Ի՞նչ է Մոսկվան ակնկալում Սերժ Սարգսյանի թիմից
«Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ Պաշտպանության նախարարի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքները։
Հիշեցնենք, որ ավարտվեց ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հատուկ նշանակություն ստացած՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ի թիվս մի շարք ներկայացուցչական հանդիպումների, Սերժ Սարգսյանը բանակցություններ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձանագրելով, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների ֆոնին, նշել էր, որ գործընթացն ըստ երևույթին հեշտ չէ, «բայց վստահ եմ, որ ձեր գլխավորությամբ Հայաստանը կանցնի իր զարգացման այդ փուլը», ինչը հայ և ռուս մի շարք վերլուծաբանների կողմից որակվեց՝ որպես Մոսկվայի աջակցությունն իշխող Հանրապետականին գալիք խորհրդարանական ընտրություններում։
Անդրեյ Արեշևի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անկասկած, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հաշվի առնելով՝ այցը որոշակի նշանակություն ունի նաև այդ առումով, քանի որ նախագահի ֆիգուրն ապրիլի 2-ից հետո այլևս չի ունենալու այն նույն նշանակությունը, ինչ ներկայումս, իսկ հայաստանյան քաղաքական դաշտում գերիշխող դիրքեր են ունենալու ՀՀ Ազգային ժողովն ու Կառավարությունը։
«Թե ինչպես է այդ անցումը տեղի ունենալու՝ դեռևս հստակ չէ ինձ համար։ Ակնհայտ է նաև, որ այդ հարցը քննարկվել է Պուտին-Սարգսյան բանակցությունների ընթացքում, դա արտացոլվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, ով իր հայաստանյան կոլեգային հաջողություն մաղթեց այդ դժվարին գործում։ Ինձ թվում է, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ունեն բավականին դիվերսիֆիկացված և առաջադեմ բնույթ։ Հայ-ռուսական հարաբերությունները ներառում են ակտիվ շփումներ խորհրդարանական, ազգային անվտանգության խորհուրդների, նախարարությունների մակարդակով։ Դուք գիտեք, որ վերջերս բավականին ուշագրավ փոխադարձ այցեր տեղի ունեցան։ Ուստի, կարծում եմ, որ այստեղ ներդրված է երկխոսության բավականին լուրջ մակարդակ մի շարք ուղղություններով, կա նաև բավականին էական կանխատեսելիության մակարդակ կողմերի քայլերում։ Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները լուրջ փոփոխություններ չեն կրելու առաջիկայում՝ հաշվի առնելով փոխըմբռնման, փոխադարձ շփումների առկայության այն պայմանները, որոնք կան այսօր»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը։
Հարցին, թե որքանո՞վ այս այցը կարող է դիտարկվել՝ որպես աջակցություն իշխող Հանրապետական կուսակցությանը գալիք ընտրություններում, ռուս վերլուծաբանն պատասխանեց, որ չի խոսի նման կատեգորիաների մասին։ Ըստ նրա՝ Հայաստանում և Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների էության վերաբերյալ արտահայտվել են չափազանց տարբեր կարծիքներ, այդ թվում՝ բավականին սկեպտիկ։ Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի, որպես անկախ պետության, ներքին գործն են, դրանք Հայաստանի համար ինչ-որ առանձնահատուկ փոփոխություն չեն, հետսովետական տարածքում՝ ևս։ Փորձագետը հիշեցրեց, որ նման փոփոխություններ են նախաձեռնվել ինչպես՝ Վրաստանում, այնպես էլ՝ Մոլդավայում, Ուկրաինայում։
«Հաշվի առնելով երկրների կառավարելիության հարցում այդ փոփոխությունների հետևանքները՝ կարելի է տարբեր կարծիքներ արտահայտել, բայց, ամեն դեպքում, այդ բարեփոխումները մոտիվացված են, բավականին լուրջ են, ՀՀ իշխանությունները բավականին լուրջ փաստարկներ են ներկայացրել ի օգուտ այդ փոփոխությունների անցկացման։ Բնականաբար, այդ ամենը ռուսական կողմից ընկալվում է, միևնույն ժամանակ՝ ՌԴ նախագահն արտահայտեց կարծիք այն մասին, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ, կանխատեսելիությամբ։ Ակնհայտ է, որ այդ փոփոխություններն այստեղ ևս իրենց դրական դերակատարությունը կունենան»,- ասաց Արեշևը։
Հարցին, թե այնուամենայնիվ Մոսկվան չունի՞ արդյոք ֆավորիտ ուժեր հայաստանյան ընտրապայքարում, Անդրեյ Արեշևն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որոնք մինչ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն այցեր կատարեցին Մոսկվա։
«Ինչպես գիտեք, այդ մարդիկ բավականին լուրջ դերակատարություն ունեն իշխող Հանրապեական կուսակցության թիմում, գիտենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարություններ արեց, որ, եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի գալիք ընտրություններում, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել Կառավարությունը։ Կան նաև այլ լուրջ խաղացողներ, այդ թվում կցանկանայի նշել Գագիկ Ծառուկյանին, ով լուրջ բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ։ Սակայն գիտեք, որ հունվարին Ռուսաստանում բնակվող մի շարք հայ բիզնեսմեններ հայտարարություններ արեցին, որ աջակցում են ՀՀ նախագահի և կառավարության բարեփոխումներին։ Այնպես որ, կարծում եմ, որ ՀՀ կառավարության, իշխանության գործունեությունն ընթանում է դրական ուղղությամբ, դա նկատվում է, Մոսկվայում այն ընկալվում է ըստ արժանվույն, այդ գործունեությունն ընդունվում է փոխըմբռնման անհրաժեշտ մակարդակով»,- ակնարկեց Անդրեյ Արեշևը։