Նոր փուլ ԱՄՆ-Իրան հարաբերություններում. Կվերանայի՞ Թրամփը միջուկային համաձայնագիրը, թե՞ ոչ
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
- Չնայած 2015թ. Վիեննայում ստորագրվեց միջուկային համաձայնագիրը, սակայն Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
- ԱՄՆ-ում Իրանի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում է ԱՄՆ հրեական լոբբին, որը մեծ ազդեցություն ունի նախագահ Թրամփի վրա:
- Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն և միջուկային համաձայնագիրը խզելուն դեմ են ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները և Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև մեծ թվով ազդեցիկ գործիչներ հենց ԱՄՆ-ում:
- Չնայած երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամին` հույս կա, որ կողմերը կփորձեն երկխոսության, այլ ոչ դիմակայության միջոցով լուծել առկա խնդիրները:
ՆԱԽԱԲԱՆ
2015թ. Իրանի և այդ երկրի միջուկային ծրագրի հարցերով միջազգային վեցյակի միջև «Համալիր գործողությունների համատեղ պլանի» (ՀԳՀՊ) ստորագրումից հետո թվում էր, թե տասնամյակների ընթացքում լարված ԱՄՆ-Իրան հարաբերությունները վերջապես կբարելավվեն և նախապատժամիջոցային ժամանակահատվածին հետադարձ այլևս չի լինի: Սակայն այդ պատմական համաձայնագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց երկկողմ հարաբերությունները նորից սրվել են: Այժմ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներին և միջազգային հանրությանը հուզող հարցերից մեկն էլ այն է, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որքան հեռուն կգնա իր հակաիրանական քաղաքականության մեջ և կչեղարկի՞ միջուկային համաձայնագիրը, թե՞ ոչ: Այդպիսի մտավախություններ առաջացան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ նախագահ ընտրվելու դեպքում չեղյալ կհայտարարի Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը, իսկ նախագահ ընտրվելուց հետո Իրանի նկատմամբ անմիջապես կոշտ դիրքորոշում որդեգրեց:
ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Չնայած Վիեննայում ստորագրված միջուկային համաձայնագրին՝ այն ժամանակ շատ վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում առաջիկայում մեծ ճեղք չի առաջանա, քանի որ նրանց միջև եղած հակասությունները շատ խորն են: Ավելին, համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում կրկին սրվեցին այդ երկրների միջև հարաբերությունները:
Այսպես, նախորդ տարվա գարնանն Իրանը փորձարկեց նոր բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են հակառակորդի թիրախները խոցել 300-ից մինչև 2000կմ հեռավորության վրա: Այդ փորձարկումները մեծ անհանգստություն առաջացրեցին Միացյալ Նահանգներում, քանի որ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ դրանք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել: Այդ կապակցությամբ ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարեց, որ նոր բալիստիկ հրթիռների փորձարկումը սադրանք է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ: Իրանում, սակայն, հավաստիացնում են, որ այդ հրթիռները երբեք նախատեսված չեն եղել միջուկային մարտագլխիկներ կրելու համար, և դրանց փորձարկումը չի հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 2231 բանաձևին։
Դրանից կարճ ժամանակ անց` ապրիլի 20-ին, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որով թույլատրվում է բռնագրավել ամերիկյան «City Bank»-ի հաշիվներում ավանդադրված Իրանի՝ շուրջ 2 մլրդ դոլարի սառեցված պետական ակտիվները: Պատճառը 1983թ. Լիբանանում ԱՄՆ զինծառայողների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հայցն էր ընդդեմ Իրանի, ովքեր փոխհատուցում էին պահանջում այդ ահաբեկչության հետևանքով սպանված ամերիկացի 241 խաղաղապահների համար: Այդ ահաբեկչության համար ԱՄՆ-ում կասկածում են Հզբոլահին և նրա հովանավոր Իրանին, սակայն վարկածը մինչ այժմ ապացուցված չէ: Իրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունն այդ ահաբեկչական գործողությանը:
Ի պատասխան վճռի` Իրանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան և պահանջում է չեղյալ հայտարարել այդ որոշումը: ԱՄՆ-ի դեմ ներկայացված իր հայցում Իրանը դատարանին կոչ է անում այդ վճիռը դիտարկել Միացյալ Նահանգների և Իրանի միջև 1955թ. կնքված բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի խախտում: Իրանը հայտարարել է, որ այդ պայմանագրի համաձայն՝ Միացյալ Նահանգներն իրավունք չուներ միակողմանիորեն բռնագրավել իրանական ակտիվները, և կողմերը պետք է խնդիրը լուծեն փոխադարձ հավասարության հիման վրա: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի օրենքներով Գերագույն դատարանն իրավունք չունի ձերբակալելու Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլարի սառեցված ակտիվները: Իրանցիները պնդում են, որ միջազգային իրավունքով ազգային և միջազգային օրենքների միջև հակասություններ առաջանալու դեպքում նախապատվությունը պետք է տրվի միջազգային օրենքներին:
Իրանի խորհրդարանը նաև օրենք ընդունեց ամերիկյան լայն սպառման ապրանքների ներկրումն արգելելու մասին: Իրանցի պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին օրինագծին՝ «հաշվի առնելով Իրանի նկատմամբ մշտական թշնամանքը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից իրանական միջուկային համաձայնագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների անտեսումը»:
Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Սենատն Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օրինագիծ ընդունեց: ԱՄՆ նախկին նախագահ Օբաման վետո կիրառելու հնարավորություն ուներ, սակայն չօգտվեց այդ իրավունքից, և օրենքն ուժի մեջ մտավ: Որպես պատժամիջոցների երկարաձգման պատճառ նշվում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը, Իրանում մարդու իրավունքների խախտումները և ահաբեկչությանն աջակցությունը:
ԱՄՆ Կոնգրեսի ընդունած այդ որոշումը միակողմանի է և չի ենթադրում պարտադիր կատարում ամերիկացի դաշնակիցների համար: Այն չի նախատեսում ԱՄՆ-ի ելքը Միջուկային համաձայնագրից և համաձայնությունների խախտում: Առաջին անգամ այդ օրինագիծն ընդունվել է 1996թ., որը երկարաձգվել է մինչև 2006թ., և այժմ այն մինչև 2026թ. ևս 10 տարով երկարաձգվել է:
Դրան հետևեց Իրանի նախագահ Ռոուհանիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ Սենատի կողմից պատժամիջոցների երկարաձգումը «Համալիր գործողությունների համատեղ պլանի» կոպիտ խախտում է: Ռոուհանին նշեց նաև, որ Իրանը երբեք չի եղել և չի լինի այդ համաձայնագրի խախտողը:
Ի պատասխան Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու ԱՄՆ Սենատի ընդունած օրենքին` Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին նաև Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության տնօրենին հրահանգեց միջուկային խաղաղ նպատակներով ծրագրերի իրագործման և միջազգային պարտավորությունների շրջանակներում ծովային փոխադրության բնագավառում օգտագործման համար նախագծել ու արտադրել միջուկային շարժիչներ:
Իրանի իշխանությունները նաև ԱՄՆ-ին մեղադրեցին այն բանում, որ վերջինս հող է նախապատրաստում Միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:
Իսկ նախորդ տարվա հունվարի 29-ին Իրանը հերթական անգամ բալիստիկ հրթիռներ փորձարկեց, որից հետո ԱՄՆ Կոնգրեսում նոր օրինագիծ մտցվեց, որտեղ Միացյալ Նահանգների նախագահին իրավունք էր տրվում ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ, եթե վերջինս փորձի միջուկային զենք ստանալ:
Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը հատկապես կոշտացավ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: ԱՄՆ նորընտիր նախագահի ստորագրած առաջին հրամաններից մեկն էլ այն էր, որ արգելվում է 7 երկրների` Իրանի, Ւրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիներին 90 օրով վիզաների տրամադրումը: Այն կոչվում է «Երկիրն օտարերկրյա ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին» հրամանագիր, որով Իրանը, փաստորեն, մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Թրամփն այդ հրամանագրի ընդունումը բացատրել է երկիրն ահաբեկիչներից պաշտպանելու ցանկությամբ, սակայն հետաքրքիրն այն է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացրած անձինք Սաուդյան Արաբիայի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրաթների և Եգիպտոսի քաղաքացիներ էին, իսկ այդ երկրներից ոչ մեկը չի ընդգրկվել սահմանափակումների ցուցակում:
Բացի դրանից Սպիտակ տունը պատժամիջոցներ սահմանեց իրանական 8 կազմակերպությունների նկատմամբ, որոնց ամերիկյան վարչակազմը կասկածում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Եվս 17 ընկերություններ ու կազմակերպություններ կարող են ներառվել այդ ցուցակում, որոնք մեղադրվում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման մեջ: Իսկ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, վերջերս տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորությունը:
Պատժամիջոցները, ըստ էության, կապված են հունվարի 29-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ: Այսինքն դրանք որևէ կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ:
Թրամփը նաև հայտարարել է, որ «Իրանն առավել շատ տարածքներ է նվաճում Իրաքի տարածքում: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում արդեն երեք միլիարդ դոլար է ծախսել»:
Ուշագրավ էր նաև այն, որ Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով պայմանավորված՝ ԱՄՆ-ի ուժերը Պարսից Ծոցում բերվեցին մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։
Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և Իսրայելն աշխատանքային խմբեր կստեղծեն մի շարք ոլորտների համար, այդ թվում՝ Իրանին հակազդելու ու Պաղեստինի տնտեսությունը զարգացման համար։
ՈՎՔԵՐ ԵՆ ԿՈՂՄ, ԵՎ ՈՎՔԵՐ` ԴԵՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆԸ
ԱՄՆ-ում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուն ի սկզբանե դեմ էր հրեական լոբբին և Հանրապետական կուսակցության մեծամասնությունը: Դեռևս 2013թ., երբ Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրվեց Ժնևի համաձայնագիրը, հրեական լոբբիի ազդեցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 սենատորներ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենքի նախագիծ մշակեցին, որը, սակայն, հանդիպեց Սպիտակ տան կոշտ դիմադրությանը, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման սպառնաց վետո կիրառել:
2015թ. մարտի 9-ին ԱՄՆ Սենատի 47 անդամներ Իրանի հետ տարվող բանակցությունները տապալելու համար նամակ գրեցին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ ընդգծելով, որ ցանկացած համաձայնագիր, որը չհաստատվի Կոնգրեսի կողմից, կրելու է ժամանակավոր բնույթ, և Օբամայի նախագահության ավարտից հետո այն կարող է վերանայվել ԱՄՆ Սենատի կողմից։
Իսրայելի վարչապետ Բ. Նաթանյահուն մի քանի անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսում, հանդես եկավ ելույթներով, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարներին կոչ արեց ոչ մի կերպ Իրանի հետ համաձայնության չգալ` նշելով, որ այդ երկիրը սպառնալիք է միջազգային հանրության համար, այնտեղ խախտվում են մարդու իրավունքները և այլն: Իսկ վերջերս, երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում է ԱՄՆ-ի իր կոլեգայի հետ քննարկել միջուկային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու հարցը: Իսրայելի վարչապետն այդ պայմանագիրը համարում է «պատմական սխալ»:
Իր հերթին ԱՄՆ նորընտիր նախագահը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է ավելի մերձեցնել Իսրայելի հետ հարաբերությունները: Նա նույնիսկ ցանկություն է հայտնել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
ԱՄՆ նախագահի կողմից իրականացվող ակնհայտ հակաիրանական քաղաքականությունն առաջին հերթին պայմանավորված է Թրամփի մերձավոր շրջապատում հրեական ազդեցիկ անձանց գործոնով, որոնք մեծ դեր են խաղում որոշումների կայացման գործընթացում: Սպիտակ տան նոր ղեկավարի աշխատակազմում բավականին կարևոր պաշտոններ են զբաղեցնում ծագումով հրեա պաշտոնյաները, ովքեր հիմնականում իրականացնում են խորհրդատվական գործառույթներ: Նրանց թվում է նաև ԱՄՆ նախագահի 36-ամյա փեսան՝ ազդեցիկ գործարար Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով նաև մերձավորարևելյան և Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությունները:
ԱՄՆ նորընտիր նախագահը չի էլ թաքցնում, որ Իրանի հետ հարաբերությունները սրելու և միջուկային համաձայնագիրը չեղարկելու պատճառը հենց հրեական լոբբին է: «Իրանի հետ համաձայնագիրն աղետ է դարձել Իսրայելի համար։ Դա անիմաստ է ինչպես բանակցությունների մակարդակով, այնպես էլ իրականացման։ Այն ամենը, ինչ վերաբերում է այդ համաձայնագրին, սարսափեցնում է», – հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահն իսրայելական israelhayom.co.il պարբերականին տված հարցազրույցում։
Իրանի նկատմամբ բավականին թշնամաբար են տրամադրված նաև ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը և Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ովքեր ընդգծված հակաիրանական հայացքներ ունեն: «Թեհրանը միակ և ամենատևական սպառնալիքն է Մերձավոր Արևելքի կայունությանն ու խաղաղությանը», – ժամանակին ասել է Մաթիսը:
Սակայն Միացյալ Նահանգներում կան բավականին մեծ թվով ազդեցիկ գործիչներ, ովքեր դեմ են Իրանի հետ առճակատման գնալու և միջուկային համաձայնագիրը խզելու կամ վերանայելու Թրամփի ծրագրերին: Մասնավորապես, ՀԳՀՊ-ը չեղարկելուն դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման, նրա վարչակազմի օրոք Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջոն Քերրին, ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը և այլ ազդեցիկ մարդիկ: Նրանց կարծիքով այդ համաձայնագրի խզումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին նույնիսկ հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված պատժամիջոցները երկարացնելու մասին օրենքը չի ազդի ՀԳՀՊ-ի վրա, և ԱՄՆ-ի նոր վարչակազմը կշարունակի պահպանել այն:
ԱՄՆ-ի հասարակական կարծիքն այս հարցում նույնպես ոչ միանշանակ է: Վերջերս Մերիլենդի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակվեցին անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը դեմ է Թրամփի կողմից ՀԳՀՊ-ից դուրս գալուն: Հարցվածների 64%-ը կողմ է արտահայտվել ներկայիս միջուկային գործարքի օգտին, իսկ 34%-ը` դեմ:
Մեկ այլ հարցման տվյալներով ամերիկացիների մեծամասնությունը գլխավոր թշնամի համարում են Իրանին և Հյուսիսային Կորեային:
ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները նույնպես դեմ են միջուկային համաձայնագիրը չեղարկելուն: Այսպես, ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «դա ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագիր է, և Միացյալ Նահանգները չի կարող այն միակողմանիորեն փոխել»: Մոգերինին նաև նշել է, որ ՀԳՀՊ-ի պահպանումը բխում է նաև ԱՄՆ-ի շահերից և զգուշացրել, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ԵՄ-ը չի պաշտպանի այն:
Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը խզելուն դեմ են արտահայտվել նաև Ֆրանսիան, Գերմանիան, իսկ վերջինիս արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:
Եվրոպայում նույնիսկ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիան է հանդես գալիս համաձայնագրի պահպանման օգտին: «Այդ համաձայնագիրը շատ բարդ և արժեքավոր է, և մենք կոչ ենք անում շարունակել այն», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:
«Համալիր գործողությունների համատեղ պլանի» չեղարկմանը դեմ են արտահայտվել նաև Չինաստանը և Ռուսաստանը:
ԿՉԵՂԱՐԿԻ՞ ԹՐԱՄՓԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ԹԵ՞ ՈՉ, ԵՎ Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄԸ
ԱՄՆ-Իրան հարաբերություններում նկատվող լարվածության աճը և միմյանց դեմ ուղղված փոխադարձ քայլերն իրական վտանգ են ստեղծել, որ կողմերը կվերադառնան նախապատժամիջոցային վիճակին: Դրա համար կարող է հիմք հանդիսանալ այն, որ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ խիստ քննադատել էր միջուկային համաձայնագիրը և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում չեղյալ կհայտարարի դա: Նա այդ համաձայնագիրն անվանել էր «աղետ», իսկ այդ պայմանագիրը կնքած ամերիկացի պաշտոնյաներին` «հիմար մարդիկ»:
Հետագայում Թրամփը փոքր-ինչ մեղմեց իր հռետորաբանությունը և արդեն իսկ խոսեց ոչ թե միջուկային համաձայնագիրը խզելու, այլ վերանայելու մասին: Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելուն սկզբնական շրջանում կողմ էին նաև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, սակայն վերջերս նրանք հայտարարեցին, որ նորընտիր նախագահ Թրամփին խորհուրդ կտան պահպանել այն: «Երբ Ամերիկան խոսք է տալիս, մենք պետք է պահպանենք այն և աշխատենք դաշնակիցների հետ», – նշել է Մաթիսը:
Իրանում, սակայն, պնդում են, որ ՀԳՀՊ-ը միջազգային փաստաթուղթ է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, և այն չի կարող միակողմանիորեն չեղյալ հայտարարվել:
Վերջերս էլ Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի ՀԳՀՊ-ից, Իրանը կվերսկսի իր միջուկային ծրագիրը:
Այն, որ Իրանը սահմանված ժամկետում կատարել է միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, հաստատել են նաև ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Սակայն, չնայած ԱՄՆ-Իրան հարաբերություններում սկիզբ առած լարվածությանը՝ բոլորը հասկանում են, որ միջուկային համաձայնագրի խզումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Նախ և առաջ Թրամփի կողմից վարվող ընդգծված հակաիրանական քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Իրանում կմեծանան հակաամերիկյան տրամադրությունները: Իրանում միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո հակաամերիկյան տրամադրությունները որոշ չափով մեղմվել էին, և եթե ԱՄՆ-ը խախտի այն, ապա այդ երկրի նկատմամբ թշնամանքն ավելի կխորանա:
Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են 2004թ.-ից, որի համար պահանջվեց 11 տարի: Շատերն այդ փաստաթուղթն անվանում են դարի համաձայնագիր` հաշվի առնելով 1979թ.-ից ի վեր թշնամական դարձած ամերիկա-իրանական հարաբերությունները և նման համաձայնության հասնելու դժվարությունները։ 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել, սակայն մեծ հաշվով վերջինս կարողացել է հաղթահարել բոլոր արգելքները և աստիճանաբար ավելի ուժեղանալ:
Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և նրան կրկին մեկուսացնելու դեպքում կթուլանան նախագահ Ռոուհանիի դիրքերը, որից առաջիկա նախագահական ընտրություններին կարող են օգտվել նրա մրցակից պահպանողականները, որոնք ի սկզբանե դեմ էին ԱՄՆ-ի և մյուս երկրների հետ փոխզիջումներ ենթադրող որևէ համաձայնագրի կնքմանը և մշտապես կոշտ դիրքորոշում ունեն Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Իրանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու առաջամարտիկները նախագահ Հասան Ռոուհանին և Արտգործնախարար Մոհամեդ Զարիֆն են, ինչի հետևանքով նրանց մշտապես քննադատել են պահպանողական գործիչները:
Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը կդառնա անկանխատեսելի և վտանգավոր երկիր ԱՄՆ-ի և նրա դաշնակից եվրոպական երկրների համար։ Այդ երկիրն ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար ավելի կանխատեսելի է, երբ նրա հետ համագործակցում են, ոչ թե մեկուսացնում:
Վերջիններիս միջև «զսպման և մեկուսացման» քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը վերջնականապես շրջվի դեպի Ռուսաստան և Չինաստան: Օրերս Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք ստեղծել:
Սակայն ԱՄՆ-ում կարծիքներ կան, որ չնայած Թրամփը դիմում է Իրանի հետ հարաբերությունների վատացմանը և կոշտ գծի որդեգրմանը՝ այդ երկրի նկատմամբ միջուկային գործարքի խզում, ամենայն հավանականությամբ, չի լինի: Շատ քաղաքագետների կարծիքով Թրամփը կփորձի վերանայել միջուկային համաձայնագիրը` ԱՄՆ-ի համար ավելի բարենպաստ պայմաններով համաձայնագիր ստանալու համար: Հնարավոր է նաև Թրամփը համաձայնագիրը չխզելու դիմաց փորձի Իրանից զիջումներ կորզել` ամերիկյան մասնավոր ընկերությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստանալով Իրանի շուկա մուտք գործելու հարցում:
Իրականում Վաշինգտոնին պետք են լուրջ լծակներ պահպանել Թեհրանի վրա քաղաքական ազդեցության պահպանման համար, և պատժամիջոցների երկարաձգումը միայն այդ նպատակն էր հետապնդում: ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, մի կողմից կփորձի զսպել Իրանին, բայց նաև մյուս կողմից տնտեսական հարաբերություններ կհաստատի նրա հետ: Իրանի 80 մլն շուկան բավականին գայթակղիչ է ներդրողների համար, իսկ ամերիկյան կապիտալը կփորձի ներդրումներ կատարել այնտեղ: Սա ամերիկյան ավանդական «մտրակի և բլիթի» քաղաքականությունն է: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրականացնի «զսպման և ներգրավման» քաղաքականություն: Այս համատեքստում ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները հավանաբար կվատանան միայն երկկողմ հարթության վրա, իսկ ահա Իրանի «պարանոցին» միջազգային պատժամիջոցների փաթաթումը գրեթե անհնար է:
ԱՄՆ-ում նաև հնչում են տեսակետներ, որ Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումն ընդամենը խորհրդանշական ժեստ է, որը մեծ հետևանքներ չի ունենա: Այդ մասին իրանցի իր կոլեգային հավաստիացնում էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին: Այնուհետև ոչ վաղ անցյալում դա հայտարարեց նաև Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը, ով նշեց, որ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք խոստացել են, որ պատժամիջոցների մասին օրենքներով երբեք իրական ազդեցություն չեն գործի Իրանի տնտեսության վրա, և դա լուրջ հետևանքներ չի ունենա Իրանի համար:
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ
ԱՄՆ-Իրան հարաբերություններում առաջացած լարվածությունը թեև բավականին վատացրել է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը, սակայն Վիեննայում կնքված և «դարի համաձայնագիր» անունը ստացած ՀԳՀՊ-ը ցույց տվեց, որ երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրները միանգամայն լուծելի են: Դրա համար կողմերը պետք է զերծ մնան միմյանց նկատմամբ թշնամական քայլեր ձեռնարկելուց և փորձեն երկխոսության ու համագործակցության միջոցով լուծել առկա խնդիրները:
ԱՄՆ-ի համար բավականին խնդրահարույց է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը: Կարծում եմ՝ Իրանը պետք է զերծ մնա նման հրթիռների փորձարկումից, որն ԱՄՆ-ում և Իսրայելում իսկական տագնապ է առաջացնում:
ԱՄՆ-ի կողմից սուր քննադատությամբ է ընդունվում նաև Իրանի կողմից որոշ կազմակերպություններիn աջակցությունը, որոնց Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչական կազմակերպություններ:
Անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդիպեց պաղեստինյան Իսլամական Ջիհադ կազմակերպության գլխավոր քարտուղար Ռամադան Աբդուլայի հետ և հայտարարեց, որ Երուսաղեմի ազատագրումը և պաղեստինցի ժողովրդի իրավունքների վերականգնումը տարածաշրջանային երկրների գլխավոր գերակայությունն է: Այդ կազմակերպությունն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և մի շարք այլ երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ակնհայտորեն ԱՄՆ-ին և հատկապես նրա դաշնակից Իսրայելին գրգռելու նպատակ ուներ նաև վերջերս Թեհրանում անցկացված պաղեստինյան ինթիֆադային նվիրված 6-րդ միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ծայրահեղ թշնամական հայտարարություններ հնչեցվեցին Իսրայելի հասցեին:
Իրանը բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեց նաև ԱՄՆ-ի նկատմամբ Աստանայում տեղի ունեցած սիրիական հարցով բանակցությունների ժամանակ: Եթե Թուրքիան և Ռուսաստանը կողմ էին արտահայտվում ԱՄՆ-ի մասնակցությանն Աստանայում տեղի ունեցող բանակցություններին, ապա Իրանը կտրականապես դեմ էր Միացյալ Նահանգների հրավիրմանն այդ համաժողովին: Իրանի նախագահը դա բացատրեց ահաբեկչությանն ԱՄՆ-ի աջակցությամբ:
Կողմերը պետք է նաև մեղմեն իրենց հռետորաբանությունը և զերծ մնան միմյանց գրգռող քայլեր կատարելուց:
Երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարելավման կարևոր պայմաններից մեկն էլ տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Որքան ավելի խորանան երկկողմ տնտեսական հարաբերությունները, այնքան ավելի կմեծանա կողմերի միջև փոխադարձ վստահության և քաղաքական հարաբերությունների մակարդակը: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից շահել են միջազգային բոլոր դերակատարները՝ բացառությամբ ԱՄՆ-ի: Այդ առումով թեև աննշան, բայց որոշակի հույսեր, այնուամենայնիվ, կան:
Այս տեսանկյունից չափազանց մեծ նշանակություն ուներ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի` վերջերս Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական ֆորումին արված հայտարարությունը, ով նշեց, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ խորացնել տնտեսական հարաբերությունները` չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող հակասություններին:
Շատ կարևոր էր նախորդ տարեվերջին իրանական Iran Air ավիաընկերության և ամերիկյան Boeing ընկերության միջև ստորագրված առաջիկա 10 տարիների ընթացքում 100 օդանավ Իրանին մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը: Գործարքի արժեքը գնահատվում է 25 մլրդ դոլար: Սա վերջին չորս տասնամյակում ընկերության` Իրանի հետ կնքված միակ պայմանագիրն էր:
Չնայած դրան՝ ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, ըստ որի կարող է խզվել Իրանի հետ կնքված օդանավերի մատակարարման մասին համաձայնագիրը: Օրինագծում նշվում է, որ եթե գտնվեն Iran Air-ի և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի միջև համագործակցության փաստեր, ապա այդ ավիաընկերությունը կներառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում: Օրինագծի հեղինակն ԱՄՆ-ում հրեական լոբբիի ներկայացուցիչ Պիտեր Ռոքսոմն է, ով մշտապես դեմ է եղել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտ կարող է լինել նաև էներգետիկան: Վերջերս Իրանի նավթի փոխնախարարը հայտարարեց, որ իրանական և ամերիկյան նավթային ընկերությունների միջև նավթային համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա: CNN-ին տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ կանեն Իրանի նավթային հատվածում:
Եվրոպական էներգետիկ մի շարք հսկաներ, ինչպես օրինակ` Total-ը և Royal Dutch Shell-ը, Իրանի նավթագազային ոլորտում արդեն միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարել: Նրանցից յուրաքանչյուրը մոտ 4-5մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել:
Իրանի նավթային ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել նաև գերմանական խոշոր նավթային և նավթաքիմիական ընկերությունները, այդ թվում՝ BASF-ը, որոնք պատրաստ են 12 մլրդ դոլար ներդնել այդ ոլորտում: Ընկերություններն արդեն փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել իրանական ազգային նավթային ընկերության հետ:
Համագործակցության լավ հարթակ կարող է լինել նաև ԴԱԵՇ-ի դեմ պայքարը: Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Իսլամական պետության դեմ վճռական պայքարի և այն ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Այս հարցում ԱՄՆ-ը և Իրանը կարող են լինել դաշնակիցներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Չնայած 2015թ. Վիեննայում ստորագրված Միջուկային համաձայնագրին` ԱՄՆ-Իրան հարաբերություններում սկիզբ առած ձնհալը երկար չտևեց: Դրա գլխավոր պատճառն այն է, որ երկու երկրները միմյանց հետ հարաբերություններում շարունակում են հանդես գալ կոշտ դիրքերից և միմյանց ընդառաջ գնալու լուրջ քայլեր չեն ձեռնարկում: Նրանց միջև հարաբերությունների վատացումն էլ ավելի խորացավ, երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Իրանի հետ հարաբերություններում Hardliner (կոշտ գծի կողմնակից) Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նորընտիր նախագահը հակված է Իսրայելի հետ հարաբերություններն ավելի խորացնել, իսկ Իրանի հետ առավել մեկուսացվելու քաղաքականություն վարել: Չնայած Սպիտակ տան նոր ղեկավարը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում չեղարկել ՀԳՀՊ-ը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի դիմի այդ քայլին, այլ Իրանի հետ հարաբերությունները կվատթարանան միայն երկկողմ հարթության վրա, և վերջինիս նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չեն լինի:
Արմեն Վարդանյան
ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)