«Պետք է այս ամենին վերջ տալ, հակառակ դեպքում մենք պատերազմի մեջ կներքաշվենք»

«Ռուսաստանի նպատակն է քայքայել հասարակության վստահությունը եվրաատլանտյան արժեքների նկատմամբ, մեծացնելով սեփական ազդեցության աստիճանը: Ռուսաստանը հասցրել է տրոլների իր բանակը, քարոզչության եւ ապատեղեկատվության իր զինանոցը բոլորովին այլ մակարդակի», – այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտարարել է հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը: Նրա խոսքով, ԱՄՆ-ին պետք է քայլեր ձեռնարկել ապագայում Մոսկվայի նման գործողությունները բացառելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լսումներին վկայություն տվող Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հեդրիկ Իլվսն ընդգծեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության կազմալուծմանը.

«Աջակցություն են ստանում այն թեկնածուները, ովքեր հանդես են գալիս Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դեմ: Դրանցից ամենավառ օրինակը Ֆրանսիայի Մարին Լե Փենն է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հակառակորդն է: Նրա կուսակցությունը ռուսական բանկից 9 միլիոն դոլարի աջակցություն է ստացել»:

Հայ-ամերիկյան բարեկամության խմբի մեկ այլ անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էլիոթ Էնգելի խոսքով, Մոսկվան, ինքնագովազդի բավարար հիմքեր չունենալով, փորձում է ապականել մյուսներին.

«Աշխարհին Ռուսաստանի հզորության պատմելու փոխարեն, Պուտինը մեկ այլ ուղերձ է տարածում, ասելով՝ հավանաբար դուք իրավացի եք, Ռուսաստանը հզոր չէ, սակայն, հզոր չեն նաեւ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը, հզոր չէ արեւմտյան ժողովրդավարությունը, բոլորս այստեղ՝ հատակում, միասին ենք»:

Կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը, ով չեր կիսում լսումներին հնչած կարծիքը, կոչ արեց հավաքվածներին ըմբռնումով մոտենալ Մոսկվայի գործողություններին.

«Պետք է այս ամենին վերջ տալ, հակառակ դեպքում մենք պատերազմի մեջ կներքաշվենք: Եկեք փորձենք իրադարձությունները մի փոքր ավելի հավասարակշռված դիտարկել»:

Լսումների մեկ այլ մասնակից, պետքարտուղարի նախկին օգնական Լինքոլն Բլումֆիլդն իր կողմից առաջարկեց խնդիրն առավել գլոբալ դիտարկել.

«Ոչ միայն Ռուսաստանը այլեւ Չինաստանը, Իրանը, Սիրիան եւ մի շարք այլ երկրների վարչակարգերը փորձելու են իշխանության ղեկին մնալ ընդմիշտ: Այդ նպատակով նրանք հալածում են այլախոհներին, սեփական գումարներն ապահով պահում արտերկրյա բանկերում, իրավապահների կոշտ հսկողություն սահմանում եւ լրատվամիջոցներում գրաքննություն մտցնում»:

Բլումֆիլդն առաջարկեց նաեւ Մոսկվայի հաքերային գրոհներից տուժած Արեւմտյան պետություններին Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցների ընդունման հետ միասին նաեւ հակազդել Վլադիմիր Պուտինին իր իսկ միջոցներով.

«Արդյոք դո՞ւր կգա պարոն Պուտինին, եթե մենք նրան իր իսկ դեղամիջոցը մատուցենք՝ ի պատասխան հրապարակելով զեկույցներ Պուտինի փոքրիկ գաղտնիքների մասին: Տեսնենք, թե որքանո՞վ է իր դուրը գալու, երբ բոլորին հայտնենք, թե որտեղ է նա պահում իր փողերը, որքան այլախոհ է սպանվել նրա հրամանով, ինչպես են նրանք ոչնչացրել մալասիական ինքնաթիռը, եւ մի շարք այլ հարցեր»:

Տեսանյութեր

Լրահոս