Ո՞ւմ են վստահում ընտրողներն իրենց ձայները. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
Այսօր տեղի ունեցավ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը, որի թեման ԱԺ ընտրություններ-2017-ում (2-րդ փուլ) քաղաքական Կուսակցությունների և Դաշինքների ցուցանիշների լուսաբանումն էր առ մարտի 20-ը՝ ըստ Gallup International Association-ի հայաստանյան երկայացուցչության:
Հարցումները կատարվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Երևան քաղաքի բոլոր համայնքներում: Հարցումներին մասնակցել են 1147 հարցվածներ, որ ներառում է մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածը:
Կարեն Կարապետյանի իմիջը և բարձր ռեյտինգը միանշանակորեն ազդել է ՀՀԿ-ի վարկանիշի վրա: Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 25.1 %-ը պատասխանել է՝ լիովին դրական, ավելի շուտ դրական՝ 55.5 %, ավելի շուտ բացասական՝ 10 %, և բացասական՝4.5%:
Այնուհետև բանախոսը ներկայացրեց հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, գրանցվել են հետևյալ արդյունքները՝
«ՀՀԿ»` 29,4 %
«Ծառուկյան» դաշինք` 28, 2 %
«Ելք» դաշինք` 6,1 %
«ՀՅԴ»` 4,8 %
«Ազատ դեմոկրատներ»` 4,4 %
«Հայկական Վերածնունդ»՝ 3,4%
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,9 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2,5 %
«Կոմունիստական կուսակցություն»՝ 1,2 %
Հարցվածների 9,5%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 7,6%-ը դժվարացել է առհասարակ պատասխանել:
Բանախոսի ներկայացմամբ՝ նախորդ հարցման համեմատ՝ ՀՀԿ-ի ցուցանիշն ինչ-որ չափով առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքից:
Տեղեկացնենք, որ մինչև քարոզարշավն իրականացված առաջին հարցման արդյունքների համաձայն՝ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն էր՝ 26,4%-ով, «ՀՀԿ»-ն` 22,8%-ով՝ գրավում էր երկրորդ տեղը:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներով ներկայացված թեկնածուների ցուցանիշներին, որոնք ներառված չեն վերոհիշյալ հարցումների շրջանակներում, իհարկե, կարող են էականորեն փոխել ընտրությունների արդյունքների վերջնական պատկերը, ասում է Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ իրենց կողմից իրականացված հարցումները ներկայացնում են միայն համամասնական պատկերը:
Ըստ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հարցումների՝ պատվիրատուի հանրայնացումը հրապարակման ենթակա չէ, պայմանավորված բիզնես գաղտնիք պարունակող հանգամանքով: