Ի՞նչ ընթերցել Պահքի ընթացքում
Ըստ վիճակագրության՝ մեկ շաբաթվա ընթացքում միջին տարիքի մարդիկ կարդում են 6,5 ժամ։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր, այսինքն՝ 7 շաբաթ։ Ալեքսանդր Շմեմանն իր «Մեծ Պահք» գրքում գրում է. «Ընթերցանության նպատակը միայն կրոնի մասին մեր գիտելիքներն ավելացնելը չէ. այն հիմնականում նպատակաուղղված է մեր միտքը մաքրել այն ամենից, ինչով լի է: Ուղղակի աներևակայելի է, թե որքան է մեր միտքը բեռնված ամեն տեսակ հոգսերով, հետաքրքրություններով, մտահոգություններով, տպավորություններով, ու թե որքա՛ն չնչին իշխանություն ունենք այդ ամենի վրա: Կրոնական գրքի ընթերցումը, մեր ուշադրության կենտրոնացումը սեփական մտածելակերպից բոլորովին տարբեր բանի վրա ինքնին մտավոր և հոգևոր ուրիշ մթնոլորտ է ստեղծում…»:
Ի՞նչ ընթերցել Պահքի շաբաթների ընթացքում։ Խորհուրդ են տալիս քահանաները։
Աստվածաշունչ
Բնականաբար, առանց Աստվածաշնչի օրվա ընթեցումների հնարավոր չէ պատկերացնել Մեծ Պահքի ընթացքը: Աստվածաշունչն այսօր հասանելի է նաև օնլայն տարբերակով, որը կարող եք ներբեռնել այստեղից։
«Աստվածաշունչ ընթերցեք ամեն օր, թեուզ մեկ պատգամ։ Պահեք այդ պատգամը ձեր մտքում և խորհեք դրա մասին քնելուց առաջ»։ (Տեր Վարդան քահանա Գափոյան)
Վարդան վարդապետ Այգեկցի. «Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին»
Այս գիրքը քրիստոնյայի կյանքի մասին է։ Այստեղ հեղինակն անդրադառնում է մարդուն հուզող գրեթե բոլոր հարցերին ու խնդիրներին։ Պահքի ընթաքում այն առավել օգտակար կարող է լինել հավատացյալի համար։ (Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան ) Գիրքը կարելի է ներբեռնել այստեղից։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը»
20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրք ճանաչված «Փոքրիկ իշխանը» պատմում է բարու հաղթանակի նկատմամբ մարդու հավատի ու մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկության մասին: Գիրքը կարող եք կարդալ այստեղ։
«Պահքի ընթաքում ի՞նչ կա առավել կարևոր քան, սովորել սիրել դիմացինին և պատասխանատվություն կրել նրա համար»։ (Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան)
Ս. Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության»
Ոչ միայն Մեծ Պահքի ընթացքում, այլև պարբերաբար ու անընդհատ ընթերցելու արժանի գիրք է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը՝ Նարեկը (Տեր Ղազար քահանա Պետրոսյան), որը կարող եք ներբեռնել այստեղից:
Ֆեոդոր Դոստոևսկի. «Կարամազով եղբայրներ»
Իրատես մարդու մեջ ոչ թե հավատքն է ծնվում հրաշքից, այլ հրաշքն է ծնվում հավատքից։ Եթե իրատեսը մի անգամ հավատա, հենց իր իրատեսության շնորհիվ պետք է անպայման ընդունի նաև հրաշքը։ Ս. Թովմաս առաքյալը հայտարարեց, որ չի հավատա, մինչև չտեսնի, իսկ երբ տեսավ, ասաց. «Տեր իմ և Աստված իմ»։ Մի՞թե հրաշքը նրան ստիպեց հավատալ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ. նա հավատաց միայն ու միայն այն պատճառով, որ ցանկանում էր հավատալ և գուցե լրիվ հավատում էր արդեն իր սրտի խորքում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ասաց. «Չեմ հավատա, մինչև չտեսնեմ» (մեջբերում գրքից)։
Գիրքը շատ կարևոր հարցեր է բարձրացնում ու ստիպում է մտածել դրանց մասին։ Պահքի ընթացքում այն շատ օգտակար կարող է լինել հավատացյալի համար։ (Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան)
Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը Մեծ պահքի ընթացքում խորհուրդ է տալիս ընթերցել.
Ալեքսանդր Շմեման. «Մեծ Պահք»
Ալեքսանդր Մեն. «Մարդու որդին»
Օգոստինոս Երանելի. «Խոստովանություններ»
Հենրիկ Սենկևիչ. «Յո՞ յերթաս»
Շնորհք Պատրիարք. «Մեծ պահոց կիրակիների ոսկե շղթան»
Իհարկե, այս գրքերի ընտրությունն անձնական փորձառություն է ենթադրում։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ կարդալ, և պետք չէ սահմանափակվել միայն Պահքի ընթացքով, որպեսզի խելացի լինել, բավական է կարդալ ընդամենը 10 գիրք, բայց այդ 10 գիրքը գտնելու համար հարկավոր է հազարավորները կարդալ:
Վերջում կառաջարկեմ կարդալ նաև այս փոքրիկ առակը:
Հայրերից մեկի մոտ գալիս է իր աշակերտն ու ասում.
– Վարդապետ, ինչ կարդում եմ, միևնույնն է՝ ինձ դատարկ եմ զգում, ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չի մնում կարդացածիցս։ Կարծես անիմաստ լինի ընթերցանությունս։
Վարդապետը վերցնում է ջրի կուժը, մեջը ջուր է լցնում ու նորից դատարակում։ Աշակերտը, տեսնելով այդ ամենն՝ ասում է, որ հենց նույն ձևով դատարկվում է նաև ինքը։
Վարդապետը պատասխանում է․
– Ճիշտ ես ասում, բայց նկատի ունեցիր, որ ամեն անգամ սափորը ջրով լցնելով ու դատարկելով է մաքրվում։
Հասմիկ Թամամյան
qahana.am