«Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին, իսկ մարզերում հակառակն է». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարբեր տարածքների բնակիչներ տարբեր շահեր ունեն ու ըստ այդմ` տարբեր կերպ են պատրաստվում քվեարկել ընտրություններում.

«Քաղաքաբնակներին հետաքրքրում են աշխատատեղերը, գյուղաբնակների համար` գյուղմթերքների իրացումը, բերքը փրկելը և այլն, և կախված քաղաքական ուժերի խոստումներից՝ իրենց ձայները բաշխում են։ Կան նաև ընդհանուր խնդիրներ՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում։ Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին, որովհեև այստեղ գյուղմթերք չկա, խաղող չեն մթերում, կոնյակի արտադրությունը երևանցիների հետ կապված չէ, ու այստեղ ավելի մեծ դերակատարում ունի Կարեն Կարապետյանը։

Մարզկենտրոններում ընդհակառակը՝ բավականին մեծ կտրվածքով առաջ է «Ծառուկյան» դաշինքը, իսկ գյուղերում դինամիկ հավասարակշռություն է։ ՀՀԿ-ն լավ շանսեր ունի Տավուշում, Սյունիքում, Լոռիում։

Շանսերը հավասար են Արարատում և Արագածոտնում։ Կոտայքում կամ Արմավիրում բավական մեծ է «Ծառուկյան» դաշինքի մաքսիմալ ձայների գերակայությունը»։ 168.am-ը սոցիոլոգից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների արդյունքների մասին, վստահո՞ւմ է դրանց։ Մեր հարցին ի պատասխան՝ Ադիբեկյանն ասաց, որ այդ կազմակերպությունը կարող է՝ հարցում է անում, բայց թվերի հետ աշխատել չգիտի.

Կարդացեք նաև

«Նախորդ ընտրություններին էլ նրանց թվերը սխալ էին. 16%-ով սխալվել էին։ Եթե ես 16%-ով սխալվեմ, կդադարեմ սոցիոլոգիայով զբաղվել»:

Ադիբեկյանը նաև նշեց, որ նոր խաղացողները փոքր համայքներում ճանաչելիության խնդիր ունեն. «Ամենաճանաչվածը ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են, հետո գալիս են ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն ու ՀԱԿ-ը, հետո Կոմկուսն ու նոր խաղացողները»։ Ըստ նրա՝ սոցիալական բազա ունեցող կուսակցությունները համայքներում շանսեր ունեն. «Այդ առումով ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն համայնքներում ունեն կայուն ընտրազանգված և գուցե կարողանան հաղթահարել իրենց 5%-ը»։

Տեսանյութեր

Լրահոս