Բաժիններ՝

«Այդ պահին մենք էլ ենք վախենում հայելու մեջ նայել». Արման Մարգարյան

Դերասան, հաղորդավար Արման Մարգարյանը, ով ամեն առավոտ ողջունում է մեզ հեռուստաեթերից, մեզ հետ զրույցում պատմեց վաղ առավոտից առույգ լինելու հմտությունների, հայր լինելու առավելությունների մասին: Ինչպես նաև բացահայտեց նախկին կնոջ հետ ցիվիլ և հարգալից հարաբերություններ պահպանելու գաղտնիքը:

– Ի՞նչ իրավունքով եք Դուք՝ առավոտյան ծրագրերի հաղորդավարներդ, այդքան «թարմ» և առույգ, երբ մենք՝ հեռուստադիտողներս, դեռ «ճմրթված» դեմքով և կիսաքուն աչքերով փորձում ենք խոհանոցի դարակներում գտնել սուրճի տարան:

– Դե, դա մեր մասնագիտական իրավունքն է և պարտավորությունը:

– Բոլոր նրանց համար, ովքեր վախենում են անգամ առավոտյան հայելու մեջ նայել, նշեք, թե ի՞նչ են անում հաղորդավարները՝ վաղ առավոտից առույգ լինելու համար:

– Առաջինը` մի քանի ժամ շուտ ենք արթնանում: Ասեմ, որ այդ պահին մենք էլ ենք վախենում հայելու մեջ նայել: Օգտագործում ենք «Վիզին», որն աչքերը տեղն է բերում՝ սպիտակեցնում է, թարմություն է տալիս: Բացի այդ, գոյություն ունի գրիմ, վարսահարդար և ներքին ձայն, որն ասում է. «Սթափվիր, եթերում ես»: Երբ դու եթերում ես, դու լարված ես, դու ձիգ ես, դու սթափ ես: Իհարկե, հետո մենք մի քանի ժամ քնում ենք, և, ինչը շատ կարևոր է, շաբաթը մի քանի անգամ սպորտով ենք զբաղվում: Մեր հյուրերը ևս կարողանում են մեզ սթափ պահել, արթնացնել իրենց էներգիայով: Չնայած, երբեմն հյուրեր ենք ունենում, որոնցից հետո, զգում ես, որ սպառվել ես:

– Որո՞նք են առավոտյան ծրագրի թերություններն ու առավելությունները հաղորդավարի համար:

– Ասում են, որ առավոտյան ծրագիրն ամենաբարդ հեռուստանախագծերից է՝ և ծավալով, և ինֆորմացիոն առատությամբ:

Երբ սերում ես հայտնի և սիրված դերասանուհիներ Էվելինա և Նաիրա Շահիրյանների ընտանիքից, բացի պատասխանատվության զգացողությունից, կա՞ արդյոք Ձեր անհատականությունը շարունակ բոլորին ապացուցելու բարդույթ:

– Այդ բարդույթի հետ առնչվում էի հատկապես ուսանողական տարիներին: Երբ շարունակ լսում էի քչփչոցներ այն մասին, թե՝ «Էվելինայի թոռն է, դրա համար են ընդունել Թատերական»: Այդ տարիներին ձեր նշած բարդույթը նկատելի էր, քանի որ շարունակ ուզում էի ապացուցել, որ ես՝ ես եմ:

– Ո՞ր տարիքից կամ, միգուցե, ո՞ր իրադարձությունից հետո զգացիք, որ այլևս կարիք չկա ապացուցելու, որ Դուք անհատականություն եք:

– «Ալֆրեդի սենյակ» նախագծին մասնակցելուս նպատակը հենց դա էր: Այնուհետև Մոսկվա մեկնելս և այնտեղ երկար տարիներ մենակ ապրելս մեծ ազդեցություն թողեց իմ անձը նորովի ընդունելու համար: Մոսկվայում ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու ո՞ւմ թոռն ես, կամ՝ որդին: Այդ տարիներին հայերից միայն Ֆրունզիկին գիտեին: Բայց ուզում եմ նշել, որ ինձ համար մեծ երջանկություն և պատիվ է, որ հենց այդ ընտանիքի անդամն եմ ես: Եվ կփորձեմ գետնով չտալ իմ ընտանիքի անունը:

Դուք ներկա եք լինում հայկական գրեթե բոլոր ֆիլմերի պրեմիերաներին, որտեղ մեծամասամբ Ձեր ընկերները կամ գոնե ծանոթներն են խաղում: Դուք՝՝ որպես դերասան, երբեք «գաղտնի նախանձ» չե՞ք զգացել, որ Դուք էլ կարող էիք լինել տվյալ ֆիլմում, Դուք էլ կարող էիք նկարահանվել, սակայն այսօր գործում եք միայն հեռուստատեսության բնագավառում:

– Ե՛վ այո, և՛ ոչ: Առաջին հերթին՝ ուզում եմ նշել, որ ես ինձ դերասան չեմ համարում: Դերասան լինելու համար պարտադիր չէ 4 տարի սովորել Թատերական ինստիտուտում: Բայց մյուս կողմից՝ կցանկանայի փորձել, եթե լիներ ռեժիսոր, ով ֆիլմը նկարելուց առաջ դերասանի հետ կաշխատեր: Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանում շատ քչերն են այդ սկզբունքով աշխատում դերասանի հետ: Եթե լինի լավ առաջարկ, ես, իհարկե, դեմ չեմ լինի՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ երևի թե չեմ կարող դերասանական շատ մեծ տաղանդ ցուցաբերել:

– Ե՞տ եք վարժվել, թե՞ պարզապես ինքներդ Ձեզ չեք վստահում:

– Ես երբեք չեմ ձգտել լինել դերասան: Ուսանողական տարիներին եմ խաղացել ներկայացումներում, հետո արդեն՝ մյուզիքլում, սակայն բեմում լինելու առանձնապես մեծ ձգտում երբեք չեմ ունեցել:

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք ընդունվել Թատերական ինստիտուտ՝ դերասանական բաժին:

– Որովհետև մաթեմատիկա չգիտեի, որ այլ բուհ ընդունվեի: Պետք էր ընդունվել՝ ընդունվեցի Թատերական:

– Ո՞րն է այն ֆիլմը կամ գիրքը, որը դիտելով կամ կարդալով՝ ակամայից Ձեր անձը «պրոյեկցիա» եք արել տվյալ ֆիլմի կամ գրքի հերոսի հետ:

– Վերջին գործը, որը պրոյեկցիա եմ արել ինձ վրա, Ջերոմ Սելինջերի «Над пропастью во ржи» գիրքն է եղել՝ թինեյջերական տարիներիս: Ֆիլմերը նայելիս՝ փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ կարող եմ «վերցնել» այնտեղից իմ կյանքի համար:

– Հաճախ Ֆեյսբուքում կիսվում եք Ձեր որդու հետ համատեղ լուսանկարներով: Բացահայտ հաճույք եք ստանում Ձեր՝ հայր լինելուց: Լավ հայր լինելու համար ի՞նչ չպետք է անել:

– Չպետք է ծխել, խմել ու էլի շատ վնասակար գործողություններ անել՝ գոնե որդու ներկայությամբ: Չի կարելի մարդկանց հետ վատ վարվել, ճիշտ մարդկային փոխհարաբերություններ է պետք պահպանել բոլորի հետ: Դաստիարակության մեջ, որքան ուզում ես՝ լեկցիա կարդա, միևնույն է, երեխան կրկնելու է ծնողի վարքագիծը: Պետք չէ վատ օրինակ ծառայել: Կարևոր է հիշել, որ նա առանձին մարդ է՝ անհատականություն՝ իր ցանկություններով, մտածելակերպով և սխալներով հանդերձ: Եվ պարտադիր չէ, որ երեխայի կարծիքը համընկնի ծնողի կարծիքի հետ:

– Ո՞րն է մեր և մեր ծնողների դաստիարակման մեթոդների տարբերությունը:

– Մեր ծնողների սխալն այն էր, որ նրանք ցանկացել են, որպեսզի իրենց երեխաները լինեն այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել: Եվ միայն այդպիսին: Մի կողմ էր դրվում տարբերակը, որ այդ երեխան չի ցանկանում կրկնել ծնողի ուղին, լինել նրա պես, ընտրել նույն մասնագիտությունը: Ես դեմ եմ «բռնապետական» դաստիարակմանը: Եթե որդիս ուզում է անել մի բան, որին ես դեմ եմ, այնուամենայնիվ ստանում է այդ թույլտվությունը, սակայն զգուշացնում եմ, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Եթե այդքանից հետո էլ նա շարունակում է պնդել իր տեսակետը, թող փորձի… Ես դեմ չեմ:

– Կա՞ն այնպիսի սխալներ Ձեր կյանքում, որոնք չէիք ցանկանա, որ Ձեր տղան պատանեկան տարիքում կրկներ:

– Իհա՛րկե կան այդպիսիք: Սակայն հասկանում, եմ, որ իմ ուզելը քիչ է: Նա անելու է իր տարիքին բնորոշ բոլոր սխալները: Կամ էլ չի անելու: Դա արդեն նրա քայլերն են լինելու: Դա անկառավարելի իրավիճակ է:

– Շատ անգամ ակամայից կրկնում ենք մեր ծնողների վարքագիծը: Նկատե՞լ եք, որ Ձեր որդին կրկնում է Ձեզ՝ որոշ հարցերում:

– Դեռ չեմ նկատել վարքագծի կրկնություն: Սակայն նաև այդ պատճառով աշխատում եմ ճիշտ օրինակ ծառայել նրան: Օրինակ՝ նա՝ տեսնելով, որ ես շաբաթը մի քանի անգամ գնում եմ լողավազան, ինքնուրույն ինձ հետ գալու ցանկություն հայտնեց: Ասում է, որ դուրն է գալիս: Եթե հազարից մեկ նա ինձ տեսնում է ծխելիս, ես անպայման բացատրում եմ, որ դա վատ է, երբեմն էլ ստից հազում եմ…

– Սակայն նա նման չէ այն երեխային, ում կարելի է հազով խաբել: Շատ խորը և ընկալող հայացք ունի:

– Նա շատ բարի է, միևնույն ժամանակ՝ շատ խորամանկ: Շատ լավ հասկանում է իրավիճակը:

– Խորամանկությունը հայրիկի՞ց է ժառանգել:

– Կարծում եմ՝ մայրիկից: Պապան էլ միամիտ չէ:

– Երբ Ձեր նախկին կինը, ով իր առանձին ընտանիքն է կազմել արդեն, երկրորդ անգամ մայրացավ, Դուք համացանցում շնորհավորեցիք նրան և Ձեր որդուն, որ քույրիկ է ծնվել: Շատերը զարմացած էին Ձեր վարքագծով: Նրանց համար տարօրինա՞կ էր, որ նախկին ամուսինները կարող են նորմալ, ցիվիլ հարաբերություններ պահպանել:

– Զարմանում եմ մարդկանց նմանօրինակ վերաբերմունքից: Օրինակ, վերջերս իմ մեքենան անսարք էր, և ես իմ նախկին կնոջ մեքենան էի վարում: Եվ մարդիկ էլի զարմացել էին: Մեզ մոտ շատ լավ, ցիվիլ ընկերական հարաբերություններ են:

– Ամուսնալուծությունից հետո հե՞շտ էր միանգամից գալ ցիվիլ հարաբերությունների:

– Իհա՛րկե ոչ: Անցել է որոշակի ժամանակ: Իրադարձություններն ու ժամանակն ամեն ինչ իրենց տեղն են դրել: Եվ, ի վերջո, մեծամասամբ մեզնից է կախված մեր հարաբերությունների տեսակն ու որակը:

Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս