«Բոլորս գիտենք՝ որտեղից է եկել այդ պլանը». ամերիկացի համանախագահն ակնարկեց, որ բանակցային սեղանին «Լավրովի պլանն» է

«Մենք դա չենք անվանում Լավրովի պլան»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության ընդհատված բանակցային օրակարգում գտնվող ներկայիս պլանին և Լավրովի ծրագիր անունը ստացած կարգավորման ծրագրին։

Հարցին, թե օրակարգում կա՞ «Լավրովի պլան» անվանումը ստացած որևէ ծրագիր, Հոգլանդը պատասխանեց, որ կարող է լրագրողներին ներկայացնել ներկայումս շրջանառվող ծրագրի մանրամասները, որը լրագրողն անվանեց՝  «Լավրովյան ծրագիր»։ «Դիվանագիտորեն թույլ տվեք ասել, որ մենք այդ հասկացությունը կամ արտահայտությունը չենք օգտագործում։ Կա պլան, որը շրջանառվում է։ Ի՞նչ է դա։

Այն շատ համընդգրկուն է, այն երեք մասից է բաղկացած, բայց տեղին չէ, որպեսզի ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ, քանի որ երկու կողմերը, որոնք բանակցում են դրա շուրջ, պետք է առանձին հարցերի շուրջ դեռևս աշխատեն։ Դիվանագիտությունն այնպիսին է, ինչպիսին թղթախաղը, բոլոր խաղաքարտերը չես կարող սեղանին դնել։ Երբ ինչ-որ պլան կա, շատ լավ է, երբ դա կա, բայց ինչ-որ մի մաս այդ պլանից կարող է փոփոխությունների կարիք ունենալ, մենք նախապես բոլոր մանրամասների մասին չենք խոսում»,- ասաց դեսպանը։

Նա նաև պարզաբանեց, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները համաձայնել են ընդունել այդ ծրագիրը։ Ըստ նրա՝ հակամարտող երկու կողմերն էլ հստակ պատկերացնում են այդ պլանը, բայց դա չի նշանակում, որ նրանք համաձայն են դրան։ Հոգլանդի խոսքով՝ շրջանառվող այդ ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է։ «Ես բացարձակապես վստահ եմ, որ բոլոր կողմերի ղեկավարները շատ լավ հասկանում են, թե ինչ է այդ պլանում։ Դիվանագիտության խնդիրն այն է, որպեսզի ձևավորվեն պայմաններ, որպեսզի նրանք սեղանի շուրջ լինեն, և այն հարցերի շուրջ, որտեղ կան համաձայնություններ, կարողանան հնչեցնեն»,- ասաց համանախագահը։

Ճշգրտող հարցին, թե այդ ծրագիրը ռուսակա՞ն համանախագահության նախաձեռնությունն է, Հոգլանդը պատասխանեց, որ դժվար հարց է պատասխանելու համար։ Նա նկատեց, որ տարիների ընթացքում ինքը շատ պլանների է ծանոթացել։ «Այն պլանը, որն այժմ սեղանին է դրված, արմատականորեն չի տարբերվում նախկինում շրջանառված պլաններից։ Թե ո՞ր երկիրն է սեղանի շուրջ ուշ գիշերով կազմել այս ծրագիրը, ես չեմ ցանկանում մեկնաբանել։ Կարող եմ ասել, որ սա շատ լավ, միջազգայնորեն հավանության արժանացած պլան է, ԵԱՀԿ-ն, համանախագահներն են աջակցում դրան, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են աջակցում այդ ծրագրին»,- հստակեցրեց Հոգլանդը։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կցանկանան բանակցել այդ պլանի շուրջ։

«Մենք ձգտում ենք դրան, մենք ցանկանում ենք, որպեսզի ԱԳ նախարարները միմյանց հետ նստեն, անհամաձայնության տեղիք տվող հարցերի շուրջ միասին աշխատեն, խոսեն այդ հարցերի մասին, դրանից հետո՝ երբ լինեն հարմար պայմաններ, երկու նախագահները նստեն և միմյանց հետ խոսեն, նրանք ևս կարող են արդեն անհամաձայնության տեղիք տվող հարցերին անդրադարձ կատարել՝ լավագույն դիվանագիտական ավանդույթներով հասնել այնպիսի լուծման, որում բոլոր կողմերը կարող են շահող համարվել։

Ձեզ դուր չի գա, եթե ասեմ, բայց մենք չենք օգտագործում այդ անվանումը, մենք չենք ասում՝ «Լավրովի պլան», մենք բոլորս գիտենք՝ դա որտեղից է եկել, բայց դիվանագիտորեն մենք սա կոչում ենք՝ «բանակցային սեղանին գտնվող պլան, առաջարկ»։ Ես հետևում եմ այն ստանդարտ բնութագրին, որը կիրառվում է»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։ Նա նաև պարզաբանեց, որ այն, ինչ այժմ սեղանին է, տարբեր պլանների հղկված, փայլեցված տարբերակն է։ «Արդյո՞ք կրկնօրինակն է նախկին պլաններից մեկի, ոչ, սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լինել»,- ասաց համանախագահ Հոգլանդը։

Տեսանյութեր

Լրահոս