«Թուրքիան իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին»
Ստամբուլի փոխնահանգապետը ոչ մի իրավասություն չունի միջամտելու ներեկեղեցական խնդիրներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն` անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի իշխանությունների այն հայտարարությանը, որ չեն ճանաչում տեղապահի ընտրությունների արդյունքները:
«Քանի որ Թուրքիան ունի մի սկզբունք, այն է` աշխարհիկությունը, այդ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին: Այդ հայտարարությունը չի կարող ունենալ իրավական նշանակություն»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ թուրքագետի` հայտնի է, որ գրությունը ստացվել է պատրիարքի ընտրությունից առաջ, բայց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրապարակել է ընտրությունից հետո, երբ տեսել է, որ պարտվել է:
«Ես չեմ կարծում, որ Ստամբուլի փոխնահանգապետն այդքան խորագիտակ է Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերից, կարող է իմանալ տեղապահ տերմինը կամ ընտրական ամբողջ լիազորությունները: Մենք շատ հաճախ տարբեր գործընթացներ համարում ենք թուրքական ձեռագիր, բայց փոխնահանգապետի գրությունը կարելի է համարել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ որևէ հոգևորական, ով լավ գիտի ներքին խնդիրները, օգնել է փոխնահանգապետին կազմել այդ գրությունը և հրապարակել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետը նշեց, որ տեղապահի ընտրությունների արդյունքները սպասելի էին: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հավակնորդ թեկնածու էր: 34 եկեղեցականներից 23-ը ձայնը տվեցին Գարեգին Բեքչյանին, իսկ Արամ Աթեշյանը ստացավ 11 ձայն` ունենալով ադմինիստրատիվ լծակներ: Ըստ նրա` ընտրություններն ապացուցեցին, որ անգամ այն եկեղեցականները, ովքեր տարիներով եղել են Աթեշյանի ազդեցության ներքո, դեմ են արտահայտվել նրան:
«Այն, ինչ տեղի ունեցավ տեղապահի ընտրություններից րոպեներ անց, կարելի է ասել, շարունակում էր բացասական ավանդույթները, որոնք ճանապարհ բացեցին դեպի նոր փակուղի: Ճգնաժամը շարունակվում է, Արամ Աթեշյանն ընտրությունների արդյունքներից հետո հրապարակեց Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը չի համապատասխանում ոչ իրավական, ոչ եկեղեցական որևէ նորմի: Նահանգապետարանը չունի որևէ լծակներ միջամտելու ներեկեղեցական խնդրին: Ընդհանրապես, Թուրքիայում չկա որևէ պաշտոնյա, որն ի զորու է և ունի իրավունք միջամտել ներեկեղեցական ընտրություններին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետը նշեց, որ պատրիարքի ընտրությունները պարզապես գահակալի ընտրություն չեն: Այն մեծ կարևորություն ունի Թուրքիայի հայ համայնքի համար: Պատրիարքը պատասխանատու է Թուրքիայի հայերի, հայկական ժառանգության համար: Առանց պատրիարքի խնդիրները գտնվում են ծանր վիճակում, այնինչ, պատրիարքը կարող էր շատ հարցեր տանել լուծման դաշտ: