«ՀՀ-ում ընտրախախտումները տարաբնույթ հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար»

«168 Ժամի» զրուցակիցն է Եվրոպական խորհրդարանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին

– Պարոն Չարնեցկի, մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտի մասին։ Երեք տարի առաջ Հայաստանը հրաժարվեց ստորագրել երեքուկես տարի շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության հետ։ Ի՞նչ է փոխվել 2013թ. հետո։ Ի՞նչ հանգրվանում են ՀՀ-ԵՄ հարաբերություններն այսօր։

– Ամենատեսանելի փոփոխությունը երկու համաձայնագրերի շրջանակն է։ Նոր համաձայնագիրն ընդգրկում է նախորդ համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչը և առևտրի ոլորտի չափազանց սահմանափակ հատված, քանի որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը (DCFTA) համատեղելի չէ ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ։ Այնուամենայնիվ, ունենալ նոր համաձայնագիր այն հատվածի մասով, որը ՀՀ իշխանություններից բարի կամքի դրսևորում և բարեփոխումներ է պահանջում, շատ դրական ազդանշան է, ինչը ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերությունները սերտանում և լավանում են։

– ԵՄ-ում չեղա՞ն արդյոք մտավախություններ, որ Սարգսյանի այցը Բրյուսել և նրա բավականին հարուստ օրակարգը Հայաստանում կարող է դիտարկվել՝ որպես աջակցություն Սարգսյանի թիմին սպասվող ընտրություններում։ Նման տեսակետներ հնչեցին Հայաստանում։

– Պարոն Սարգսյանը դեմոկրատորեն ընտրված ՀՀ նախագահն է, ով իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Բրյուսել։ Վերջին այցը կարևոր էր, քանի որ ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրն իր վերջնական փուլում էր, և ես կարծում եմ, որ դա պետք է դիտարկվի՝ որպես միավոր՝ հօգուտ ներկայիս իշխանությունների, որոնք այս ամենն ավարտին հասցրին ընտրություններից առաջ, և այնքան վճռական, որ 2017թ. ապրիլից հետո նոր քաղաքական համակարգ է լինելու երկրում։ Հարուստ օրակարգն ու բազում հանդիպումները չպետք է դիտարկվեն՝ որպես քաղաքական աջակցություն ԵՄ-ի կողմից, սա աշխատանք է, ինչպես միշտ։ Բանակցող թիմը լավ աշխատանք է իրականացրել և գործարքը հասցրել ավարտին, ուստի կողմերը հանդիպեցին՝ քննարկելու այն։

– Ինչպես նշեցիք, նոր շրջանակային համաձայնագիրը տարբերվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա այս նոր համաձայնագիրը Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտներին՝ հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը։

– Շատ բան չպետք է ակնկալել տնտեսական ոլորտում, ինչպես ավելի վաղ նշեցի՝ Եվրասիական տնտեսական միությունն այս ոլորտում առավելություն ունի։ Այնուամենայնիվ, համաձայնագիրը ներառում է դրույթներ, որոնք վերաբերում են օրենքի իշխանությանը, ժողովրդավարական վերահսկողական մեխանիզմներին, քաղաքացիական հասարակությանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք անհրաժեշտ են երկրի դեմոկրատական ընթացքի համար, ինչը, հույս ունեմ, որ Հայաստանին և հայերին կօգնի էլ ավելի մոտենալ ԵՄ չափանիշային համակարգին։

Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այս ամենը նշանակի՝ վերադարձ ավելի սերտ տնտեսական կապերի շուրջ բանակցություններին, թեև ես կատարելապես հասկանում եմ Հայաստանի ներկայիս միջազգային և աշխարհաքաղաքական դրությունը և այն, թե ինչու ԵՏՄ-ն ընտրվեց՝ ԵՄ-ի փոխարեն։ Ամեն դեպքում, նոր համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը ցույց է տալիս, որ Հայաստանի եվրոպական հավակնություններն այսօր և միշտ եղել են օրակարգում։

– Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ ՄԱԿ ԶԾ-ի, ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն դրականորեն արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթը հովանավորելու՝ ՀՀ իշխանությունների խնդրանքին։ ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմում է մոտավորապես 7 միլիոն եվրո։ Սակայն Հայաստանում մի շարք փորձագետներ պնդում են, որ կրկին ընտրակեղծարարություններ են տեղի ունենալու։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշում է, որ լավ, թափանցիկ ընտրությունները նոր դուռ կբացեն ՀՀ-ԵՄ համագործակցության համար։ Ի՞նչ պետք է ակնկալել ՀՀ-ԵՄ հարաբերություններից, եթե դիտորդներն ընտրախախտումներ արձանագրեն։

– Իհա՛րկե, դա չի օգնի հարաբերություններին և կարող է հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան։ Ես հայաստանյան ընտրություններին դիտորդական առաքելություն եմ իրականացրել նախկինում, և, թեև ոչ կատարյալ, դրանք կազմակերպված են եղել՝ ըստ կանոնների և, ընդհանուր առմամբ, հավուր պատշաճի։ Ուստի, հույս ունեմ, որ գալիք ընտրությունները չափանիշերն էլ ավելի կբարձրացնեն։ Սա շատ կարևոր հանգրվան է երկրի համար, երբ սահմանադրական կարգավորումները կսկսեն գործել նոր խորհրդարանի ձևավորումից հետո։ Ընտրություններին՝ որպես Եվրոպական խորհրդարանի փոքրիկ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, կլինեմ Երևանում։

 – Հայաստանյան ընտրություններից հետո ե՞րբ Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը։ Ի՞նչ գործոններից և խնդիրներից է կախված ստորագրումը։

– Սա, իհարկե, հարց է, որը պետք է ուղղվի ավելի շուտ Եվրոպական հանձնաժողովին, քան Եվրոպական խորհրդարանին, քանի որ նույնիսկ մենք չենք ստանում տեխնիկական բոլոր մանրամասները։ Ես կարծում եմ, որ «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում», բայց թվում է, որ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս