Չեն հավատում

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» հետազոտության երկրորդ փուլի արդյունքները։ Հարցումները կատարվել են մարտի 12-19-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի 10 մարզերում և Երևան քաղաքի  բոլոր համայնքներում, մասնակցել է 1145 հոգի։ Հարցումների առաջին փուլի համեմատ՝ այս անգամ միակ նշանակալի փոփոխությունը եղել է առաջին և երկրորդ հորիզոնականներում գտնվող ուժերի փոխատեղումը։

Եթե նախկինում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր, ապա այժմ ՀՀԿ-ն առաջ է անցել նրանից։ Մյուս ուժերի դիրքերում որևէ փոփոխություն չի եղել։ Ըստ այդմ, հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են՝ «ՀՀԿ»` 29.4 %, «Ծառուկյան» դաշինք` 28.2 %, «Ելք» դաշինք` 6.1 %, «ՀՅԴ»` 4.8 %, «Ազատ դեմոկրատներ»` 4.4 %, «Հայկական Վերածնունդ»՝ 3.4%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.9 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2.5 %, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1.2 %։ Հարցվածների 9.5%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 7.6%-ը դժվարացել է առհասարակ պատասխանել:

168.am-ը փորձեց ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե որքանո՞վ են նրանք վստահում այս հարցումներին, և ի՞նչ են ցույց տալիս սեփական ուսումնասիրությունները։ Կուսակցությունների ու դաշինքների անդամները, սակայն, ընդհանրապես չեն վստահում այս հարցումների արդյունքներին։ Ներկայացնում ենք թեկնածուների պատասխանները։

Էդմոն Մարուքյան, «Ելք» դաշինք. «Մենք այդ հրապարակվող սոցհարցումներին չենք հավատում։ Մեզ համար դա արժանահավատ չէ։ Ի՞նչ է նշանակում 6.1% կամ 3-րդ տեղ։ Էդ ո՞նց են հաշվել, փող բաժանելո՞վ։ Մենք դեռ քարոզարշավի մեջ ենք, և մեր քարոզարշավը ցույց է տալիս, որ շատ ավելի լավ է մեր վիճակը, քան այդ ներկայացվող 3-րդ տեղը։ Սուտ հարցում է։ Իրական պատկերն ընտրությունը ցույց կտա»։

Հրանտ Բագրատյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. «Ես սոցիոլոգների հարցումների վերաբերյալ կա՛մ լավ եմ արտահայտվում, կա՛մ չեմ արտահայտվում։ Տվյալ դեպքում չեմ արտահայտվի։ Մեր կարծիքով՝ մեզ շատ ավելի ձայն կտան, պարզապես մեզ խանգարում են կաշառքները»։

Արամ Մանուկյան, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք. «Մենք նրանց խելառությունների և պատվիրված հիմարությունների մեկնաբանման անհրաժեշտություն բացարձակ չենք տեսնում։ Պատվիրված կեղծ վիճակագրությունն արժանի չի մեկնաբանության։ Մենք չունենք սոցհարցում անցկացնելու մշակույթ, ավելին՝ անգամ Անգլիայում և Միացյալ Նահանգներում վիճակագրությունն ամբողջովին չի արտացոլում իրականությունը։ Այդ բոլորն իրենց պատվերն է։ Իրականում Խաղաղության ծրագրի աջակիցների թիվը շատ արագ դինամիկայով աճում է»։

Նաիրա Զոհրաբյան, «Ծառուկյան» դաշինք. «Ինչպես և Gallup-ի առաջին սոցհարցման ժամանակ ես հայտարարել եմ, որ այդ հարցումները վստահություն չեն ներշնչում, չնայած դրանցով «Ծառուկյան» դաշինքն առաջին հորիզոնականում էր։ Ասել եմ, որ ընտրություններից 10 օր առաջ նույն Gallup-ը կփոխի իր հարցման արդյունքները, և ես վստահ եմ, որ այժմ հեռուստաընկերություններով ներկայացնելու են, թե ՀՀԿ քարոզարշավը տանող վարչապետը, որ իբր ունի 82% վարկանիշ, կարողացավ ուժերի հարաբերակցությունը փոխել։

Հորդորում եմ ՀՀԿ քարոզիչներին՝ աշխարհը փոխվում է, ժամանակները փոխվում են, կարելի է նոր կրեատիվ տեխնոլոգիաներ մշակել, նոր կրեատիվ գաղափարներ դնել շրջանառության մեջ, նոր կրեատիվ քարոզչություն իրականացնել։ Այդ սցենարի հեղինակները հոգնեցնելու չափ ձանձրալի, տափակ և կրկնվող են։ Ոչ մի նոր միտք, ոչ մի նոր գաղափար, ոչ մի կրեատիվություն։ Ես հարգում եմ սոցիոլոգիան, բայց այդ հարցմանը վերաբերվում եմ մեծագույն զավեշտով։ Իսկ ընդհանրապես ես խորհուրդ կտայի այդ կազմակերպության հարցումներին լուրջ չվերաբերվել, որովհետև փաստերով ապացուցվել է, որ Հայաստանի չինական կոոպերատիվ արտադրության Gallup-ը որևէ առչություն չունի միջազգային հեղինակավոր Gallup International-ի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս