթության ոլորտի մասնագետները կասեն, թե որքանո՞վ է առհասարակ ընդունելի նման կերպարների առկայությունը։ Բայց սա վերաբերում է ոչ միայն իրավապահներին, այլև դատարաններին և ԿՀԸ-ին, ու պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ հստակ։ Նախ՝ ԿԸՀ-ն պետք է օբյեկտիվորեն գնահատի, թե որքանո՞վ սա կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, և իմ կարծիքով՝ դիմի դատարան՝ ՀՀԿ-ին ընտրապայքարից հեռացնելու խնդրանքով։ Ինչ վերաբերում է իրավապահներին, ապա նրանք պետք է այս ամբողջն ուսումնասիրեն՝ մեկ ամբողջականության մեջ, ոչ թե առանձին-առանձին։ Իրավապահների նորմալ արձագանք մենք չտեսանք։ Այստեղ կար ձայնագրություն, որտեղ մանկապարտեզի տնօրենը պատմում է, որ իր մանկապարտեզում ռեյտինգային թեկնածուի շտաբ է գործում։ Կա տնօրեն, որ պատմում է՝ ամուսնու հետ միասին 1700 մարդու վախեցրել են, և մինչև հիմա իրավապահները չեն արձագանքել այդ դեպքերին։ Նրանք ընդամենը լսում են ձայնագրությունները, բայց եղբայր, դուք ձայնագրություն լսող չեք, դուք քրեական հետախուզության բազմաթիվ գործիքներ ունեք, գործի դրեք դրանք։

Սաթիկ Սեյրանյան.- Պարոն Գրիգորյան, Դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է արվի այդ տնօրենների հետ։

Արմեն Գրիգորյան.- Իրականում, ինչպես Դանիելը նշեց՝ սա համակարգային խնդիր է, ու համակարգը պետք է բարեփոխվի, որպեսզի մենք այլևս նման խնդրի առաջ չկանգնենք։ Ընդհանրապես, Հայաստանում, որոշակի չափով լինելով ավտորիտար ռեժիմ, իշխանության ուզուրպացիա կա, որը տարածվում է բոլոր ոլորտների վրա՝ հասնելով նաև հանրակրթության ոլորտին։ Սա լուրջ ֆունդամենտալ խնդիր է: ՀՀԿ-ն ավելի շատ պաշտպանողական ռեակցիա է տալիս, և հասկանալի է, որ հայտնվել է մի իրավիճակում, որ… նախկինում, մեզ՝ որպես դիտորդություն իրականացնող կազմակերպություն, միշտ ասում էին՝ ինչո՞ւ մեզ հետ փաստերով չեք խոսում։ Փաստերով խոսելու համար սահմանադրական փոփոխությունների ժամանակ մենք փորձեցինք ունենալ 1000 դիտորդ, ներկայացրեցինք բազմաթիվ փաստեր, քրեական գործեր հարուցվեցին, բայց մեծ մասն ազատվեց՝ 450 կամ 600 հազար դրամ տուգանք վճարելով։

Այսինքն՝ երբ փաստեր էլ են ներկայացվում, համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում։ Դատական իշխանությունը, կախված լինելով գործադիրից, ու ՀՀԿ-ի՝ ուզուրպացնելու մասը, թույլ չի տալիս, որպեսզի այդ փոփոխությունները կատարվեն։ Եթե, օրինակ՝ այդ տնօրեններին պատժեն, մի տեսակ անարդար կլինի մնացածի հանդեպ, որովհետև այնտեղ հաստատ մի 500-600 հոգի էլ կան, և կասեն՝ ինչո՞ւ նրանց չեն պատժում։ Ընդհանուր համակարգային լուրջ խնդիր ունենք։ ՀՀԿ-ն ամեն անգամ փորձում է խոսել բարեփոխումների մասին, բայց լուրջ խնդիր է բարձրացվել, ու չի կարելի աչքաթող անել։

Մի կարևոր խնդիր կա. եթե անընդհատ խոսվում է բարեփոխումների ցանկության մասին՝ մենք ուժեղ թիմ ունենք, մեր թիմը լավագույնն է, մենք սկսում ենք բարեփոխումներ… նաև այս ինֆորմացիայի կարևորությունն այն է, որ բոլորը գիտեին սրա մասին, բայց փաստեր չկային։ Այ, երբ որ փաստերը ներկայացվեցին, ու հանրությանը փաստերով ապացուցվեց, որ այս խնդիրը կա, ու այն ազդեցություն ունի ընտրական պրոցեսների վրա, ստեղծվեց մի տեսակ կազուսային իրավիճակ. մի կողմից՝ փաստերը ներկայացված են, մյուս կողմից՝ ՀՀԿ-ն չի ուզում որևէ քայլ կատարել ու թույլ չի տալիս։

Նույնիսկ Դատախազության՝ Ձեր ընթերցած արձագանքը վստահություն չի ներշնչում, որ Դատախազությունն ուզում է որևէ բան կատարել։ Ասում է, որ մի գործում կան քրեական տարրեր, բայց կարծես թե ասում է, որ դա իրենց գործը չէ, ուրիշներից ինչ-որ բան պահանջեք։ Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, ու դրանք չլուծելով՝ մտնում ենք ևս մի ճգնաժամ։ Հանրության վստահության նկատմամբ ևս մեկ ոտնձգություն է կատարվում։ Եթե ՀՀԿ-ն ցանկություն ունի որևէ բարեփոխում կատարել, ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անընդհատ խոսում է դրա մասին, ապա այս հարցին համակարգային լուծում պետք է տրվի։ Բազմիցս առաջարկվել է՝ կրթական համակարգն ապաքաղաքականացնել ու դուրս թողնել ընտրական պրոցեսներից, ուսուցիչներին, տնօրեններին դուրս բերել ընտրական հանձնաժողովներից…

Աշոտ Բլեյան.- Ապաքրեականացնել, որովհետև քաղաքական համակարգում չեն հանրակրթական դպրոցները, փակ համակարգում են։ Նրանք բաց համակարգ դուրս գալու և հանրային շահի գիտակցությունով գործելու պահանջ ունեն։ Ես կտրականապես համաձայն չեմ ձեր ասածի հետ։

Դանիել Իոաննիսյան.- Ես, իմիջիայլոց, ասեմ, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Թևան Պողոսյանը երկու անգամ նման օրենսդրական առաջարկություն է ունեցել, ու երկուսն էլ մերժվել են կառավարության կողմից։

Աշոտ Բլեյան.- Դա խտրություն է։

Արմեն Գրիգորյան.- Դա խտրություն չէ, եթե հանձնաժողովի անդամ չեն լինում…

Աշոտ Բլեյան.- Տեղամասերն էլ հանեք դպրոցներից, թող դպրոցներում չքվեարկեն։ Թող ծնողներն էլ չքվեարկեն, որովհետև ընտանիք ունեն։

Արմեն Գրիգորյան.- Քվեարկությունն ուրիշ խնդիր է։ Եթե մենք ուսուցիչներին կամ տնօրեններին ներգրավում ենք ընտրական հանձնաժողովներում, տեսնում ենք, որ ընտրական հանձնաժողովի ուսուցիչ անդամներն են կատարում այդ ընտրակեղծարարությունները։

Աշոտ Բլեյան.- Դուք չեք ներգրավում, ուսուցիչն ուզում է մասնակցել դրանց։

Արմեն Գրիգորյան.- Ուզելով չի ներգրավվում։

Սաթիկ Սեյրանյան.- Ստիպելո՞վ։

Արմեն Գրիգորյան.- Ոչ, եթե դու չլինես հանձնաժողովի անդամ, ապա համակարգը թույլ չի տալիս, որ տնօրեն մնաս։

Աշոտ Բլեյան.- Ուսուցիչը վարձու աշխատող է։ Նախ և առաջ փորձեք ունենալ ուսուցչի կարգավիճակ՝ որպես աշխատող։ Ո՞վ է ուսուցիչը. Անպաշտպան մարդ, որ ցանկացած պահի կարող է հայտնվել փողոցում։ Նույնը վերաբերում է նաև դպրոցի տնօրենին։ Բոլոր դպրոցների տնօրենները պետք է հրաժարական տան, որովհետև նրանք մանկավարժությամբ չեն զբաղված։ Ես դրա համար նրան ասում եմ՝ գնա, զբաղվիր՝ ինչով ուզում ես, բայց այլևս իրավունք չունես մանկավարժությամբ զբաղվել։ Եվ դպրոցները վաղուց մանկավարժությամբ չեն զբաղված. տուն է՝ պահում են, գործ է՝ անում են, բայց դա հեչ կապ չունի այն ուսուցչի հետ, որը գիտակցում է, այդ քաղաքական համակարգում աշխատում է, որովհետև գիտի՝ կրթական ծրագիրը պետք է մասնակցի բաց հասարակության ձևավորմանը։ Փակ կալվածքների աղտեղություններն են այդ տնօրեններին նշանակել, և եկել է ժամանակը, ու գործի են դնում իրենց ռեսուրսները։ Ոչ մի նոր բան չկա. ախպերությունը նշանակել է, ախպերությունը պահանջում է։

Արմեն Գրիգորյան.- Եթե մենք ունենք համակարգային խնդիր, ապա մեզ անհրաժեշտ են լուծումներ։ Հիմա դուք ասում եք՝ թողեք ազատ։ Ազատությունը եղել է, բայց երբ որ ազատ ենք թողել, իշխանության ուզուրպացիա է տեղի ունեցել, իրենք դպրոցները վերցրել են իրենց, և երբևէ չեն թողել, որ այդ համակարգն ազատ գործի։ Նույնիսկ համալսարանների մակարդակում բոլոր ուսանողական խորհուրդներով կուսակցականացրել են։

Սաթիկ Սեյրանյան.- Երբ հասարակական սեկտորի կամ քաղաքականության հետ չառնչվող մարդիկ են այս մասին խոսում, հասկանալի է, բայց երբ նույն ՕՐՕ դաշինքի երեք ներկայացուցիչներն էլ եղել են իշխանության մեջ, նրանք բոլորն էլ ընտրվել կամ պաշտոնի են նշանակվել այդ ճանապարհով, այդ ուսուցիչների, տնօրենների ձեռքով եկած իշխանությունների միջոցով, այդ ցուցակների միջոցով…  Եվ հիմա, երբ նրանք այս առիթը, փաստն օգտագործում են քաղաքական նպատակների համար, հարցը, այսպես ասած՝ այլասերվում է, խնդիրը տեղափոխվում է ուրիշ հարթություն։

Աշոտ Բլեյան.- Նախ՝ ուրիշ նպատակով չեն կարող օգտագործել, որովհետև իրենք քաղաքականության մեջ են, որովհետև ԱԺ ընտրությունները քաղաքական պրոցեսներ են, և իրենք՝ որպես ընտրական դաշինք ու պատգամավորության թեկնածուներ, կարող են ու պետք է քաղաքական նպատակներ ունենան. դա մեղք չէ։

Սաթիկ Սեյրանյան.- Երբ Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում էր, բանակը ներգրավված չէ՞ր. մի ցուցակ էլ այնտեղ կար…

Աշոտ Բլեյան.- Այսինքն՝ իշխանության ներկայացուցիչը, որը հիմա իշխանության ներկայացուցիչ է՝ վարչապետ է, նախագահ է, նախարար է, ինքն իրավունք ունի, իսկ նախկին նախագահը, նախարարն իրավունք չունի. ես ճի՞շտ հասկացա։

Սաթիկ Սեյրանյան.- Նկատի ունեմ՝  հարցը շահարկվում է։

Աշոտ Բլեյան.- Բայց երբ որ ինքը մասնակցում է պրոցեսի, ինքը պետք է իշխանության բոլոր խոցելի կողմերն օգտագործի։ Դա նորմալ է։

Սաթիկ Սեյրանյան.- Նկատի ունեմ, որ երևույթը, փաստը դատապարտող նույն այդ մարդիկ նույն այդ ցուցակների միջոցով են եկել իշխանության, պաշտոններ զբաղեցրել…

Աշոտ Բլեյան.- Դա թողեք ընտրողին՝ ինձ, որովհետև ես շատ լավ գիտեմ, թե ով՝ ով է, որովհետև կան կենսագրությունները, բոլորը գործում են հրապարակային։ Դա տվյալ դեպքում մեր խոսակցության նյութը չէ։ Այստեղ կա շատ ավելի լուրջ խնդիր, որը շարունակ դուրս է մնում քննարկումներից, որովհետև դպրոցի, հանրակրթական դպրոցի կամ նախադպրոցական հաստատության մասին, ցավոք, խոսում են քննությունների ժամանակ և ընտրությունների ժամանակ։ Մնացած ժամանակ դրանք կարծես թե չկան։ Իրականում այսպիսի դեպքերը բացահայտում են, որ կան փակ խոռոչներ, քշված աշխատողների 30 հազարանոց մի բանակ, որոնց անվանում են ուսուցիչներ, դրանց իբր ներկայացնող տնօրեններ, և մեծ թվով աշակերտություն, որոնց տվել են «ջարդված կոճակներ», ասում են՝ խաղացեք սրանով, մի խանգարեք, մենք մեծերով գործ ենք անում, ձեր ժամանակը կհասնի… Ու այսպես՝ 25 տարի։ Ովքե՞ր են դպրոցների տնօրեններն ընդհանրապես։ Հիմա կառավարման բարձր մարմիններ կան ՊՈԱԿ-ներում՝ խորհուրդները. որևէ դպրոցում այս փաստերի առիթով խորհրդի նիստ եղա՞վ, իսկ այդ կառավարման մարմնի անդամները հավաքվեցի՞ն…

Դանիել Իոաննիսյան.- Անհույս են այդ մարդիկ։

Աշոտ Բլեյան.- Իսկ ինչո՞ւ՝ իրավապահը հույսե՞ր է ներշնչում։ Նրանք ենթադրում են, որ դպրոցները՝ որպես միավորներ, պետք է ներկայացնեին բաց հասարակությունը, և այդ խորհրդում ներկայացված իրենց ներկայացուցիչներով իշխանության… բայց ես, ինչպես շեշտեցի՝ նրանք «օբշակներով» են ղեկավարվում, որովհետև ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպես է նշանակվում դպրոցի տնօրենը. խնդիրն այն կարգը չէ, որ կա, որովհետև դա գաղտնի ինչ-որ մարզպետի, քաղաքապետի սենյակում մի համաձայնություն է։ Եվ ահա գալիս է ժամանակը, որ այդ նույն «օբշակն» ինչ-որ համաձայնությամբ սկսում է օգտագործել այդ փակ տարածքը, որտեղ ինքը ռեսուրս ունի։ Ձեզ կարող եմ հարցնել՝ իսկ ո՞վ է դպրոցի տնօրենը, մանկավա՞րժ…  Հիմա դպրոցների տնօրենների մեծ մասին ազատեք, ու թող փորձեն ուսուցչություն անել, կամ փորձեք վերջին 5 տարում նրանց կողմից գրված մի հոդված գտնել՝ մեթոդական…

Դպրոցի տնօրենները մենեջերներ էլ չեն, այլ հանցավոր համաձայնությամբ կայացած մարդիկ են, «զոն նայողներ», որոնց ասել են՝ սա՝ քո փակ կալվածքը, որ անունով այսինչ դպրոցն է, ու դու կհետևես այս-այս պրոցեսներին, և կկատարես, երբ կգա վճռական պահը, հանձնարարությունդ… Եվ նրանք էլ զբաղված են ընտանիք պահելով, որովհետև ցանկացած պահի շպրտվելու են փողոց։ Ո՞վ է պաշտպանելու նրանց, ծնողնե՞րը. եթե ծնողներն ընդհանրապես իրենց ձայնն ունենային, նախ՝ քվեարկությունը քվեարկություն կլիներ, հիմա էլ այդ դպրոցի տնօրենը կկանգներ դատաստանի առաջ։ Սա շատ լուրջ, ամբողջական խնդիր է։ Պետք են ամբողջական փոփոխություններ. վերջապես դպրոցը պետք է բացվի, դառնա բաց հասարակության սպասարկու, որ այդ բերդի պատերը փլուզվեն, այդ դռները բացվեն ներսից ու դրսից, որ հանրայնացվի ուսուցիչը՝ որպես մանկավարժ։

Սաթիկ Սեյրանյան.– Պետք է փակվե՞ն դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերը։

Աշոտ Բլեյան.- Դա կապ չունի, որովհետև դա հարմար է բնակչին. ծնող է, մյուս է, գալիս է ու ինչ-որ ծառայություն ստանում։ Մեր դպրոցներից 3-ն էլ են ընտրատեղամասեր, մենք մաքրում ենք, ջեռուցում, որովհետև մարդիկ են գալիս, դրանք Բլեյանի դպրոցները չեն, հանրային տարածքներ են։ Սա վերաբերում է, ի դեպ, հանդիպումներին. սա ի՞նչ բան է՝ ժամը 6-ից հետո բնակիչը, ծնողը չի կարող դպրոցի դահլիճում գա՝ հանդիպում ունենա դեպուտատի թեկնածուի հետ։ Սա համարվում է քարո՞զ։ Ուրեմն՝ ինչ որ արվում է՝ քարոզ չէ, այս այլանդակությունը։ Իսկ որ գա՝ նորմալ նստի՞։ Ի՞նչ կապ ունի այդտեղ դպրոցի տնօրենը, ի՞նչ կապ ունի։ Յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա։ Իբր դպրոցներն ուզում են զերծ պահել. ամբողջովին թաթախված է կեղտի, կեղծիքի մեջ, ամբողջովին ստրկացված է տնօրենը։ Ստրուկին ինչի՞ց հեռու պահես, նա ավարտված մարդ է. այս ամենի մասին պետք է խոսել։ Այդ մարդիկ էլ ինքնապաշտպանության դաշտ են գտել, որովհետև շատ լավ հնարավորություն է։

Իսկ ի՞նչ կլինի ապրիլի 2-ից հետո, եթե հանկարծ «օբշակը» չորոշի, «օբշակը» փոխվի… իրենց վերջն է։ Տնօրենների կողմից սա իրենց ինքնապաշտպանությանն ուղղված քայլ է։ Ես չեմ արդարացնում, որովհետև կա մանկավարժություն, որի համար ստեղծված են հանրակրթական հաստատությունները, կա գլխավոր հերոս՝ երեխա, և ուսուցիչն ու դպրոցի տնօրենը պետք է ծառայեն Աստծուն, ոչ մամոնային։ Հերիք է սատանային ծառայեն, ընդ որում՝ սատանան նա է, ով իրենց այդ կոչումից զրկում է։

Արմեն Գրիգորյան.- Պարոն Բլեյան, խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ուզուրպացրել է ու այդ ամբողջն օգտագործում է։

Աշոտ Բլեյան.- Ինչպե՞ս պետք է լուծել հարցը. ընտրությունների միջոցով։ Հասել է մի պահ, որ առանց նորին մեծության՝ ընտրողի, առանց իր վճռական հաստատակամության, իր վրա որոշում կայացնելու խնդիրը վերցնելու՝ լուծում գոյություն չունի։

Դանիել Իոաննիսյան.- Հիմնական արգելքը կրթական հաստատությունների կուսակցականացման վրա է, ոչ թե քաղաքականացնելու։ Տեսեք՝ շատ լավ կլիներ, եթե, ասենք, ԵՊՀ-ում և մյուս կրթական հաստատություններում լինեին քաղաքական դեբատներ, ուսանողները հավաքվեին և հարցեր տային թեկնածուներին։ Ես հիշում եմ՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին նման առաջարկին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ԵՊՀ-ն ապաքաղաքական հաստատություն է։

Արևիկ Անափիոսյան.– Սխալ ենք ընկալում, թե ապաքաղաքականը որն է։

Դանիել Իոաննիսյան.- Այո, հենց դա է։ Իրենք կուսակցականացնում են դպրոցները. այն, ինչ արգելված է՝ անում են, բայց այն, ինչ արգելված չէ և ողջամիտ տրամաբանությամբ պետք է խրախուսվի, իրենք արգելում են։

Սաթիկ Սեյրանյան.- Տիկին Անափիոսյան, խնդրում եմ  զուգահեռներ անցկացրեք՝ այլ երկրներում  ինչպե՞ս է դա կարգավորվում. քաղաքականացնե՞լ, չկուսակցականացնե՞լ, ինչպե՞ս անել, հեռու՞ պահել կրթական հաստատությունները, մասնավորապես՝ դպրոցներն ու մանկապարտեզները, ընտրական պրոցեսներից։ Եվ այս երևույթի լուծումը ո՞րը պետք է լինի, որպեսզի վնասներ չհասցվեն հանրակրթական համակարգին։

Արևիկ Անափիոսյան.- Մինչ զուգահեռներ անցկացնելը՝ մի քանի կարևոր բան նշեմ։ Խոսում ենք համակարգի ապաքաղաքականացման մասին և ընկալում ենք՝ դա կուսակցականացված է, պետք է ապակուսակցականացնել։ Այսինքն՝ ասում ենք մի բան, պահանջում՝ այլ բան։ 2013-14թթ. սկսած տարբեր միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ տեղական կազմակերպությունների) զեկույցները՝ կրթության ոլորտի մասին, անընդհատ հրապարակվում են ու մտահոգություն հայտնում՝ ոլորտի քաղաքականացվածության մասին։ Խոսում են, որ և՛ հանրակրթությունը, և՛ բարձրագույն կրթությունը քաղաքականացված է, դրա մասին իսկապես բոլորս գիտենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կողմից արված հետազոտությունն ապացույցն էր այն ամենի, որ իսկապես քաղաքականացված է։ Երբ ասում ենք՝ ապաքաղաքականացում, միանգամից պատկերացնում ենք՝ դրանք չպետք է լինեն կուսակցական, տեղամասերը պետք է չլինեն այդպես. ունենք ընկալման լուրջ խնդիր։

Հիմա, եթե մենք փորձենք լուծում տալ, ասելով՝ տնօրենին հեռացնենք, կախենք, վառենք… դա լինելու է էպիզոդային, դրվագային քայլ, ընդամենը մարդկանց սրտերը հովանալու է, անցնելու ենք առաջ… Կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Դրա մասին բազմիցս խոսվել է, ոչ ոք ուշադրություն չի արժանացրել այդ զեկույցներին։ Խնդիրն այն է, թե ո՞վ է ընտրում տնօրենին։ Տնօրենին ընտրում են դպրոցների կառավարման խորհուրդները.  դրանք ստեղծվեցին՝ փորձելով ինչ-որ չափով ապահովել դպրոցների անկախությունը։ Դա ողջունելի քայլ է, բայց դպրոցները՝ կախված իրենց ենթակայությունից՝ պայմանագրերը կնքում են տարբեր մարդկանց հետ. եթե ավագ դպրոց է, ապա պայմանագիրը կնքում են նախարարի հետ, եթե ենթարկվում է մարզպետարաններին, ապա մարզպետի հետ, և եթե Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոց է՝ քաղաքապետի հետ է կնքվում պայմանագիրը։ Ում հետ կնքում են պայմանագիրը, իրենք էլ իրավունք ունեն տնօրենին աշխատանքից ազատելու։ Ասում ենք՝ ընտրում են խորհուրդները. իսկ ովքե՞ր են ներգրավված այդ խորհուրդների կազմում։ Դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 8 անձերից, որից 4-ը ներկայացնում են պետությունը:

Երեքը լինում են նախարարությունից, եթե նախարարության ենթակայության ներքո է, մեկը, կախված գտնվելու աշխարհագրական վայրից՝ կամ մարզպետի ներկայացուցիչն է, կամ քաղաքապետի, և եթե մարզպետարանի կամ քաղաքապետարանի դպրոց է, ապա 3-ը լինում են իրենց ներկայացուցիչները, մեկը՝ նախարարության։ Մյուս 4-ից 2-ը մանկավարժական խորհրդից են փակ քվեարկությամբ ընտրվում, 2-ը՝ ծնողական։ Եվ տնօրենը քվորում է ապահովում ընտրության համար, եթե 6 հոգի ներկա է խորհրդից, և 50+1 ձայնով անցնում է։ Դա նշանակում է, որ, եթե պետական իշխանության բոլոր ներկայացուցիչները ներկա գտնվեն տնօրենի ընտրության ժամանակ, ապա ընտրվելու է այն մարդը, որին իրենք են ուզում։

Օղակը մինչև վերջ բարձրանում է. տնօրենին ընտրում են և աշխատանքային պայմանագիր են կնքում նույն պետական ապարատի ներկայացուցիչները, և նույն մարդիկ էլ նրանց ազատում են աշխատանքից։ Այսինքն՝ եթե ուզում ենք ապաքաղաքականացնել, ապա պետք է այս խնդիրներին անդրադառնանք, պետք է տեսնենք, թե ինչպե՞ս է կազմվում խորհուրդը, ումի՞ց է բաղկացած, ի՞նչ լիազորություններ ունի, ինչո՞ւ պետք է տնօրենները պայմանագիրը կնքեն լիազոր մարմնի հետ, այլ ոչ, ասենք, խորհրդի նախագահի հետ։ Եթե կառավարման խորհրդի կազմը մենք փորձենք փոխել, և խորհրդի նախագահի հետ կնքենք պայմանագիրը, այլ մեխանիզմներ մտածենք, որոնք կկարողանան հաշվետու պահել տնօրենին (այնտեղ կա բյուջե, հաշվետվողականություն, ստուգումներ՝ տեսչության կողմից իրականացվող), այդ դեպքում մենք անկախություն ավելի շատ կկարողանանք ապահովել։ Այսպես չենք կարողանում ապահովել։

Իսկապես նրանք վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց, որովհետև արհմիությունը, որը կոչված է պաշտպանելու տնօրենի և ուսուցիչների շահերը, ընդհանրապես անգործության է մատնված. իրենք իրենց օրհասական հարցերն են լուծում։ Եվ մյուսը մեր հոգեբանական խնդիրն է. մի հետազոտություն էր արվել միջազգային կազմակերպություններից մեկի կողմից, որն ասում էր՝ հանրակրթական համակարգը շատ նման է հայկական ընտանիքի, որտեղ երբ մեծն ասում է իր խոսքը, մնացած բոլորը ենթարկվում են, և այստեղ վերադասը համապատասխան կառավարման մարմիններն են, որ, եթե ասում են իրենց խոսքը, չգրված օրենքով իջեցնում են մինչև վերջ, և արդեն տնօրեններն ու նրանցից կախված ուսուցիչներն էլ ենթարկվում են այն ամենին, ինչ իրենց ասում են։ Նման փորձ՝ այդ քաղաքականացվածությունը, հատկապես ցցուն է Շրի-Լանկայում, Պակիստանում, հատկապես՝ կոնֆլիկտային պետություններում, որտեղ իշխող կուսակցությունները գալիս են և ամբողջությամբ տնօրեններով, ուսուցիչներով իրենց կազմը կարող են փոխել, ավելին՝ կարող են բովանդակության վրա ազդել։ Քաղաքականացվածության խնդիրն արդիական է տարբեր կոնֆլիկտային պետություններում։

Սաթիկ Սեյրանյան.- Իսկ ինչպե՞ս են զարգացող երկրներում լուծել այդ խնդիրը:

Արևիկ Անափիոսյան.– Փորձում են հանրակրթական համակարգը հնարավորինս անկախացնել: Պետք է հասկանանք՝ ի՞նչ հնարավորություններ է համակարգը ստեղծում, որպեսզի տնօրեններն ու ուսուցիչները բարեվարքություն չդրսևորեն, և ի՞նչ մոտիվացիա ունեն իրենք:

Աշոտ Բլեյան.- Առանձին վերցրած՝ հասարակությունից անկախ՝ այդ խնդիրը լուծում չունի, բոլորը ներկայացված են՝ ծնողներով, ուսուցիչներով, իշխանություններով… Բոլորը դպրոցում ներկայացված են և բոլորն ուզում են՝ դպրոցում ինչ-որ բան փոխվի, միայն իրենք չփոխվեն, որ դպրոցի տնօրենն իրենց ասածը կատարի, որ իրենք շարունակեն մնալ իշխանություն, որ դպրոցի տնօրենը գործի՝ ոտնահարելով երեխայի իրավունքը, որ ուսուցիչը շարունակի մնալ հնազանդ, իրենց ենթակա, և այլն: Ես դրա համար եմ ասում՝ խնդիրը համապարփակ փոփոխությունների մեջ է…

Սաթիկ Սեյրանյան.- Պարոն Բլեյան, նաև եղել եք Կրթության և գիտության նախարար, սա դժվա՞ր լուծելի հարց է, թե՞ քաղաքական կամք և նման այլ բաներ են պետք:

Աշոտ Բլեյան.– Դա առանձին գերատեսչության ղեկավարի խնդիր չէ: Իհարկե, գերատեսչության ղեկավարը կրում է պատասխանատվություն՝ այն առումով,  որ, եթե ինքը տեսնում է՝ չի կարող, սրա հետ համաձայն չէ, պետք է գերատեսչության ղեկավար չաշխատի, ասենք, ինչպես ես չաշխատեցի, որովհետև ես չէի կարող նման համակարգի մեջ աշխատել: Բայց եթե զուտ մեկի վրա ու, զես պատասխանատվությունը դնել, ինչի՞ մասին է խոսքը, իհարկե չի կարող, ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս պետք է անի:

Արևիկ Անափիոսյան.- Բացի այդ, համակարգն այսօր հիմնականում հիմնված է անհատների որակական հատկանիշների վրա: Մենք դարձյալ փորձում ենք անհատների վրա հենված ինչ-որ քաղաքականություն իրականացնել, և խորքային խնդիրները չտեսնելով, էպիզոդիկ լուծումներ տալով՝ առաջ ենք շարժվում:

Սաթիկ Սեյրանյան.- Պարոն Խաչատրյան, խնդիրները որտե՞ղ են: Այս օրերին Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով խնդրին, գրել էիք. «Հիշեցնեմ նաև‚ որ Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառ?երից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը։ Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից։ Մենք չենք կարող ֆանտաստիկ երկիր ունենալ, հարգելի պարոն վարչապետ‚ քանի դեռ դպրոցներն ու մանկապարտեզները ձեր կուսակցության կողմից ենթարկվում են կուսակցական շահագործման»:

Սերոբ Խաչատրյան.- Հունաստանի օրինակը շատ հայտնի օրինակ է, դա չի քննարկվել թերթերի հոդվածների մակարդակով, այլ քննարկվել է Ֆուկույամայի մակարդակի մտածողի գրքում, որը մանրամասն վերլուծում է Հունաստանի կոլապսի պատճառները, և թիվ մեկ պատճառների շարքում նշված է դպրոցների կուսակցականացումը, որը բերեց նրան, որ ուսուցիչների թիվն ուռճացվեց, փորձեցին մարդկանց աշխատանքի ընդունել, կուսակցականացնել, որպեսզի ձայներ հավաքեն, և այդպես կամաց-կամաց պետական սեկտորի աշխատողների թիվն ավելացրեցին, ու կոլապս եղավ: Տեսեք՝ ինչո՞ւ է այս ամենը Հայաստանում տեղի ունենում, և ինչո՞ւ այլ երկրներում չի լինում, որովհետև աշխարհի երկրները բաժանվում են երկու մասի՝ ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական: Օրինակ, Ֆինլանդիայի նախագահը կամ իշխող կուսակցությունը երբեք իրեն թույլ չի տա դպրոցների տնօրեններին ներքաշել այդ գործընթացների մեջ, որովհետև ժողովրդավարական երկիր է:

Մյուս կողմից՝ Բելառուսի, Ուզբեկստանի կամ Ղազախստանի նախագահին բացարձակապես հետաքրքիր չէ դպրոցների տնօրենների հարցը, որովհետև իրենք իրենց խնդիրներն ավտորիտար ձևով լուծում են: Այսինքն՝ տնօրեններն այդտեղ անելիք չունեն: Հայաստանի խնդիրն այն է, որ մենք մեզ հռչակել ենք ժողովրդավարական երկիր, բայց իրականում այդպիսին չենք, ու խաղում ենք ժողովրդավարություն: Այսինքն՝ եթե դու մի բան հռչակում ես, բայց չես անում, դու ստիպված ես քո սոցիալական ինստիտուտները դարձնել կեղծ, արհեստական, ներքաշել կեղտոտ խաղերի մեջ, մի բան արտաքուստ ցույց տալ, բայց տակից անել մեկ այլ բան: Ինստիտուտը ճկվել է ու կեղծ ինստիտուտ է դարձել: Կրթական համակարգի ներսում ստեղծվել է մի վտանգավոր, կրթությանը վնասող համակարգ, այդ համակարգը վերևից ներքև կառավարվում է, և սա շատ լավ հնարավորություն է մեր վարչապետի համար, քանի որ, այո՛, կան հարցեր, որոնք կարելի է լուծել տարիների ընթացքում, բայց այս հարցը կարելի է մեկ ժամում լուծել:

Սաթիկ Սեյրանյան.- Հրահա՞նգ, թե՞ օրենսդրական նախաձեռնություն պետք է լինի:

Արմեն Գրիգորյան.- Քաղաքական կամքն էլ երևի հերիք է:

Սաթիկ Սեյրանյան.- Իսկ եթե, ինչպես Արևիկն ասաց՝ եկավ մեկը, որը բարեկիրթ չէ ու քաղաքական կամք չունի, ի՞նչ անենք: Միգուցե պետք է օրենքի ուժ տալ խնդրին:

Սերոբ Խաչատրյան.- Տեսեք՝ այս հարցի մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում, Հայաստանում չկան ուսուցիչների արհեստակցական միություններ: Պարոն Բլեյանը ճիշտ է ասում՝ ուսուցիչը պաշտպանվելու տեղ չունի: Ամբողջ աշխարհում ուսուցիչների հենարանն ավելի շատ արհեստակցական միություններն են, բայց ո՞ւր է այդ անկախ արհեստակցական միությունը, որը պետք է պաշտպանի տնօրենին, եթե ինքը փորձում է համակարգին դեմ գնալ: Այսօր ամբողջ աշխարհի արհեստակցական միությունները մեծ կռիվ են տալիս կառավարության հետ: Այսօր Ֆինլանդիայի ուսուցիչը դուրս է գալիս փողոց, ասում է՝ բարձրացրեք իմ աշխատավարձը: Հայաստանում ուսուցիչը ոչ միայն փողոց դուրս չի գալիս, այլև ասում է՝ լավ, 10 տարի էլ մի բարձրացրեք, մեկ է, ես կծառայեմ ձեզ: Շատ կարևոր է նաև, թե ինչ վնասներ է ստանում կրթական համակարգը այս զարգացումների արդյունքում: Ընտրությունները կանցնեն, բայց կարծում եմ՝ այն վնասը, որ ստանում է կրթական համակարգը, տասնամյակներով չենք կարողանալու սրա տակից դուրս գալ, եթե չքանդենք այս համակարգը: Հայաստանի կրթությունը տարբեր ցուցանիշներով տարեցտարի հետ է: Մի քանի օր առաջ հրապարակվեց մարդկային զարգացման զեկույցը, որտեղ Հայաստանը հայտնվել է 84-րդ տեղում, այնինչ 15 տարի առաջ մենք 15-րդ, 20-րդ տեղում էինք:

Աշոտ Բլեյան.- Սերոբ, ես դրա համար շեշտում էի, որ դպրոցներն այսօր մանկավարժությամբ չեն զբաղվում:

Սերոբ Խաչատրյան.- Այո: Երբ Հայաստանում հետընթաց է լինում կրթության մեջ, լինո՞ւմ են քննարկումներ՝ ի՞նչն է պատճառը, փորձո՞ւմ ենք լուծումներ գտնել, թե՞ փորձում ենք ծածկադմփոց անել:

Մի քանի կարևոր հարցեր ներկայացնեմ. նախ՝ կրթությունը տեղի է ունենում, երբ ուսուցիչը, տնօրենը կամ դպրոցը հեղինակություն են, այսինքն՝ դուք չեք կարող երեխային բան սովորեցնել, եթե իր համար հեղինակություն չեք: Այս պրոցեսներով մենք ամբողջությամբ հեղինակազրկում ենք դպրոցը… Հիմա նույնիսկ ենթադրվում է, որ Դանիել Իոաննիսյանի վրա կգցեն այդ մեղքը, թե ինքն է հեղինակազրկում, բայց այդ նույն զրույցներում տնօրեններն ասում են, չէ՞՝ «մենք ծնողների հետ զրուցեցինք, հետաքրքրվում ենք՝ ում են քվեարկում»… Տնօրենի ի՞նչ գործն է՝ հետաքրքրվել ծնողներից: Այս դեպքերից առաջ են դպրոցները հեղինակազրկվել, որովհետև այս պրոցեսների մեջ կան, ընտրությունների ժամանակ խախտումներ են անում: Սա խանգարում է. դպրոցը պետք է հեղինակություն լինի: Մենք այսօր կորցրել ենք այդ հեղինակությունը, որը վերականգնելու համար տասնամյակներ են պետք, և այսօր երեխաները շարունակելու են ավելի վատ սովորել, որովհետև եթե ուսուցիչը հեղինակություն չէ, ապա երեխան չի կարող նրանից որևէ բան սովորել: Մյուս կարևոր հարցը. դպրոցը հանրային կառույց է, ճի՞շտ է: Ենթադրենք՝ Հայաստանի բնակչության 5-10 տոկոսը Հանրապետական կուսակցության անդամ են, չէ՞ որ 90-95 տոկոսը կա՛մ անկուսակցական են, կա՛մ այլ կուսակցությունների անդամներ են: Որքանո՞վ է ճիշտ՝ հանրային կառույցների գլխին մասսայաբար դնել մի կուսակցության ներկայացուցիչներ, որքանո՞վ է ծնողների համար ցանկալի, որ իրենց երեխաները գնում են մեկ կուսակցության կողմից ղեկավարվող դպրոցներ:

Դա ինձ համար անընդունելի է. ես ուզում եմ ունենալ դպրոցներ, որոնց գլխին կանգնած են անկուսակցական, բոլոր կուսակցություններին հարգող անձինք, և ոչ թե՝ տնօրենները ճկվեն կուսակցության առաջ, այլ հակառակը՝ կուսակցությունը գնար՝ ասեր՝ հարգելի տնօրեն… Մենք ունենք հետևյալ իրավիճակը. ստեղծվել է համակարգ, տրվել է մոտիվացիա: Այսօր մարդիկ նաև իրենց կամքով են մտնում այդ կուսակցություն, որովհետև կա այսպիսի հոգեբանություն՝ մարդը միշտ մտածում է հեշտ կյանք ունենալու մասին: Ինքը, իհարկե, կարող է չմտնել ՀՀԿ, բայց եթե չմտավ, ապա խնդիրներ է ունենում, իր կյանքը դժվարանում է, և մի օր էլ կարող է այդ խորհուրդը ասի՝ քեզ չենք ընտրում, ուրիշ մարդու ենք ընտրում: Դրա համար էլ տնօրենները որոշում են՝ «կյանքս չբարդացնեմ, ինքնակամ գրեմ այդ դիմումը, ինչ հասնում է ինձնից՝ անեմ», ու սա արդեն դառնում է համակարգը մոտիվացնող երևույթ: Մրցակցություն է՝ նա, ով շատ ձայն կբերի, ինքը համարվում է լավ տնօրեն, ով շատ ձայն բերեց, հետագայում նաև գին է ուզում: Պարոն Բլեյանը ճիշտ ասաց, այստեղ ցանցային երևույթներ կան. օրինակ՝ ինչո՞ւ Հայաստանում առաջ եկավ մի ավանդույթ, որ տնօրենի պաշտոնը ժառանգվում է դպրոցներում: Իմ գնահատմամբ՝ սա նույնպես կապված է ընտրությունների հետ:

Սաթիկ Սեյրանյան.- Պարգևատրո՞ւմ են:

Սերոբ Խաչատրյան.- Այո, որովհետև, եթե ես ընտրության ժամանակ ձեր կուսակցության համար աշխատել եմ, խնդրում եմ՝ իմ գինը տվեք, և հնարավորություն տվեք՝ իմ աղջիկը, իմ հարսը, իմ տղան, իմ թոռը ստանձնի իմ պաշտոնը:

Աշոտ Բլեյան.- Սա անշարժ գույքի պես մի բան է. և քանի որ գույքն արդեն մասնավորեցվեց, այսպիսի պաշտոնները դառնում են անշարժ գույք:

Սերոբ Խաչատրյան.- Այսինքն՝ այստեղ անուղղակի պրոցեսներ են սկսում գնալ՝ ով լավ աշխատեց՝ պարգևատրել: Հաճախ այն ուսուցիչը, որ արժանապատվություն ունի ու չի ցանկանում այդ կեղտոտ պրոցեսների մեջ ներքաշվել ընտրության օրը, լավ մասնագետ է, այս մարդիկ կամաց-կամաց «աջ են քաշվում», և սկսում են պարգևատրվել, նկատվել այն ուսուցիչները, որոնք այդ գործընթացներում լավ են աշխատում: Սա դառնում է ուսուցչի մասնագիտական գնահատման չափանիշ:

Աշոտ Բլեյան.- Սերոբ, ավելի լուրջ խնդիր էլ կա. եթե դպրոցի տնօրենը մանկավարժական պրոցես չի ղեկավարում, որովհետև դպրոցը մանկավարժությամբ չի զբաղված, ինքը պետք է լինի մի ճարպիկ տղա, որը պետք է գնա-գա, նման գործեր անի, զանգի, պատասխանի, իշխանության ներկայացուցիչ ընդունի, տանի, ինչ-որ պաշտոնական հավաքներ, միտինգներ, ցույցեր… այդ տեսակ բաներով պետք է զբաղվի, ուրիշ ինչո՞վ:

Սերոբ Խաչատրյան.- Տնօրենները կարող են տալ ստեղծագործող ուսուցիչների ցուցակներ, այլ ոչ թե ձայն բերող ուսուցիչների ցուցակներ: Օրինակ, ես շատ կուզեի, որ վաղն այդ ցուցակը պահանջեին, ասեին՝ տվեք մեզ ձեր ստեղծագործող ուսուցիչների ցուցակները:

Դանիել Իոննիսյան.- Կարծում եմ՝ մեր հաջորդ հետազոտությունը, որ պետք է անենք տնօրենների հետ, պետք է զանգենք, ներկայանանք՝ չգիտեմ՝ ով, ու հարցնենք՝ ե՞րբ են վերջին անգամ գիրք կարդացել: Ես վախենամ, որ պատկերը շատ ավելի սարսափելի կլինի, քան ցուցակների հետ կապված հարցերի դեպքում: Իրականում մենք գիտակցում ենք, որ այս ընտրությունների հետ կապված շատ բան չի փոխվի այս հրապարակմամբ, բայց գոնե հույս կա, որ կրթության ոլորտը կգա հանրային օրակարգ:

Արմեն Գրիգորյան.- Ի դեպ, Հունաստանի առումով մի հետաքրքիր զուգադիպություն էլ կա. մինչև դեկտեմբերն աշխարհում երեք երկրներ էին, որ կայուն մեծամասնության սկզբունք ունեին ընտրական համակարգում՝ Իտալիան էր, Հունաստանը և մենք էինք: Իտալիան դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունով մերժեց, հիմա մենք ու Հունաստանն ենք այդ կայուն մեծամասնության սկզբունքն ունեցող: Խնդիրը ֆունդամենտալ, համակարգային խնդիր է, անձի խնդիր չէ, նույնիսկ, եթե մենք 15-20 տնօրենի պատժեցինք, ֆունդամենտալ փոփոխություն պետք է կատարվի կառավարման մոդելում, և այստեղ մենք պետք է այնպես անենք, որ այդ համակարգին ազատություն տանք: Դպրոցը պետք է ազատվի նման գործընթացներին մասնակցելուց: Ինչո՞ւ են նման մարդիկ առաջ գնում, որովհետև համակարգը ստեղծում է նաև մարդկանց տեսակի առաջընթաց: Օրինակ, Ֆինլանդիան ունի այլ մոդել. Հայաստանի ուսուցիչներին տարեք Ֆինլանդիա, իրենք սկսելու են աշխատել ֆինլանդական մոդելով, ոմանք, համոզված եմ, ձախողելու են այդ մոդելում, բայց նրանք, ովքեր ունեն այդ ձիրքը, այդ մոդելում առաջ են գնալու: Այսինքն՝ մենք համակարգային լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Ես ուզում եմ ավելի շատ պետական մարմիններից պահանջել, որովհետև պատասխանատուն իշխանությունն է:

Հասարակությունն էլ ունի պատասխանատվության իր բաժինը, բայց որպես ինստիտուցիոնալ պատասխանատվություն՝ ինձ համար ավելի շատ իշխանությունն ունի: Այստեղ իշխանությունը շատ մեծ գործ ունի անելու, պետք է գնա բարեփոխումների: Հիմա կարող է՝ իշխանությունն իր իշխանությունը պահելու տեսանկյունից մտածի՝ սա մոդել է, պահենք, բայց ժամանակի հետ այս համակարգը նեխելու է, ու այստեղ առաջ են գնալու այնպիսի մարդիկ, ինչպիսին, տեսանք՝ «Ազատության» եթերում հարցազրույց տվող տնօրենը: Պետք է նախ՝ դպրոցն ազատություն ունենա, ու պետք է փորձել այն ընտրական պրոցեսից դուրս թողնել: Համաձայն եմ, պետք է ապակուսակցականացնել, ոչ թե ապաքաղաքականացնել, որովհետև դպրոցները կարևոր հանրային ինստիտուտներ են, որոնք չեն կարող ապաքաղաքական լինել: Այն, թե դպրոցներում ինչ են դասավանդում, ինչ առարկա են անցնում, դա բոլորիս խնդիրն է: Երբ մենք ունենանք մոդելային այլ տարբերակ, երբ ընտրություններն այլ մոդելով լինեն, ազատ, թափանցիկ ընտրություններ լինեն, ապա հնարավոր է՝ այստեղ էլ փոփոխություններ լինեն: Ես հույս ունեմ, որ իշխանությունը կգիտակցի, որ դա պահելով իր վերահսկողության տակ՝ միայն վնաս է հասցվում երկարաժամկետ պետականության տեսակետից:

Սերոբ Խաչատրյան.- Այսօր կան նաև տենդենցներ՝ այս գործընթացներին բարոյական գնահատականներ տալու, բայց համաձայն եմ Արմենի հետ: Յուրաքանչյուր մարդու մեջ կա, այսպես ասած, բարի գայլ և չար գայլ: Համակարգն է որոշում՝ որը դրսևորես: Այսօր մեր կրթական համակարգում ստեղծված է իրավիճակ, երբ մարդիկ խրախուսվում են իրենց վատ կողմերը դրսևորելու համար: Փոխեք այդ համակարգը ու կտեսնեք՝ Հայաստանը կունենա տնօրենների ուրիշ բանակ:

Սաթիկ Սեյրանյան.- Կհիշե՞ք գեթ մեկ դեպք, որ որևէ տնօրեն կամ որևէ ուսուցիչ հրաժարված լինի ընտրական պրոցեսին մասնակցելուց, և իրեն աշխատանքից ազատած լինեն: Ես չեմ հիշում նման որևէ դեպք, որ որևէ տնօրեն կամ ուսուցիչ դիմադրի, չցանկանա ներգրավվել նման գործընթացների մեջ, ու իշխանությունները նրան հեռացնեն աշխատանքից:

Դանիել Իոաննիսյան.- Դա մթնոլորտ է փոխում, այնպես չէ, որ կհանեն, բայց կարող է՝ մյուս անգամ այդ տնօրենը չվերընտրվի: Կարող է՝ հետո ինչ-որ մի արարք ուրիշ ձևով որակվի, կարող է՝ իր դպրոցի վերաբերյալ վերաբերմունքը, ֆինանսավորումը փոխվի:

Սերոբ Խաչատրյան.- Պատճառներից մեկն էլ ասեմ՝ ինչի՞ այս ամենը տեղի ունեցավ: Խնդիրն այն էր, որ, երբ մենք դպրոցների կառավարումը տվեցինք մարզպետարաններին, և մանկապարտեզները՝ ՏԻՄ-երին, ստացվեց, որ, օրինակ, մարզպետի ենթակայության տակ կա 120 դպրոց, 3-4 հիվանդանոց, 3-4 մշակութային օբյետ, հիմնարկները սեփականաշնորհվեցին, ու ստացվեց, որ մարզպետի հիմնական ֆոկուսը եղավ դպրոցների վրա, որովհետև նա ունի 150 օբյեկտ, որոնցից 120-ը դպրոց են, և իրենք սկսեցին դպրոցների վրա շատ աշխատել, և աստիճանաբար վերաճեցին այդ քաղաքական, կուսակցական հարցերը: Դա էլ մեծ դեր ունեցավ:

Սաթիկ Սեյրանյան.- Հասարակությունը դիմադրություն ցույց չի տալիս, ասել, որ դիմադրել են՝ ո՛չ, հաճույքով օգտվել են դրա բարիքներից: Կրթության մասին օրենքն օրենսդրական փոփոխությունների կարիք ունի՞, թե՞ ոչ, ՏԻՄ օրենքը, Ընտրական օրենսգիրքը… Որովհետև որևէ անձով պայմանավորված՝ վաղը Օսկանյանը գա իշխանության, նույնն է լինելու, Նիկոլը գա իշխանության, նույնն է լինելու, խնդիրը համակարգային ու խորքային է, միգուցե պետք է օրենքով դա արգելել կամ հստակեցնել, որպեսզի որևէ անձի տեսակով կամ հատկանիշներով պայմանավորված չլինի:

Սերոբ Խաչատրյան.- Չէ, նույնը չի լինելու:

Սաթիկ Սեյրանյան.- Ինչո՞ւ, անձերո՞վ է պայմանավորված, եկեք հասկանանք՝ խնդիրը որտեղի՞ց պետք է լուծենք:

Սերոբ Խաչատրյան.- Ես միջազգային փորձն օրինակ բերեմ՝ Մեծ Բրիտանիայի հետ կապված, երբ անընդհատ իշխանությունների փոփոխություն է լինում, ուսուցիչներն արդեն մտածում են՝ «եթե մենք մտնում ենք մի կուսակցություն, հետո դա փոխվի, մենք հայտնվում են անհարմար իրավիճակում»: Ես լուծումը տեսնում եմ արհեստակցական միությունների մեջ: Պետք է սկսել Հայաստանում ուսուցիչների արհեստակցական միություններ հիմնել, և այդ քաղաքական կամքը պետք է դրսևորի կառավարությունը, ոչ թե բերեն՝ մանիպուլյացիա անեն, կուսակցական բջիջներ դառնան, այլ իրապես այդ քաղաքական կամքը դրսևորել: Այսինքն՝ մարդկանց տեղ թողնեն, որ այն մարդիկ, ովքեր դեմ են գնում այս արատավոր բաներին, ինչ-որ պաշտպանության երաշխիքներ ունենան:

Արևիկ Անափիոսյան.- Կարծում եմ՝ մի քանի պրոցեսներ էլ պետք է զուգահեռ ընթանան: Նորմատիվ դաշտի փոփոխություններն էլ պետք է լինեն զուգահեռ այդ արհեստակցական միությունների կայացմանը, որովհետև առանց նորմատիվ իրավական դաշտը փոխելու, մենք չենք կարող լուծումների հասնել:

Աշոտ Բլեյան.- Եվ պետք է կտրուկ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը:

Սաթիկ Սեյրանյան.- Մի անգամ չտեսանք, որ ուսուցիչները դուրս գան փողոց՝ ասեն՝ մեր աշխատավարձերը բարձրացրեք:

Արևիկ Անափիոսյան.- Որովհետև իրենք իրենց տեղի համար վախենում են:

Սաթիկ Սեյրանյան.- Ոչ միայն դա, որովհետև հիմնականում ուսուցիչները նաև կրկնուսույց են աշխատում…

Դանիել Իոաննիսյան.- Հուսով եմ՝ այս հանրային դեբատը կշարունակվի նաև ընտրություններից հետո, երբ այս ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումները կանցնեն, որովհետև, բարեբախտաբար, պարզվեց, որ Եվրոպական միությունը մտադիր է Հայաստանի կրթության ոլորտի մեջ մեծ գումարներ ներդնել, և այս հրապարակումից հետո նրանք ասացին՝ հրապարակման «follow up»-ը (արձագանքները) իրենք հաշվի են առնելու: Նաև հույս ունեմ, որ այդ ոլորտի վրա կազդի, ու ցանկանալով ստանալ այդ միլիոնավոր եվրոները՝ ՀՀ իշխանությունները կգնան փոփոխությունների: Անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, փող բոլորին է պետք, ու կգնան փոփոխությունների, և այդ փոփոխությունների գնալու ճանապարհը կլինի նաև հանրային քննարկումների ճանապարհը:

Արևիկ Անափիոսյան.- Մի վտանգավոր բանի մասին խոսեցիք. հենց մենք աշխատավարձը դնում ենք քննարկման հիմքում և ասում ենք՝ դե, ի՞նչ աշխատավարձ են տալիս, ի՞նչ կրթություն և որակ ենք պահանջում, այդտեղ մենք սխալվում ենք: Ամենավտանգավորն է դա, որովհետև տնտեսությունով է պայմանավորված մեր այսօրվա ուսուցչի աշխատավարձի բարձր կամ ցածր լինելը, և ուրեմն որքա՞ն սպասենք, որ տնտեսական աճ գրանցենք ու դրանից հետո էլ աշխատավարձերը բարձրացնենք:

Դանիել Իոաննիսյան.- Կներեք, դա տնտեսությամբ չէ պայմանավորված: Ինձ համար անընդունելի է, որ մեր երկրում ոստիկանն ուսուցչից շատ է ստանում: Ես չեմ հասկանում դա:

Արևիկ Անափիոսյան.- Ես պարզապես ասում եմ, որ անընդունելի է ասել, որ ուսուցիչը ցածր է ստանում, դրա համար ինքը կարող է կրկնուսույցով վճարովի պարապմունքներով զբաղվել, կարող է կուսակցությանն անդամակցել և փորձել այդտեղից օգուտներ քաղել: Մենք պետք է խնդիրները խորքից հասկանանք, և ոչ թե այն, ինչ երևում է մակերեսային հարթության մեջ:

Աշոտ Բլեյան.- Կարծում եմ՝ հայերը վախենում են փոփոխություններից, այդ վախը խայտառակություն է, որովհետև այնպես ենք թաղվել… փոփոխությունների երկարատև ռեժիմում պետք է ապրեինք: Ես ասում եմ՝ փոփոխություն բոլոր իմաստներով՝ իշխանության փոփոխություն, աշխատանքի, հանրային կյանքի… Մենք ավելի շատ կենտրոնացել ենք ձևական փոփոխությունների վրա: Իշխանությունը չպետք է վախենա փոփոխություններից, պետք է խիզախի, որովհետև ընդունակ իշխանությունն է, ու շատ կարճ ժամանակ հետո ընդունակ մարդու պահանջ է լինելու:

Սերոբ Խաչատրյան.- Առաջին հերթին պետք է քաղաքական կամք, իշխանությունը պետք է մտածի՝ մեր երեխաների կրթության ապագան հազար անգամ ավելի կարևոր է, քան իրենց իշխանությունը պահելը: Այսինքն՝ մենք չպետք է երկիրը վտանգենք հանուն իշխանության: Երկրորդը՝ պետք է փոխվի մոտիվացիոն համակարգը, այսինքն՝ եթե մենք փոխենք մոտիվացիոն համակարգը և նոր համակարգի հիմքում դնենք գրագիտությունը, ստեղծագործականությունը, մանկավարժությունը, դուք կտեսնեք, որ այն մարդիկ, ովքեր փայլատակում են ընտրությունների ժամանակ, նրանք կիջնեն ներքև, ու կբարձրանան այն ուսուցիչները, որոնք այսօր դպրոցներում խեղճացած իրենց դասն են անում ու չեն ուզում այդ կեղտոտ խաղերին մասնակցել: Երրորդը՝ արհեստակցական միություններ պետք է ստեղծվեն, որոնք պետք է լինեն հակակշիռ, որոնք պետք է պաշտպանեն ուսուցիչներին կառավարությունից՝ հատկապես այս տեսակի ընտրական պրոցեսներում:

Արմեն Գրիգորյան.- Ամենաառաջին հերթին կարևոր է, որ իշխանությունն իսկապես գնա խորքային բարեփոխումների: Ընտրական թվերին նայելով՝ կարող եմ ասել, որ այսքան գործ են կատարում, բայց իրականում ընտրության արդյունքներում՝ ստիպված ուրիշ տեղ էլի թվեր են փոխում: Այսքան աշխատելուց հետո՝ էլի ստիպված են լինում ուրիշ ընտրակեղծարարությունների դիմել, ու չեն էլ հաղթում, արդյունքում՝ տուժում է մի ամբողջ կրթական համակարգ: Լուրջ փոփոխությունների պետք է գնալ, հասարակությունն էլ կարող է պահանջել:

Արևիկ Անափիոսյան.- Ես կարևորում եմ ապաքաղաքականացումը, պետք է նորմատիվ իրավական դաշտում ապաքաղաքականացվի: Նաև կարծում եմ՝ ծնողական համայնքը չի գիտակցում իր դերի կարևորությունը հանրակրթության մեջ. և՛ ծնողներն ունեն այդ հարմարվողականության մոտեցումը, և՛ ինչ-որ չափով կախված լինելով նաև ուսուցչից և դպրոցից՝ գնում են այդ հարմարվողականության ճանապարհով: Պետք է բարձրացնել ծնողական համայնքի գիտակցությունը, իրենք կարող են կարևոր դեր խաղալ հանրակրթության ոլորտում:

Դանիել Իոաննիսյան.- Ասել, որ մենք սպասում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀԿ-ին կհանի մրցապայքարից, մեղմ ասած, միամտություն կլինի, ԿԸՀ-ն անգամ չի արձանագրում չնչին խախտումները… Ասել, որ հիմա՝ վերջ, ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, եթե մեկը բողոքարկի Սահմանադրական դատարանում (իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միշտ բողոքարկող կա), ևս միամտություն կլինի: ՀՀ իշխանությունները, կարծում եմ, պլանավորում էին տեղամասերում ունենալ մաքուր ընտրություններ և վերջում հայտարարել, որ «տեսեք՝ մենք, ի վերջո, լեգիտիմ ընտրված իշխանություն ենք»: Իմ կարծիքով՝ սա մի քիչ տապալվեց: Այս պատմությունից հետո դժվար կլինի բաց ճակատով կանգնել ու ասել՝ ընտրությունները եղել են ազատ ու արդար: Եթե նախկինում խոսում էին վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց չկային փաստեր, ապա դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների այս պատմությունը փոխեց այդ իրականությունը:

«Պրեսսինգ» ակումբի քննարկումների աջակիցն են «ԴԵՊՈՊ» Կառավարման ինստիտուտը և «Ազատ Ֆարմա» շվեյցարական ընկերությունը։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ
ՌԱԶՄԻԿ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարները` «168 Ժամի»

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-23
Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին՝ պայմանավորվածությունները տապալելու մեջ
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին: