ВЦИОМ-ի նոր հարցումը․ ՀՀԿ-ն 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին

ВЦИОМ-ն առայժմ միակ ընկերությունն է, որ չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշերը, այլև առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները՝ այդպիսով հաշվարկելով կուսակցությունների և դաշինքների վարկանիշերը, այսպես ասած, իրական ընտրական ընթացակարգով։ Այս դեպքում ՀՀԿ-ն գրեթե 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին (ԾԴ)՝ հավաքելով 44% (ԾԴ-ի 36%-ի դիմաց)։ Հաշվի առնելով ընտրանքային սխալի չափը, ԱԺ-ում հայտնվելու հայտ են ներկայացնում նաև ԵԼՔ-ը (6%), ՀՅԴ-ն (5%) և «Հայկական Վերածնունդը» (4%): Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ունի առավել արդյունավետ տարածքային ռեսուրս, ինչն օգնում է այդ կուսակցությանը՝ առավել լավ արդյունք գրանցել վարկանիշային թեկնածուների միջոցով։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՀԿՈւԿՀ (ВЦИОМ)-ի կողմից հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները փաստում են, որ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացել է 2%-ային կետով (կազմում է 21%) և գրեթե հավասարվել  «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին (22%), որը կորցրել է 4%-ային կետ։ Սա՝ այն պարագայում, երբ հարցվածների գրեթե 40%-ը չի կողմնորոշվել, կամ հրաժարվում է պատասխանել հարցին։ Եթե արդյունքները դիտարկում ենք կողմնորոշվածների/մասնակիցների մեջ, ապա ԾԴ-ն ունի 41%, ՀՀԿ-ն՝ 39%, ԵԼՔ-ը` 8%, ՀՅԴ-ն՝ 4%:

Հարցումը ցույց է տալիս, որ չնայած բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից և տնտեսական զարգացման տեմպերից, սակայն հարցվողների մեծամասնությունը՝ 72%-ը, դրական են գնահատում Կ․Կարապետյանի ձևավորած կառավարությունը։ Ինչպես նշում է ВЦИОМ-ի տնօրենը, Կ․Կարապետյանի դրական իմիջը հենց ամենաշատն է ազդում ՀՀԿ-ի վարկանիշի բարձրանալու վրա՝ հանդիսանալով վարկանիշային թեկնածուներից հետո երկրորդ գործոնը։ Հետաքրքրական է, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունն ընտրություն կատարելիս կողմնորոշվում է թեկնածուների անձնական հատկանիշներով, ոչ թե նրանց կուսակցական պատկանելությամբ, իսկ իդեալական թեկնածուն, նրա խոսքերով՝ բանակցելու ունակությամբ երիտասարդ ռեֆորմատորն է, ինչպիսին հարցվողներն ամենից շատ տեսնում են գործող վարչապետ Կ․Կարապետյանին։

Հիշեցնենք, որ հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում, 2017 թվականի մարտի 17-24-ը` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ: Այն իրականացվել է դեմ առ դեմ մեթոդով:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս