Ինչո՞ւ «Երկիր ծիրանի». Պարզաբանում է Զարուհի Փոստանջյանը
«Երբ 1840թ. տեղի է ունենում երկրաշարժ, Արարատ լեռան վրա Աքորի գյուղը հիմնահատակ կործանվում է, բայց հետագայում, երբ Աբովյանը բարձրանում է Արարատ, այնտեղ տեսնում է հրաշալի ծիրանենիների այգին պահպանված, այդ մասին ինքը նաև հետագայում գրառում է կատարում։ Ինչո՞ւ է պահպանվել այդ այգին և չի կործանվել։ Որովհետև ծիրանենիների արմատները շատ խորն են և ծիրանն է, որ մեր տարածքում որպես ծառ միշտ եղել է և այստեղից է տարածվել ամբողջ աշխարհում։ Եվ ծիրանն է մեր երկրի խորհրդանիշը և մեզ որպես երկիր հենց այդպես էլ ճանաչել են՝ Երկիր Ծիրանի։ Անվան խորհուրդը շատ մեծ է և, եթե մեկը պարզաբանման կարիք ունի, ես կարող եմ շատ հիմնավորումներ տրամադրել»,- այսօր ԱԺ-ում մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով իր գլխավորությամբ ստեղծվող «Երկիր ծիրանի» կոչվող կուսակցության և դրա անվան շուրջ արձագանքների մասին։
Ըստ նրա՝ կուսակցության անվանումն անսովոր է, որովհետև այն մերն է, հայկական է, որևիցե մի բառ չեն վերցրել և չեն թարգմանել։ Զ. Փոստանջյանի խոսքով՝ հիմնականում, երբ մեր կուսակցությունները ստեղծվել են շուրջ 100 և ավելի տարիներ առաջ, դրանք հիմնականում ձևավորվել և վերցրել են օտար անվանումների գաղափարախոսության և օտար քաղաքական մտքի հիման վրա. «Իսկ մենք պետք է ունենանք մեր ուրույն քաղաքական միտքը՝ ինտեգրված ողջ աշխարհին, անվանումն էլ մերը պետք է լինի։ Ծիրանենին նաև մեր մշակույթն է։ Մեր երաժշտությունը, որին վերադառնում ենք, ևս 100 տարի առաջ չի ստեղծվել, դա հենց հայկական է ու ոչ մեկը չունի այդ երաժշտությունը։ Երբ տեսնում ես, թե ինչ է Կոմիտասը, ծիրանենիների պարը, երգը, երաժշտությունը, ապա նոր հասկանում ես, թե ինչ խորհուրդ ունի մեր համար ծիրանենին»։
Կուսակցությունն ազգային ազատական է՝ արդիականացված մոտեցումներով։ Զ. Փոստանջյանը նշեց, որ կուսակցության գրանցման համար պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացվել են պետռեգիստր, գրանցումն ընթացքի մեջ է, պատասխանի համար սահմանված 5-օրյա ժամկետը դեռ չի ավարտվել։ Առայժմ, ըստ նրա, կուսակցության գրանցման համար խոչընդոտներ չեն եղել։
Զ. Փոստանջյանը նշեց, որ բոլոր քաղաքական գործընթացներին իրենք մասնակցություն ունենալու են. «Չենք պատրաստվում գրված սցենարի մեջ տեղավորվել։ Մենք սցենարից դուրս պատկերացումներ ունենք։ Ցանկալի է, որ մեր մոտ ամեն ինչ տեղի ունենա ոչ թե արյունահեղության ճանապարհով, այլ հնարավորինս անարյուն, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ համակարգը բավականին կոշտ, կոպիտ, ավտորիտար համակարգ է, և այդ ողբերգության դրսևրումն էլ Արթուրի սպանությունն էր, որ դրան էլ գնացին։
Ընտրություններ չկան, ընտրությունները պետք է լինեն համընդգրկուն, բայց մենք այսօր ունենք միլիոնավոր քաղաքացիներ, որ ունենալով ՀՀ քաղաքացիություն, չեն կարող մասնակցել այդ գործընթացին, որովհետև Հայաստանում չեն։ Այս համակարգն ընտրելու հնարավորություն չի ընձեռում, եթե մի տեղամսում 80-ից ավելի մարդ մրցում է, պարզ է ինչ է կատարվելու։ Մենք տեսնում ենք բռնությունները, ապօրինությունները և դեռ չգիտենք, թե ինչ է սպասվելու ամսի 2-ին։ «Ընտրություն» անվան տակ ապօրինի իշխանության ծրագիր է իրականացվում, բայց հանրությունը պետք է ունենա իր ծրագիրը։ Ես կողմ եմ հանրության ծրագրի սպասարկմանը»։
Հարցին, արդյոք կա՞ ուժ, որին սատարելու են խորհրդարանական ընտրություններում, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ եթե կարիք լինի, որ իրենք այդ մասին պետք է խոսեն, ապա ժամանակը կգա, կհայտարարեն. «Կարծում եմ՝ դեռ վաղ է»։