Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` դրական
Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2017թ.-ի մարտի 10-ին վերանայել և բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը` սահմանելով B2 դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար: Բազային վարկային գնահատականը /baseline credit assessment (BCA)/սահմանվել է b3, իսկ կոնտրագենտի ռիսկի գնահատականը /long-term Counterparty Risk Assessment (CR Assessment)/` B2(cr)/NP(cr) մակարդակի վրա: Կանխատեսումը` կայուն:
Moody’s գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը հիմնականում պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի զգալի համալրմամբ և ակտիվների որակի բարելավմամբ: Moody’s-ի գնահատմամբ 2016թ.-ին բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը 2015թ-ի վերջի համեմատ աճել է մոտ 68%-ով:
2016թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 186,4 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 150,7 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35,7 մլրդ դրամը: Հաշվի առնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշները, կայուն ֆինանսական վիճակը և զարգացման ռազմավարությունը, բանկը որոշում ընդունեց իր սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 28.11.2016թ. դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում, բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ:
Այդ նպատակով իրականացվել է մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ /բաժնետոմսի շուկայական արժեքով/ ծավալով սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում: Շահութաբաժինները վճարվում են 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12.9% տարեկան եկամտաբերությանը: Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որը 2016թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը: