«Մոսկվային կհետաքրքրի Սարգսյանի առաջարկը»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին մեկնարկած մոսկովյան երկօրյա այցի ընթացքում հատուկ շեշտադրություն է կատարվել անվտանգության խնդիրների վրա։
Սերժ Սարգսյանն «Իզվեստիայի» իր հոդվածում, ապա՝ ՄՄՀՊԻ-ում ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ-ին ու հայ-ռուսական հարաբերություններին անվտանգության ոլորտում։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հայաստանի նախագահը քննադատել է ՀԱՊԿ-ին՝ նշելով. «Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»:
Սարգսյանը հիշեցրել է. «ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»»: ՀՀ նախագահն ասել է, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Նրա համոզմամբ՝ պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:
Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե հայ-ռուսական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է։ Նա առաջարկել է, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանը քննարկեն Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, նաև ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու հարցը: Այդ համալիրը, Սարգսյանի խոսքով, կարող է դառնալ հարթակ՝ Հայաստանի հետ սահմանակից պետությունների ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հաստատման համար։ ԼՂ խնդրի առնչությամբ Հայաստանի նախագահը նշել է՝ Բաքուն պետք է հասկանա, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով: «Պատերազմը խնդիրների լուծման ճանապարհ չէ, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե շանտաժով, այլ բանակցությունների միջոցով»,- «Իզվեստիա» թերթում գրել է Հայաստանի նախագահը։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ի գործառույթներին բազմիցս է անդրադարձ կատարել, ՀՀ նախագահը ճիշտ շեշտադրումներ է կատարում՝ նշելով, որ ՀԱՊԿ պայմանագրերի խախտումը հարվածի տակ է դնում կազմակերպության հեղինակությունը, ինչն էլ տեղի է ունենում կազմակերպության հետ ներկայումս։
Ըստ նրա՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի և իր գործընկերների ՝ անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների մի ամբողջություն է, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրները հետաքրքրված չեն միմյանց անվտանգության խնդիրներով և դրանցում չեն տեսնում իրենց շահը, այդ թվում՝ Հայաստանը, որին չեն կարող հետաքրքրել Բելառուսի, Ղազախստանի խնդիրները կամ Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում։
«Ահա այսպիսի բարդ պատկեր է ստացվել ներկայումս: Հայաստանը միացել է ՀԱՊԿ-ին՝ հանուն Ռուսաստանի, իսկ ինչպես ՌԴ նախագահ Պուտինն էր ասել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ը Միջին Ասիային սպառնացող վտանգների վերացման նպատակով է ստեղծվել, և Հայաստանը չի մտնում այն հարցերի շրջանակի մեջ, որոնցով պետք է զբաղվի ՀԱՊԿ-ը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի դիմել ՀԱՊԿ-ին անհրաժեշտության դեպքում, երբ իր սահմանների նկատմամբ ոտձգություն կատարվի, այդ դեպքում, եթե ոչ՝ Ղազախստանը, Բելառուսը, ապա՝ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել՝ հանուն ՀԱՊԿ-ի հեղինակության և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների։
Ես կարող եմ այսպես բացատրել՝ օրինակ, Աստանայի համար ԼՂ հակամարտությունը կարևոր հարց է, Նազարբաևը, բնականաբար, ջանում է պահպանել իր լավ հարաբերությունների դինամիկան Ադրբեջանի հետ, քանի որ ղազախաադրբեջանական հարաբերություններում գերիշխում են բիզնես շահերը։ Հենց այս պատճառով է հետաձգվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը։
Չի բացառվում, որ Աստանային հաջողվի արգելափակել այս հարցը։ Մոսկվան ևս կարող է ճնշումներ բանեցնել Աստանայի նկատմամբ՝ Երևանին սիրաշահելու նպատակով, սակայն Մոսկվայի համար այսօր Աստանան ևս շատ կարևոր գործընկեր է, հաշվի առնելով սիրիական գործընթացները, որում հատուկ դերակատարություն է տրվել Նազարբաևին, ուստի Պուտինն այսօր հանուն Հայաստանի չի նեղացնի Նազարբաևին, կփորձի չնեղացնել նաև Հայաստանին։ Այսօր ՌԴ իշխանությունները ՀԱՊԿ-ի աշխատանքները կարգի գցելու ժամանակ, ըստ էության, չունեն»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը։
Ուստի, նրա համոզմամբ՝ չի բացառվում, որ նույնիսկ ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարության որոշումն անտեսվի և ՀՀ ներկայացուցիչ չնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Պավել Ֆելգենգաուերի համոզմամբ՝ ռուսական կողմը կփորձի մեղմել հայկական կողմի դժգոհությունները՝ ինչ-որ «փոխհատուցում» տրամադրելով։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա, ըստ նրա, ներկայումս լուրջ ճգնաժամի մեջ են ռուս-բելառուսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում, որի ֆոնին ԼՂ հակամարտության և Հայաստանի թեկնածուի հարցը Բելառուսը նույնիսկ չի նկատում և լուրջ խոչընդոտներ չի ստեղծի։
Ռուս ռազմական փորձագետի գնահատմամբ՝ ՀՀ նախագահն «Իզվեստիայում» Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։
«Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում։
Իհարկե, այս առաջարկն ունի նաև քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։
Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։ Սարգսյանը նաև Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնված է, ինչը ևս գուցե հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասաց Ֆելգենգաուերը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի այս առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի։ Ավելին, ըստ նրա՝ չի բացառվում, որ նման ծրագրեր ավելի վաղ ևս եղել են։ «Իրականում, թե դա ինչ է ենթադրելու, կոնկրետ դժվար է ասել, քանի որ նման համագործակցությունը պետք է բավարարի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի շահերը, հատկապես, երբ դա շատ ավելի լայն ռազմաարդյունաբերությանն է վերաբերելու՝ տարածաշրջանային։ Դժվար է ասել, թե այս հարցում Մոսկվայի շահերը որքանով կարող են համընկնել Երևանի շահերին, այնուամենայնիվ քննարկումներ այս հարցի շուրջ կընթանան, որոնց ընթացքը մեզ համար կբացահայտվի բարձրաստիճան հանդիպումներից հետո»,- ասաց Ֆելգենգաուերը։