«Մենք շատերի համար վտանգավոր ենք». էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյան

«Մարդիկ ընտրության հետ կապում են գրեթե ամեն ինչ, իրենց հետագա 5 տարիները: Լինի արդարացված թե չարդարացված` ենթագիտակցորեն արդեն մշակված է, որ, եթե իմ բարեկամի բարեկամը գա իշխանության, իմ գործերը դրանից կլավանան կամ կվատանան, այսինքն` հույսը դնելով ինչ-որ պատրանքների վրա` ուղղակի մենք ամեն անգամ «կոտրած տաշտակի» առաջ ենք կանգնում, մենք մնում ենք դատարկության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

Խնդրին անդրադառնալով էզոթերիկ տեսանկյունից` Գուրգեն Հովհաննիսյանն ասաց.

«Տեղեկատվական, սոցիալական, հոգեբանական պատերազմների մասին մենք տեղյակ ենք, սակայն «էզոթերիկ պատերազմների» մասին քիչ ենք տեղեկացված: Սա սկսեց իրեն ավելի արտահայտել աշխարհաքաղաքական կառուցվածքի հիման վրա: Այժմ մենք, լինելով բացահայտ թշնամիներով շրջապատված մի աշխարհագրական վայրում, շատ ժամանակ մոռանում ենք, թե ինչ վիճակում ենք գտնվում: Հենց այստեղ էլ թաքնված են այն խնդիրները, որոնք մենք ուղղակի անտեսում ենք: Այսինքն` լայն մասսաների դաշտից սա վրիպում է»:

Բանախոսի խոսքով` մեր թուլությունը ձեռնտու չի ոչ միայն մեր իշխանավորներին, այլև մեր տարածաշրջանը ներկայացնող մյուս պետություններին` Ադրբեջանից սկսած` Թուրքիայով վերջացրած:

«Մեր թուլացումը լինելու է բոլորի թուլացումը: Մեր ուշադրության ֆիքսացիան ցրված է, մեկ դաշտի վրա չի գտնվում: Մեր մեջ առաջանում է բնազդը, մենք անում ենք ենթագիտակցորեն քայլեր, բայց մենք մեր կյանքը բարեկեցիկ չենք դարձնում: Որովհետև սովոր ենք սպասելու, որ հերթական արհավիրքն է գալու: «Հիմա պետք է վատ լինի, որովհետև մինչև հիմա լավ էր»: Այս սպասումը մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր իրականությունը ղեկավարենք լիարժեք»:

«Մենք շատերի համար վտանգավոր ենք, Ադրբեջանը, Վրաստանը վտանգավոր չեն: Հայաստանը և Իրանը մեր տարածաշրջանում այն պետություններն են, որ կարող են ամբողջ գլոբալ համակարգը շուռ տալ, փոփոխել: Գիտակցելով, թե ով ենք, ինչ մեծ ուժ ունենք մեր մեջ ներփակված` շատ հեշտությամբ կարող ենք առաջընթաց ապրել»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել այս խնդիրը հաղթահարելու համար, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Այս ճգնաժամը հաղթահարելուն կօգնի այն նեգատիվը, որ մեզ ճնշում է: Խնդրի լուծման համար ընդամենը 15 րոպե է անհրաժեշտ: Խնդիրը սկզբից սկսում ենք վերլուծել` ինչի՞ց առաջացավ, որտեղի՞ց սկսվեց, ո՞վ է խանգարել, նույնը պետք է շուռ տալ: Այսինքն` պետք է հասկանալ՝ ի՞նչ է ձեզ հետաքրքիր, ի՞նչ կուզենայիք ունենալ: Պիտի թույլ տաք, որ ամեն ինչ ձեզ հետ տեղի ունենա, որովհետև շատ դեպքերում մենք շատ բան ենք ցանկանում, բայց մեզ թույլ չենք տալիս ունենալ: Մենք շատ երկար փորձ ունենք՝ խնդիրը վերլուծելու նեգատիվ տեսանկյունից, հետո մի կերպ դուրս գալու, բայց երջանկության մասին շատ քիչ փորձ ունենք, հենց այդ փորձը լրացնելու համար 15 րոպեն բավական է, որ մինչև գործի գնալը ձեզ տրամադրեք, որ ամեն ինչ լինելու է ձեր ուզածով: Փորձեք ու կտեսնեք, որ իրականում ամեն ինչ շատ հեշտ է»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս