Մոլդովան դիտորդի կարգավիճակ է խնդրել ԵԱՏՄ-ում
Մոլդովան խնդրել է իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրել Եվրասիական տնտեսական միությունում: Այս խնդրանքը տեղ է գտել այն նամակում, որը հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը մարտի 21-ին ուղարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ, Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւին:
«Խնդրում եմ քննարկել Մոլդովայի Հանրապետությանը ԵԱՏՄ-ում դիտորդպետության կարգավիճակ տրամադրելու հարցը»,-ասված է փաստաթղթում, որը Դոդոնը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:
«Որոշում եմ ընդունել նախաձեռնել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդերկրի կարգավիճակի տրամադրումը: Երեկ ստորագրել եմ համապատասխան նամակ՝ ուղղված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահին:
Այս նախաձեռնությունը կքննարկվի ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ղեկավարների՝ մայիսի վերջին կայանալիք նիստում:
Բացի այդ, ընթացիկ տարվա ապրիլի 3-ին Քիշնեւում կկայանա միջազգային տնտեսական համաժողով, որին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մոլդովայի Հանրապետությունը պետք է համագործակցի ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Արեւելքի հետ, եւ այդ գործընկերությունը պետք է հետապնդի բացառապես մեր երկրի ազգային շահերը»,-գրել է Դոդոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: