«Դպրոցների տնօրենների կողմից կատարված ցուցակագրման դեպքերը պարունակում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ». Հերիքնազ Տիգրանյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավրախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ դպրոցների տնօրենների կողմից կատարված ցուցակագրման դեպքերը պարունակում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Այսօր կազմակերպված «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ թեև ԸՕ-ում հստակ տերմին չկա այն մասին, որ ցուցակագրումն արգելվում է, բայց կան քարոզչության կանոններ ու որոշակի սահմանափակումներ, որոնք նախատեսված են քարոզչություն իրականացնող անձանց համար.

«Միամիտ կլինի կարծել, որ այն նույն բառերը, որով խոսում է քաղհասարակությունը, գտնենք նաև Ընտրական օրենսգրքում։ Ի՞նչն է խախտվում օրենսդրությամբ. նշվեց սուբյեկտների շրջանը, դրանք մանկավարժներն են, որոնք, թեև ԸՕ-ով քարոզչություն իրականացնելու արգելք ունեցող սուբյեկտ չեն, բայց նրանց համար կա հստակ սահմանափակում. իրենց լիազորություններն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ։ Կարող ենք հակադարձել, որ մանկավարժները ցուցակագրելով՝ չեն իրականացրել քարոզչություն, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ ՝մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին, բայց ԸՕ 22-րդ հոդվածը հստակ արգելում է ընտրողի ազատ կամքի արտահայտման վրա ներգործությունը։

Նաև կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի ազատության վրա ազդելու դեպքերում, ինչը նշանակում է, որ տնօրենները՝ ունենալով ծառայողական որոշակի ենթակայության հարաբերություններ իրենց մանկավարժների, ծնողական համայնքի նկատմամբ, երբ իրականացնում են հավաքագրման գործողություններ, արդեն իսկ իրենց դիրքով ազդում են ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա։ Սա քննարկման և որակման հարց է, որի գնահատականը պետք է տա իրավապահ մարմինը։ Այսինքն՝ այսօր ես տեսնում եմ նաև քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ»։

Այս հրապարակումից հայտնի դարձած մյուս կարևոր հանգամանքը նա համարում է ընտրատարածքների հանձնաժողովների անդամների կամ նախագահների ներգրավվածությունն այս գործընթացներում. «ԸՕ-ն հստակ արգելում է վերջիններիս՝ քարոզչությամբ զբաղվել։ Այս ամբողջ հավաքագրումը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ թիմի համար աշխատանք և քարոզչություն։ Այսինքն՝ այստեղ թույլ է տրվել վարչական իրավախախտում, կա համապատասխան սանկցիա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում՝ այն դեպքերում, երբ քարոզչությունն իրականացվում է դրա լիազորությունը չունեցող անձանց կողմից»։

Նրա խոսքով՝ մի թերություն կա մեր ԸՕ-ում. «Չկա որևէ պատասխանատվություն այն դեպքում, երբ սուբյեկտն իրավունք ունի քարոզչություն իրականացնելու, բայց այն իրականացնում է սահմանված կարգի խախտմամբ»։

Իրավապաշտպանը նշեց, որ մինչև հիմա հայտնի դարձած փաստերով վարույթներ չեն հարուցվել, որպեսզի տեսնեն՝ ինչ տեսակի չարաշահումներ կան, կամ ում կողմից են դրանք կատարվել. «Մենք ակնկալում ենք, որ ԿԸՀ-ն ԸՕ-ով սահմանված կարգով պետք է դիմի դատարան, և դատարանն է քննելու՝ արդյոք այդ փաստերը հանգեցնելո՞ւ են տվյալ կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն։ Այսինքն՝ այս դեպքում ԿԸՀ-ն ոչ թե ընդամենը փաստերը քննող, հանգամանքները վերլուծող, այլ դիմումի հիման վրա վարույթ կայացնող և որոշում ընդունող միջնորդ մարմին է, բայց, ի վերջո, որոշում կայացնելու է դատարանը»։

Տեսանյութեր

Լրահոս