Որտեղ ընտրություններ՝ այնտեղ ընտրախախտումներ

Երբ մենք խոսում ենք կայացած ժոդովրդավարությունից, մշտապես Միացյալ Նահանգները բերում ենք՝ որպես փայլուն օրինակ։ Իրականում հենց այդպես էլ կա։ ԱՄՆ-ում ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն էլ կայացած են, ունեն հարյուրամյակների պատմություն, իսկ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները բացարձակ արժեք են։ ԱՄՆ-ում քաղաքացիներն ընտրում են Նախագահ և փոխնախագահ, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներ, նահանգապետեր, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքապետներ և նույնիսկ շերիֆներ։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում ընտրովի պաշտոնյաների թիվը կազմում է շուրջ 520.000 մարդ։

Ցանկացած ժողովրդավարական պետությունում ընտրական իրավունքի իրագործումը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այլ պետության կյանքին մասնակից լինելու գործուն մեխանիզմ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այս առումով ոչ միայն ժողովրդավարական պետություն է, այլև համաշխարհային առաջամարտիկներից է, որն իր արժեքները քարոզում է ամբողջ աշխարհում և ընտրական գործընթացներով շատ հաճախ պայմանավորում է այս կամ այն պետության հետ իր քաղաքական հարաբերությունները։

Արդյո՞ք ժողովրդավարական այս պետությունում անցկացվող ընտրական գործընթացներում խախտումները բացառված են։ Բնականաբար՝ ոչ։ Նույնիսկ ԱՄՆ-ը ապահովագրված չէ ընտրախախտումներից։ Նախագահ Թրամփը վերջին ընտրությունների վերաբերյալ հայտնել էր իր դիրքորոշումը՝ ասելով, որ 2016 թվականի ընտրությունների ընթացքում ընտրախախտումները կրել են մասսայական բնույթ։ Նորընտիր նախագահն իր հաղթանակից հետո Twitter-ի իր էջում գրել էր մեզ այդքան ծանոթ հետևյալ նախադասությունը.

«Պետք է հետաքննել կրկնակի ընտրությունների, ընտրելու համար տարբեր նահանգներում գրանցվածների, ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց և վերջապես այն դեպքերը, երբ ընտրելու համար գրանցված են եղել մահացածները, այն էլ՝ շատ երկար ժամանակ առաջ»։

Իրականում Թրամփը Քլինթոնին պարտվել էր ձայների մեծամասնությամբ (popular vote), սակայն հաղթել էր ընտրիչների ձայների քանակով (electoral college)։ Ըստ այդմ՝ Քլինթոնը Թրամփից մոտ երեք միլիոն ավելի ձայն էր ստացել, սակայն ընտրիչների ձայները բաշխվել էին 306 Թրամփ, 232 Քլինթոն հարաբերակցությամբ, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270 ձայն։

Ընտրություններից հետո Թրամփը համարում էր, որ «popular vote»-ում իր պարտությունը պայմանավորված է հենց ընտրական խախտումներով։ Քանի որ Թրամփի այս հայտարարությունը շատերի կողմից ընկալվեց՝ որպես քաղաքական կամ պոպուլիստական հայտարարություն, կանդրադառնամ ընտրախախտումների այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել ավելի վաղ։

«Վաշինգթոն Թայմզի» ուսումնասիրությունները մի շարք բացահայտումներ են արել ընտրախախտումների վերաբերյալ։ Օրինակ, Կոլորադոյում գրանցվել են մահացած մարդկանց կողմից ընտրություններին մասնակցելու բազմաթիվ դեպքեր։ 2006 թվականին ընտրություններին մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մի վետերան։ Մեկ այլ կին, ով մահացած է եղել 2009 թվականին, մասնակցել է 2011, 2012, 2013 թվականներին անցկացված տարբեր ընտրությունների։ Վիրջինիայում 1046 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել ընտրելու համար։

Ավելին, այս նահանգում հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ 20 մահացած քաղաքացի է գրանցվել ընտրելու համար։ Փենսիլվանիայում 700 քաղաքացի կրկնակի ընտրություն է կատարել, իսկ 43.000 քաղաքացի երկու անգամ է գրանցվել նույն կամ տարբեր նահանգներում՝ ընտրելու համար։ Տեխասում եղել են դեպքեր, երբ օնլայն ընտրություն է իրականացվել առանց անձնագրերի ստուգման։ Վիսկոնսինում 6 անչափահաս է մասնակցել ընտրություններին, և այլն։

Այս դեպքերը միանշանակ կարելի է շարունակել և հետևություն անել, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հարյուրամյակների պատմություն ունեցող, ընտրական կայացած համակարգ ունեցող երկրում, թե՛ տեխնիկական, և թե՛ մարդկային գործոնի արդյունքում՝ ընտրությունները չեն կարող բաց, թափանցիկ և անթերի լինել։ ԱՄՆ-ը, իհարկե, այս թերություններով հանդերձ՝ իրավամբ համարվում է ժողովրդավարական պետություն, որի ընտրական համակարգը, ինչպես և աշխարհի ցանկացած ընտրական համակարգ, զարգանալու և կատարելագործվելու կարիք ունի։

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Տեսանյութեր

Լրահոս