«Իրավիճակը սև ու սպիտակ չէ, երկրում իրականացվում են փոփոխություններ, որոնք ո՛չ վաղն են ավարտվելու, ո՛չ էլ երբևէ»

Հարցազրույց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գագիկ Մինասյանի հետ

– Պարոն Մինասյան, ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀԿ նախընտրական ծրագիրը, և ո՞ր դրույթներն եք կարևորում։

– Ինձ համար ամենակարևորը պետական կառավարման համակարգում անցումն է՝ դեպի ծրագրային բյուջետավորում, որովհետև դա ոչ միայն  հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման ավելի բարձր մակարդակ է, այլ ընդհանրապես ավելի կազմակերպված, ավելի հաշվետվողական պետություն ունենալու տեսակետից՝ կարևորագույն մի ձեռքբերում։ Կարծում եմ՝ 2018-ի ընթացքում կունենանք այդ հնարավորությունը և 2019 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելու 100%-ով բյուջետային ծրագրավորման սկզբունքներին համապատասխան, ինչը թույլ կտա նաև դրանից հետո էապես բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունն ու նաև վերահսկողությունը բյուջեի կատարման նկատմամբ՝ ինչպես խորհրդարանի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության կողմից։

Ուզում եմ շեշտել ևս մի քանի հանգամանք, մասնավորապես՝ տնտեսական առաջընթացի ոլորտում ներդրումների հետ կապված դրույթները, որտեղ ամրագրվում է, որ առաջիկա քայլերի մեջ մենք պետք է իրատեսական ներդրումների համար ստեղծենք ներդրումային հիմնադրամ և դրա աշխատանքներում, եթե մենք ունենք խոշոր ներդրումային ծրագրեր, պետք է իրականացվի մշտադիտարկում, և առանձնահատուկ խնդիրների առաջացման պարագայում տրվեն առանձնահատուկ լուծումներ, որովհետև տնտեսական զարգացման ներկա փուլում, առանց էական խոշոր ներդրումների, առաջանցիկ զարգացում ապահովելը դժվար է պատկերացնել։

Կարդացեք նաև

Ուրախությամբ պետք է նշեմ, որ կառավարության կողմից արդեն առանձնացված են 3.2 մլրդ դրամի ներդրումներ, որոնք ոչ թե գաղափարի մակարդակով են, այլ ծրագրերի և հստակ, հասցեական ներդրողների ցանկով և միաժամանակ՝ այդ ներդրումներից շուրջ 800 մլն-ն այս տարվա համար արդեն նախատեսված է։ Ես կարծում եմ՝ այս ճանապարհով գնալով մենք կունենանք օտարերկրյա ներդրումների ցուցանիշի բարձրացում, որը կապահովի նաև տնտեսական աճն ու դրանից բխող արդյունքները։

– Սակայն ծրագրում շեշտը դրվում է օտարերկրյա ներդրումների վրա, չի խոսվում ներքին, տեղական ռեսուրսների մասին։ Ինչո՞ւ։

– Գիտեք, եթե մենք կարողանում ենք ապահովել օտարերկրյա ներդրումների ներհոսք Հայաստան, ինքնին հասկանալի է, որ այդ պարագայում հայաստանյան աղբյուրից առաջացած ֆինանսական միջոցների ներդրման համար պայմանները շատ ավելի հարմարավետ են լինելու։ Շատ ավելի բարդ է ներգրավել օտարերկրյա ներդրումներ, քան տեղական, որովհետև օտարերկրյա ներդրողներն ավելի քիչ են ծանոթ այստեղի առանձնահատկություններին, նիստուկացին և մենթալիտետին, և, եթե կարողանում ենք օտար երկրներից ներդրումներ բերել, ապա ակնհայտ է, որ այդ նույն պայմաններում ներքին ներդրողների ռեսուրսների ներգրավման հավանականությունն ավելի մեծ կդառնա։

– Բայց եթե տեղի ներդրողներն իրենց սեփական երկրում ներդրումներ չեն անում, օտարերկրյա ներդրողի համար դա ահազանգ է, որ ինքն էլ չգա այստեղ։

– Շատ լավ նախադասություն էր, բայց դա ուղղակի պատասխան էր իմ նախորդ նախադասությանը, այսինքն՝ եթե ես օտարների համար ներդրում եմ երաշխավորում, դա նշանակում է, որ ներքինները հաստատ կանեն ներդրում։

– ՀՀԿ ծրագրում նշված է՝ «Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ: Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, և մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք»: Ի՞նչ ի նկատի ունեք՝ ասելով՝ «ոչ ոք մեր փոխարեն չի անի», և ինչո՞ւ մինչև հիմա չեք արել, չէ՞, որ ՀՀԿ-ն 10 տարի իշխանության է։ 

– Այդ արտահայտությունը՝ «ոչ ոք մեր փոխարեն չի անի», բնականաբար, վերաբերում է հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ մինչև հիմա չի եղել, իհարկե եղել է։ Եվ եթե համեմատեք այսօրվա իրավիճակը 5-10 տարի առաջվա հետ, դուք կտեսնեք առաջընթացը։ Խնդիրն այն է, որ այսօրվա տեմպերը մեզ չեն բավարարում, նոր մարտահրավերները պահանջում են առաջանցիկ զարգացում, և ահա թե ինչու է այդտեղ այդ խնդիրը շեշտադրված։

Շատ ենք խոսել մրցակցային հավասար պայմանների ստեղծման մասին, նաև՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ կապված, և տնտեսության առաջընթացի վերաբերյալ բաժնում այս ձևակերպումները դա են վկայում, որ այսօր մեզ իսկապես հարկավոր է առաջանցիկ զարգացում, որովհետև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերները մեզ ստիպում են մեր կողմից որդեգրած քաղաքականությանը նոր թափ հաղորդել։

– Խոսվում է հովանավորչության մասին, կարո՞ղ եք նշել՝ ովքեր են կամ ովքեր էին այդ հովանավորյալները։

– Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, կարող եմ ասել, որ դրանց հետ կապված հարկային և մաքսային վարչարարության ձեռքբերումները խոսում են այն մասին, որ եթե այդպիսի դրսևորումներ եղել են, այսօր դրանց քանակն էապես նվազել է։ Եվ այն տնտեսվարողները, որ հարաբերվում են հարկային ու մաքսային մարմինների հետ, նրանց դժգոհության աստիճանն էապես նվազել է։

– Ծրագրում գրված է՝ «Պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին»: Մինչև հիմա ձևավորվա՞ծ չէր այդ միջավայրը, եթե ոչ՝ ինչո՞ւ։

– Ես բռնեցի ինձ այն մտքի վրա, որ դուք ուզում եք խնդիրը ներկայացնել այնպես, որ իրավիճակը սև ու սպիտակ է եղել, մինչև հիմա սև էր, երբ ապրիլի 2-ից մենք գանք իշխանության՝ սպիտակ է լինելու։ Այդպես չի և այդպես չի որևէ երկրում։ Երկրում իրականացվում են փոփոխություններ, որոնք ո՛չ վաղն են ավարտվելու, ո՛չ էլ երբևէ։ Եվ 15 տարի հետո որևէ լրագրողի և որևէ պաշտոնյայի զրույցի ժամանակ հարցադրումները և շեշտադրումները չեն փոխվելու, նորից խոսվելու է հավասար մրցակցության մասին, որովհետև շուկայական տնտեսության համար դա անանց արժեքներ են։ Հավասար մրցակցային պայմանների խախտման դրսևորումների դեմ պայքարը միշտ է լինելու, միջավայրը ձևավորված է լինելու և էլ ավելի է խորացվելու, այսինքն՝ սև ու սպիտակ չի։

Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է, ավելի է խորանալու, ցավոք, կոռուպցիան որևէ երկրում հաղթահարված չէ։ Գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարը եղել է և լինելու է, ցավոք, որևէ երկրում դրա դրսևորումներն իսպառ վերացված չեն։ Կան խախտումներ, կա խախտումների դեմ պայքար։ Ի՞նչն է նորը՝ այդ պրոբլեմների արմատախիլ անելու նկատմամբ առաջանցիկ զարգացումները։

– Ի՞նչ վստահություն, որ հաջորդ տարիներին դա կհաջողվի ՀՀԿ-ին, եթե նախորդ տարիների նպատակադրած ցուցանիշները չեն ապահովվել։

– Դրա հնարավորոթյունն ապահովում է մեր նոր Սահմանադրությունը, որը մի քանի ոլորտներում մեզ թույլ է տալիս իսկապես առաջանցիկ զարգացման տեսլական դնել ու հասնել դրան, որովհետև դատական իշխանություններն իսկապես ավելի մեծ անկախություն են ունենալու գործադիրից, մենք ունենալու ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ էական մեծ դերակատարում է տրվում նաև ընդդիմությանը, էապես մեծանում է խորհրդարանի վերահսկողական գործառույթը համապատասխան հանձնաժողովների միջոցով, հետևաբար՝ բացասական երևույթների դեմ պայքարը, որ միշտ եղել է, այսուհետ կստանա ավելի մեծ արդյունավետություն։

– Գրված է՝ «Ցածր է դատական համակարգի արդյունավետությունը` վարչական կամ տնտեսական վեճերի, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերում»։

– Դուք նշում եք մի ոլորտ, որի ոչ բարձր արդյունավետությունն էապես նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունը, որովհետև դատական վեճերի բավականին երկար ժամանակում քննումը թույլ չի տալիս, որպեսզի այդ ոլորտում, հատկապես՝ օտարերկրյա ներդրողների համար, նորմալ պայմաններ լինեն, որովհետև նրանք սովոր են, որ վեճերը շատ արագ և արդյունավետ լուծում են գտնում։ Եվ, իսկապես, ժամանակը տնտեսության մեջ ամենակարևոր գործոններից մեկն է։ Նոր համակարգն այդ բնագավառում խնդիրներն ավելի արդյունավետ է լուծում։

– Բայց դատական համակարգի հետ կապված ոչ միայն ժամկետի խնդիրն է, այլ նաև արդարության և անկախության։ Եվ դատավորների աշխատավարձը կտրուկ բարձրացվեց հենց այդ խնդիրը լուծելու նպատակով, բայց հասարակության մոտ ընկալումը չփոխվեց, որ դատարաններն այլևս անկախ ու արդար են։

– Խնդիրներից շատերը 1 գործոնով պայմանավորված չեն, այդ գործոնները բազմաթիվ են։ Իհարկե, անկախությունը դատավորների համար կարևոր է, բայց արդյոք դա միա՞կն է, որով նա իսկապես անկախ կդառնա։ Իհարկե՝ ոչ։ Նոր Սահմանադրության մեջ դրված անկախության մեխանիզմները նոր ու հզոր լծակ են դատարանի անկախության համար։ Միաժամանակ՝ նախորդ քայլերը, հատկապես՝ ֆինանսական անկախության, ևս չափազանց կարևոր են եղել։

– Խոսեցիք կոռուպցիայի մասին և ծրագրում դրա դեմ պայքարի հստակ մեխանիզմներ կան՝ օրենսդրական և այլն, բայց մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմներ չկան։ Հանրապետականը համարում է, որ երկրում մենաշնորհներ չկա՞ն։

– Կա 2 կոնցեպցիա՝ ամերիկյան, որը մերժում է մենաշնորհների գոյությունը, և եվրոպական, որը բացառում է գերիշխող դիրքի չարաշահումները։ ՀՀ օրենսդրությունը եվրոպական օրենսդրության շրջանակների մեջ է և պետք է ներդաշնակ լինի դրան։ Եվ գերիշխող դիրքի չարաշահման բացառման առումով լայն աշխատանքներ կատարվել են ու նորից կատարվելու են։

– Քարոզարշավի ընթացքում որոշ ուժերի կողմից, մասնավորապես՝ «Ելքի», մեղադրանք է հնչում, որ ՀՀԿ քարոզարշավի հիմքում դրված են կոռուպցիոն փողեր։ Ի՞նչ կհակադարձեք։

– Ինչո՞ւ կոռուպցիոն, չեմ հասկանում` ինչ է դա նշանակում։ Մեր քարոզարշավի գումարներն օրենքով սահմանված կարգով մեր մասնակիցների ու նաև օրենքով չարգելված այլ ճանապարհներով ներառված գումարներ են։ Ի դեպ, մի փոքրիկ գումար էլ ես եմ ներդրել իմ հնարավորությունների շրջանակում։

– Սոցհարցումների համաձայն՝ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը համարվող «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ իշխանության գալու դեպքում չեղարկելու են մի շարք քայլեր, որ ՀՀԿ-ի կառավարություններն են իրականացրել, օրինակ՝ «դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և տեսախցիկների վերացումը»։

– Նախ՝ ուզում եմ շեշտել, որ կառավարությունն այդ խնդիրների կարգավորման հետ որևէ կապ չունի։ Այդ խնդիրները կարգավորվում են օրենսդիր մարմնում, հետևաբար՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ են իրենք խոսում կառավարության տեսակետից, իսկ ինչ վերաբերում է արագաչափերին և կարմիր գծերին, ապա պետք է 2 հարց առանձնացնել։ Նախ՝ կարմիր գծերի համար 1 տարվա համար գանձվում է 12 հազար դրամ, այսինքն՝ օրական 1 ավտոմեքենայի կայանման համար քաղաքացին վճարում է 35 դրամ, և դա մեծ գումար չէ վարորդների համար։ Եթե վերացնենք կարմիր գծերը, տեղի կունենա այն, ինչը հաղթահարելու համար ստեղծեցինք այս համակարգը, որ կայանման համար 200 դրամ էին պահանջում։ Այս համակարգը կատարելագործվել է և կատարելագործվելու է։

Նախ՝ այդ ամբողջ գումարները գնում են քաղաքային բյուջե և լուծում են բազմաթիվ խնդիրներ, երկրորդ՝ օրենսդրության բարեփոխման խնդիր կա, օրինակ՝ եթե վարորդը չի վճարում կայանման տարեկան վարձը, 15 րոպեից ավելի կայանելու տուգանքը 5000 դրամ է, որը ՃՈ նոր հայեցակարգով կտրուկ՝ շուրջ 2 անգամ նվազեցվելու է։ Կարծում եմ՝ նաև ճիշտ կլինի գոտիականություն ներմուծել, որ քաղաքի տարբեր տեղերում կայանելու համար նույն րոպեների դիմաց տարբեր գումարներ մուծվի։ Այսինքն՝ համակարգի զարգացման հնարավորությունները շատ մեծ են, իսկ համակարգից հրաժարվելն անթույլատրելի է, որովհետև մենք ճիշտ քայլեր ենք կատարել, և անհրաժեշտություն կա իրականացված բարեփոխումներն ուղղակի խորացնելու։ Արագաչափերի հետ կապված իրավիճակը մոտ է կարմիր գծերին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց ներդրումից հետո վթարներն էապես նվազել են։ Խնդիրը, կարծում եմ, տուգանքների համաչափության մեջ է, և այստեղ բարեփոխումները ևս պետք է շարունակվեն։

– Նույն «Ծառուկյան» դաշինքն ասում է՝ «Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները, իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել»։

– Դա կատեգորիկ սխալ մոտեցում է, որովհետև կուտակային կենսաթոշակային բարեփոխումներն իսկապես վերջին տարիների ամենակարևոր բարեփոխումն էին, որ իրականացվեց, և ահա, թե ինչու. կան օրինաչափություններ, որոնցից խուսափել հնարավոր չի, և դրանք ասում են՝ քրիստոնյա ժողովուրդները ծերացող ժողովուրդներ են, և, եթե դուք չեք կարողանում ձեր կենսաթոշակային տարիքի հասած ազգաբնակչության համար նորմալ կենսապայմաններ ապահովել, ապա այդ պայմաններն ապահովում են մուսուլմանական երկրներից ներգաղթած էմիգրանտները։ Այս իրավիճակում հայտնվել է ողջ Արևմտյան Եվրոպան։ Ընտրություններին ամենակարգապահ մասնակցողները թոշակառուներն են, որոնք ձայն են տալիս, որպեսզի բացեն սահմանները, ներգաղթյալները գան իրենց երկիր, աշխատեն և իրենց թոշակները տան։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի, և դրա հիմնական ձևը կուտակային կենսաթոշակային համակարգն է։ Սերունդների համերաշխության սկզբունքը շատ լավն է, բայց այն պարագայում, երբ ընտանիքն ունենում է 3-5 զավակ։ Ցավոք, քրիստոնյա ժողովուրդներն այդպիսի հնարավորություն չունեն, և այս պարագայում կուտակային կենսաթոշակը միակ հնարավորությունն է, հատկապես՝ երբ 3 կողմից շրջապատված ենք մուսուլմանական երկրներով, մեր տևական զարգացման տեսլականն ապահովելու համար։ Եվս մի կարևոր հանգամանք, որին կարելի է անցած 2.5 տարիների համար գնահատական տալ. ներդրված գումարներն այս համակարգում աշխատում են շատ բարձր արդյունավետությամբ, և այս տարիների ընթացքում այդ գումարներն աճել են 27.7%-ով։ Սա շատ ավելի բարձր է, քան որևէ բանկում ներդրված դեպոզիտները։ Շատ կային տեսակետներ, որ ներդրված գումարները չեն աճելու, կորելու են, բայց ճիշտ հակառակն է, և այս մասին Հանրապետականը բազմիցս ասել էր, իսկ այսօր կյանքն է ցույց տալիս։ Եվ մի կարևոր հանգամանք ևս, որ այդ համակարգում ներդրված գումարները վերջապես սկսում են աշխատել՝ որպես երկար փողեր, և դրանց օգտագործումը ՀՀ-ում 65%-ից բարձր է։ Այսինքն՝ այդ գումարներն աշխատում են և՛ ներդրողների, և՛ պետության համար։ Հետևաբար՝ այս համակարգից հետ կանգնելն անթույլատրելի է որևէ հիմնավորմամբ։

– «Ծառուկյան» դաշինքը նախատեսում է մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչների» կիրառումը: Սա է՞լ ընդունելի չէ։

– Տեսեք, սա տևական ժամանակ եղել է չափազանց ցավոտ մի խնդիր, և այս ուղղությամբ իշխանությունները վերջին տարիների ընթացքում էական առաջընթաց տեղաշարժեր են կատարել։ Չթվարկելով բոլորը՝ նշեմ, որ էապես նվազեցվել է այն փաստաթղթերի քանակը, որոնց շնորհիվ այսօր կարելի է հենց մաքսային արժեքով մաքսազերծում կատարել, նվազեցվել է այն երկրների քանակը, որոնց կողմից ներկայացված փաստաթղթերն առանձնահատուկ ոչ հավաստի են թվում։ Դա Չինաստանն է, ԱՄԷ-ն և Թուրքիան, որտեղ, բոլորին հայտնի է, որ կարելի է ցանկացած փաստաթուղթ որոշակի գումարով ձեռք բերել, և այս առումով էապես մեծացվել են հետմաքսային վերահսկողության գործառույթները։ Արդյունքում՝ այսօր այդ մաքսային արժեքի ֆորմատով, ինչին ձգտում են մեր ընդդիմախոսները, պաշտոնական տվյալներով՝ արդեն մաքսազերծվում է ապրանքների 65-68%-ը։ Այսինքն՝ այդ խնդիրն էապես նվազել է, և իշխանության կողմից տարվող աշխատանքները շարունակվելու են։ Կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ հսկիչ գները 100%-ով չեն կիրառվի, կարծում եմ՝ ոչ, որովհետև չկա մի երկիր, որտեղ հսկիչ գների օգտագործումը բացառված է, և դա բացատրվում է հենց նրանով, որ կան երկրներ, որտեղից իսկապես ցանկացած տիպի փաստաթուղթ կարելի է ձեռք բերել։

– Դաշինքն առաջարկում է նաև գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:

– Անհասկանալի մոտեցում է՝ ինչո՞ւ 1000 դրամ, և ոչ՝ 500 կամ 1500 դրամ։ Այստեղ ամենախոցելին այն է, որ շուկայական մեխանիզմն է բացակայում, հետևաբար՝ նաև շատ մեծ հնարավորություն է ստեղծվելու ոռոգման ջրի շռայլման համար։ Այս տեսակետից անթույլատրելի եմ համարում հեռանալ շուկայական մեխանիզմներից, որովհետև իսկապես դա մի համակարգ է, որի արդյունավետ գործունեությունը կախված է հենց շուկայական համակարգից։ Այլ հարց է, որ համակարգի արդյունավետությունն իսկապես պետք է բարձրացվի, պետք է անել այնպես, որ ոռոգման ջրի քանակն ավելի փոքր մասնաբաժին ունենա արտադրվող ապրանքի ինքնարժեքի մեջ, իսկ դրա ճանապարհը գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացումն է։ Օրինակ՝ Մոլդավայում ոռոգման ջրի վարձը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն այնտեղ գյուղատնտեսությունը շատ ավելի արդյունավետ է, և այդ պարագայում ոռոգման ջրի քանակի բեռն ապրանքի գնի մեջ շատ ավելի նվազ է։ Դուք չեք կարող այդ խնդիրը լուծել այս մի համակարգը սպանելով, որովհետև ոռոգման համակարգը ևս համակարգ է, և, եթե այնտեղ գումարներ չմտնեն, այն կդադարի գոյություն ունենալուց։ Առանց այդ էլ այսօր պետությունն էական մեծ ներդրումներ է կատարում, որպեսզի ոռոգման համակարգը սուբսիդավորվի։ Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու հետ միաժամանակ՝ պետք է նաև ոռոգման համակարգում կորուստները նվազեցվեն, որի արդյունքում նույնպես ոռոգման ջրի բեռը կթեթևանա գյուղատնտեսության համար։ Բայց կամայական գին՝ 1000 դրամ, սահմանելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

– Դաշինքն ասում է նաև, որ բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Նման դեպքեր ինչքա՞ն են եղել։

– Այս մոտեցումը շուրջ 3 տարի առաջ հնչեցվել է ՀՀ նախագահի կողմից, և այս ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Ես չեմ ուզում թվարկել այն բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով բարձր առաջադիմությամբ ուսանողները կարողանում են ստանալ օժանդակություն, հատկապես՝ անապահով ընտանիքների երեխաները։ Բայց այսօր գործնականում չի կարելի գտնել մի դեպք, երբ բարձր առաջադիմությամբ ուսանողը դուրս է մնում բուհից՝ ուսման վարձը չմուծելու հետևանքով։ Այդ խնդիրը գործնականում արդեն լուծված է։

Տեսանյութեր

Լրահոս