«Ռուսաստանի դեմ հարկավոր է կիրառել համապատասխան ջանքեր». փորձագետները
Ամերիկացի վերլուծաբանները եւ Էստոնիայի նախկին նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ այն միտքն արտահայտեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջանք չի խնայում ԱՄՆ-ում ու Եվրոպայում ժողովրդավարությունը վնասելու, նրանց միջեւ ռազմական դաշինքը թուլացնելու եւ ռուսական ազդեցությունը մեծացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հավատացած է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների վրա:
Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը դա համարում է հարձակում ընդդեմ ԱՄՆ-ի: «Եվ եթե մենք այսօր արդյունավետ պատասխան չտանք, Պուտինն ավելի մեծ սպառնալիք կդառնա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար»,- ասում է նա:
Նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, թե ուզում է բարելավել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները: Մի բան, որի նկատմամբ նրա կուսակից կոնգրեսականները նույն վերաբերմունքը չեն ցուցաբերել:
«Ռուսները մեր բարեկամները չեն: Նրանք ներխուժում են իրականացրել Ղրիմում»,- հայտարարել է Միթչ Մաքքոնելը:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում վերլուծաբան Փիթըր Դորանն ասաց, թե Մոսկվան զանգվածային քարոզչություն է իրականացնում` վնասելու համար Արեւմուտքի ժողովրդավարությունը ու ԱՄՆ-Եվրոպա ռազմական դաշինքը: «Եվ ես այսօր ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ռուսաստանի այս ռազմավարության զարգացման արագության վրա»,- հայտարարեց նա:
Փորձագետների խոսքերով, Ռուսաստանը, կեղծ լուրեր տարածելով, փորձ է անում հրահրել քաղաքական հակամարտություններ, ուշադրությունն իրենից շեղելու համար: Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Իլվեսն էլ հավատացած է, որ Ռուսաստանն այսօր փորձում է իր ազդեցությունը գործել Ֆրանսիայի, Գերմանիայի ու Նիդերլանդների ընտրությունների վրա, «ինչպես դա արեց ԱՄՆ-ում: Ու հոլանդացիներն այնքան են մտահոգվել այդ հանգամանքով», ասում է նա, «որ որոշել են ընտրություններն անցկացնել ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ քվեաթերթիկներով»:
Ազգային պաշտպանության համասարանի փորձագետներից Փիթըր Էլթսովի խոսքերով, Ռուսաստանն օգնում է ֆինանսավորել Եվրոպայի քաղաքական մի շարք գործիչների, հատկապես Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջթեւային թեկնածու Մարին լե Պենին: «Նա Պուտինի մեծ սիրահարն է, եւ նույնիսկ պատրաստվում է ճանաչել Ղրիմի բռնակցումը»,- ասաց նա լսումների ժամանակ:
Փորձագետների խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Եվրոպական Միության աջթեւայիններին ու ծայրահեղ աջերին` Եվրոպական Միությունը մասնատելու նպատակով: Նրանք հորդորում են ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին դա թույլ չտալու համար կիրառել համապատասխան ջանքեր: