«Լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ». Լևոն Զուրաբյան
«Շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ։ Միայն դա ցույց է տալիս, որ Կոնգրեսի վարկանիշն այնքան բարձր է, որ իրենք վտանգ են տեսում դրա մեջ և փորձում են գրոհել Կոնգրեսի դեմ։ Մենք թիրախավորում ենք և քննադատում ենք միայն իշխանությանը, բոլորը քննադատում են միայն մեզ։ Իրականում բոլորն անհանգստացած են Կոնգրես-ՀԺԿ դաշինքի աճող վարկանիշով և այն ձեռքբերումներով, որ մենք ունենք այս քարոզարշավի ընթացքում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ ձայները չփոշիացնելու խնդիր Հայաստանում գոյություն չունի, այլ գոյություն ունի Արցախը և Հայաստանը չփոշիացնելու խնդիր։
Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից 5-ը բաժանում է ընտրակաշառք։ Նա հրաժարվեց նշել դրանց անունները և նշեց, որ ժողովուրդը շատ լավ գիտի նրանց։ Զուրաբյանի խոսքով՝ ընտրակաշառքը պետականության բաժանման ամենակարճ ճանապարհն է։ Նա խորհուրդ տվեց ընտրողներին, որ ով մոտենում է ընտրակաշառք բաժանելու, մերժեն նրանց, քանի որ նրանք թշնամիներ են, և շահախնդիր բարեգործություն չկա. «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձրի պանրի պատմությունը. ձրի պանիր լինում է միայն թակարդում»։
Անդրադառնալով իրենց դաշինքի ծրագրին՝ Զուրաբյանը նշեց, որ խաղաղության ծրագիրը Հայաստանը ոտքի կանգնեցնելու բանալին է, որպեսզի նորից մեր երկիրը սկսի շնչել, բիզնեսը սկսի շնչել, ստեղծվեն աշխատատեղեր. «Մեր խաղաղության ծրագիրն ընկալվում է, տարածվում է ՀՀ-ում: Հայաստանը պետք է ընդունի միջազգային հանրության կողմից ներկայացված պլանը»։
«Մեր նպատակն է՝ Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում, որը միակն է, որ կփրկի ՀՀ-ն ու Արցախը վերահաս վտանգներից։ Անկախ ընտրություների արդյունքներից՝ մենք վստահ ենք, որ պատմությունը կապացուցի մեր ճշմարտացիությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ամսի 29-ին ժամը 18։00-ին հրավիրելով Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքի, որը վերածվելու է խաղաղության երթի: