Երեք տարեկանի ճգնաժամ

Ինչպես բոլոր տարիքային ճգնաժամերը, այնպես էլ երեք տարեկանի ճգնաժամն ունի ժամանակավոր և անցողիկ բնույթ, եթե կա համապատասխան վերաբերմունք և համբերատարություն: Եթե ծնողները կարողանան հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ունի այս տարիքում ճգնաժամի արտահայտումը, և այդ ընթացքում ինչպես է պետք վարվել երեխայի հետ, ապա տվյալ փուլն ավելի հանգիստ և հանդուրժողաբար կընդունվի: Ծնողը պետք է հասկանա, որ երեխայի կողմից արտահայտած բացասականն ու հակադրումն իր դեմ չէ, այլ դա ընդամենը երեխայի հարմարումն է նոր կյանքի փուլին:

Երեք տարեկանի ճգնաժամի դրսևորման ձևերը

Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կարելի է նկատել այս ճգնաժամի դրսևորումը: Առհասարակ, երեք տարեկանի ճգնաժամը պարտադիր չէ, որ հենց երեք տարեկանում սկսվի, այն կարող է արտահայտվել ինչպես մեկ ու կես տարեկանում, այնպես էլ ավելի ուշ՝ չորս կամ հինգ տարեկանում:

Երեք տարեկանի ճգնաժամն առկա է, եթե երեխան.

  • Անընդհատ ճշգրտում է թույլատրելիի սահմանը
  • Ցանկացած պատճառով կամ առանց դրա դրսևորում է հիստերիա
  • Խանութում առանց լսելու՝ լաց լինելով, ցանկանում է որևէ խաղալիք
  • Զբոսնելիս վազում է Ձեզ հակառակ ուղղությամբ
  • Չի արձագանքում խնդրանքին և «Չի կարելիին»
  • Ձեր ցանկացած առաջարկ բացասական է ընդունում
  • Ամեն բանի պատասխանում է՝ «Ոչ», «Չեմ ուզում», «Չեմ անի»
  • Ամեն բան փորձում է անել ինքնուրույն, եթե չի ստացվում՝ լաց է լինում
  • Ոչ մի կերպ չի համոզվում:

Երեք տարեկանի ճգնաժամի դրսևորման պատճառները

Երեք տարեկանում երեխան փորձում է տարանջատել սեփական ԵՍ-ը ծնողի ԵՍ-ից: Նա սկսում է գիտակցել իրեն՝ որպես առանձին, ինքնուրույն անձ՝ սեփական պահանջներով, որոնք պետք է պնդել: Այս տարիքի ճգնաժամը հաճախ արտահայտվում է ցուցադրական, նույնիսկ ահաբեկող վարքային դրսևորմամբ: Երեխան անտեղի հիստերիայի մեջ է ընկնում՝ չհամաձայնելով ոչնչի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ երեխան միտումնավոր, ընդդեմ ծնողի է նման վարք դրսևորում: Բնականաբար, այս ամենը ծնողի համար անտանելի է դառնում, սակայն պետք է հիշել, որ երեխայի «Չէ» ասելն և հակառակվող վարքն ուղղված չէ իրենց դեմ: Նա ինքնահաստատվելու համար ուղղակիորեն այլ միջոց չգիտի՝ որպես առանձին անձ: Իսկ թե ինչպե՞ս երեխան կհաղթահարի այս փուլը, պետք է նրա համար օրինակ լինեն ծնողները:

Հոգեբանի դիտարկում՝ ինչպես պետք է վարվեն ծնողները

  • Մի փորձեք վերափոխել, դաստիարակել կամ «կոտրել» երեխային

Եթե ծնողը բախվել է երեք տարեկանի ճգնաժամի հետ, ապա նա առավելագույնս պետք է պահպանի հավասարակշռություն: Պետք չէ երեխային պատժել և, հակառակը, մատնել ամենաթողության: Հիստերիայի դրսևորման ժամանակ փորձեք համառիկի ուշադրությունը շեղել մեկ այլ երևույթով, իսկ եթե չի ստացվում, ապա ուղղակի սպասեք, մինչև նա կհանգստանա: Սակայն, երբ երեխան հանգստանա, անպայման տվյալ իրավիճակի մասին խոսեք, քննարկեք կատարվածը, դրական և բացասական կողմերը, բացատրեք, որ իրեն առաջվա պես սիրում եք, սակայն նման վարքը ձեզ շատ է վշտացնում, դուք ձեզ լավ չեք զգում, և, որ շրջապատում նման վարքն ընդունելի չէ:

  • Ընտրության հնարավորություն տվեք երեխային

Եթե երեխան ցանկանում է լինել ինքնուրույն, ապա թույլ տվեք ինքնուրույն որոշում կայացնել: Մի պարտադրեք ուտել ապուր, այլ հարցրեք՝ նա կցանկանա՞ ուտել ապուր: Եթե միասին զբոսնում եք և ունեք գնումներ, ապա նրան հարցրեք՝ առաջինը որտե՞ղ կցանկանա այցելել՝ խանո՞ւթ, թե՞ դեղատուն: Հաճախ օգնության է գալիս նաև հակառակվելու ռազմավարությունը: Եթե այնպիսի իրավիճակ է, որ պետք է երեխային արագ տանեք մանկապարտեզ, իսկ նա կամակորություն է անում, ապա դուք պնդեք, որ այդ օրը նա չի գնալու: Հանուն հակառակվելու և ԵՍ-ը շեշտելու համար՝ երեխան կասի, որ՝ ոչ, պետք է գնա: Այս դեպքում անպայման նշեք, որ հիմա դուք ընդառաջ եք գնում իր ցանկությանը, սակայն հաջորդ անգամ երեխան պետք է ձեզ ընդառաջ գնա:

  • Օգնեք երեխային ընդունել ինքն իրեն

Երեխան պետք է հավատա, որ չնայած իր ներկա վարքային խնդիրներին՝ ինքը լավն է: Գովեք երեխային, եթե կատարել է ձեր խնդրանքներից գոնե մեկը, ապա շեշտեք այն և բարձրաձայնեք, որ նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում:

  • Դիմեք մասնագետի՝ հոգեբանի

Եթե դուք չեք կարողանում կառավարել իրավիճակը, դյուրագրգիռ եք, ագրեսիվ, կամ հակառակը՝ հանձնվում եք, ապա Ձեզ կօգնի հոգեբանը: Մանկական հոգեբանը Ձեզ կհուշի՝ ինչպես ճիշտ վարվեք, ինչպես Ձեր մեջ հավաքեք ուժ և համբերություն՝ դիմադրելու և ընդառաջ գնալու երեխայի զարգացման այս բարդ փուլին:

Ինչպե՞ս է ավարտվում երեք տարեկանի ճգնաժամը

Թե որքան կընթանա երեխայի կամակորությունը՝ դժվար է ասել: Շատ երեխաներ այդ ճգնաճամը հաղթահարում են առանց դրսևորումների, նույնիսկ աննկատ, ոմանք էլ ուղղակիորեն կանգ են առնում այդ փուլում: Տևողությունը հիմնականում կախված է ծնողների վարվեցողությունից: Իր ձևավորման ճանապարհին երեխան մի քանի անգամ է բախվելու նման ճգնաժամերի: Տարիքային հոգեբանները երեք տարեկանի ճգնաժամը համարում են անձի ձևավորման առաջնակետը:

Երեք տարեկանի ժգնաժամը պետք է ապրել և սպասել ավարտին, ինչպես անում ենք եղանակային որևէ դրսևորման դեպքում: Հետևելով վերը նշված դիտարկումներին՝ կօգնեք երեխային և շրջապատին՝ հնարավորինս արագ, անվնաս հաղթահարել այս բարդ և կարևորագույն շրջանը:

Տեսանյութեր

Լրահոս