«Մտադիր ենք մշակել երկկողմ ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր». Սուրեն Կարայան

Մարտի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած այցի շրջանակում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության և «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» միջև կնքվել է համաձայնագիր, որով ազդարարվել է հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը։

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի որոշմամբ և գործունեություն է ծավալում 2009 թվականի օգոստոսի 7-ի` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա: Վարկային կազմակերպությունը նպատակ ունի նպաստելու ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների և ՀՀ մարզերի համաչափ զարգացմանը:

«Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը» ստեղծվել է 2011 թվականին՝ ՌԴ նախագահի և վարչապետի նախաձեռնությամբ: Համագործակցում է միջազգային խոշոր ներդրողների հետ, հեղինակավոր ներդրումային ֆոնդ է ՌԴ գործարար միջավայրում:

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի մասին զրուցել ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

Կարդացեք նաև

– Պարոն Կարայան, հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումն ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի և հայ գործարարի առջև:

– Համոզված եմ, որ տնտեսական զարգացման լայն հեռանկարներ: Մարտի 3-ին Մոսկվայում ես հանդիպեցի Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր` գյուղատնտեսական տեխնիկայի, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության, ինչպես նաև ռուս-հայկական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ:

Արդեն մարտի 15-ին ստորագրված փաստաթղթով եկանք համաձայնության համատեղ ներդրումային հարթակ ստեղծելու վերաբերյալ, որի շրջանակներում կստեղծվի առանձին «հայ ռուսական ներդրումային հիմնադրամ», ինչպես նաև՝ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» կողմից ուղիղ ներդրումներ կիրականացվեն Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտների ներդրումային ծրագրերում: Մտադիր ենք մշակել երկկողմ ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական, կոոպերացիոն և ներդրումային համագործակցության խորացմանը:

Արդեն իսկ ռուսական կողմին ենք տրամադրել մեր կողմից հավաքագրված ներդրումային ծրագրերը: Նախատեսում ենք նաև Հայաստանի գործարար հատվածին տեղեկացնել այս հնարավորության մասին, և համոզված եմ, որ այն հետաքրքիր և շահեկան կլինի մեր գործարարների համար:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ առաջիկայում մենք՝ ռուսական կողմի հետ համատեղ, կիրականացնենք ներկայացված ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն, վերլուծություն, որոնց արդյունքում կհստակեցվեն ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և առաջնահերթությունները:

– Որո՞նք են ոլորտները, որոնց ֆինանսավորմանը կտրվի առաջնահերթություն:

– Առաջնահերթություններ են տրվելու արտահանման ներուժ ունեցող ներդրումային ծրագրերին, և այն ծրագրերին, որոնք կապահովեն մեր երկրների ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինմանը: Նման ներուժ մենք տեսնում ենք, մասնավորապես՝ գյուղատնտեսության, սննդի և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Կարևորվելու են կոոպերացիոն ծրագրերը, որոնք կապահովեն առավել բարձր հավելյալ արժեք ձևավորող ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում: Այս տեսանկյունից դիտարկվում են գիտատար արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Կկարևորվեն նաև լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Վստահ եմ, որ համատեղ ներդրումային հարթակը կօգտագործի երկու կողմերի փորձն ու ռեսուրսները՝ ի շահ մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման:

– Ե՞րբ եք ակնկալում առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորումը:

– Այժմ մենք ակտիվ աշխատանք ենք իրականացնում համատեղ ներդրումային ֆոնդի ձևավորման ուղղությամբ: Ավարտում ենք ներդրումային ֆոնդի կանոնակարգերի մշակման աշխատանքները և հստակեցնում ենք ֆոնդի կառավարչի պետական մասնավոր համագործակցության հիմունքներով ձևավորման բանաձևը: Ակնկալում եմ, որ հիմնադրամում իրենց մասնակցությունը կունենան նաև մասնավոր հատվածի մեր գործընկերները, ինչի ուղղությամբ արդեն առկա են հստակ պայմանավորվածություններ: Կարծում եմ՝ առաջիկա երկու շաբաթներում կավարտենք անհրաժեշտ նախապատրաստությունները և կսկսենք մեր աշխատանքները: Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն՝ օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը:

Տեսանյութեր

Լրահոս