«Ալիևների դինաստիան վատ նշան է Եվրոպայի համար». Freedom House

Բաքվի ռեժիմը կոռումպացված է, այն բռնապետական և գտնվում է տնտեսական ճգնաժամի կենտրոնում: Բացի այդ՝ այն Եվրամիություն գազի խոշոր մատակարարն է, գրում է հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝անդրադառնալով փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու մասին։

«Ոմանք կարող են վիճել, թե այս քայլն արվեց կանանց ուժեղացնելու համար։ 100 տարի առաջ Ադրբեջանը դարձավ առաջին մուսուլմանական երկիրն աշխարհում, որտեղ կանանց տրվեց քվեարկության իրավունք, այնինչ դա միայն 2 տարի անց տեղի ունեցավ ԱՄՆ-ում։

Բայց երկրի թույլ տնտեսական վիճակը և եվրոպացի պաշտոնյաներին առնչվող վերջին կոռուպցիոն սկանդալները վկայում են, որ երկրի փոխնախագահի նշանակման հետևում առկա են ավելի համակարգային  պատճառներ, որոնք նպաստում են ռեժիմի երկարակեցությանը»,- գրում է Ֆոլին։

ԱՄՆ-ն ու Եվրոպան հաճախ հղում են կատարում Ադրբեջանին՝ որպես «ռազմավարական գործընկերոջ»՝ չնայած երկրում քաղբանտարկյալների ռեկորդային աճող թվին ու քաղաքացիական հասարակությանը լռեցնելու փորձերին։
Երկար տարիներ երկրի լոբբիստների ջանքերը կարողանում են համոզել ժողովրդական երկրների դիվանագետներին ու քաղաքական գործիչներին  լռել Ադրբեջանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ։
«Նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելով՝  ասում է, որ դա իր սեփական երկիրն է»,- ասում է  Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Պաոլո Սերբոլոն:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանի ռեժիմը բախվում է աննախադեպ թուլացնող գործոնների, և քաղաքական ուժը իր ընտանիքի սեփականությունը դարձնելու ձգտումը անկայության նկատմամբ վախի մասին է վկայում։

Նշվում է, որ վերջին տարիներին երկրի տնտեսությունը տուժել է նավթի գնանկումից։ Հոդվածում ասվում է նաև, որ մինչև վերջերս երկիրը չուներ փոխնախագահի պաշտոն, որը մտցվեց անցած տարվա սեպտեմբերին կայացած հանրաքվեի հետևանքով։

Ոմանք Մեհրիբան Ալիևայի նշանակման մեջ տեսնում են թեկնածուի, որը կփոխարինի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևին, եթե նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա։
Նշվում է, որ  Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի անդամ էր 2005-ից, բայց հազվադեպ է մասնակցել դրա աշխատանքներին։ Նա ավելի շատ հայտնի է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և Հեյդար Ալիևի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավարն է 2004-ից։

«Թեև կազմակերպությունը հովանավորում է մշակութային միջոցառումները երկրում ու դրա սահմաններից դուրս, սակայն դրա գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Բաքվի ռեժիմի հեղինակության բարձրացման վրա միջազգային հարթակներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման տարածման՝ միջազգային հարթակներում։ Այն նաև քննադատվել է կոռուպցիային ծառայելու համար»,- գրում է  վերլուծաբանը՝ անդրադառնալով վերջին սկանդալին, երբ European Stability Initiative-ը (ESI) զեկույց էր հրապարակել, որտեղ մանրամասն նկարագրված էին Եվրոպայի խորհրդի վեհաժողովի մի շարք խորհրդարանականների կաշառելու դեպքերը։

Նշվում է, որ վերջիններս ավելի քան 2 մլն եվրո կաշառք էին վերցրել՝ փակելու համար իրենց աչքերը երկրում քաղբանտարկյալների իրավունքների ոտնահարման դեպքերի վրա։

Տեսանյութեր

Լրահոս