«Ջուլիետա, հանգիստ նստի տեղդ, թե չէ վերջին օրը կլինի, որ կմասնակցես մեր հանդիպումներին». միջադեպ ՀԿԿ-ի քարոզարշավի ընթացքում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Արմավիրի մարզ՝ հանդիպելու ընտրողների և համակիրների հետ:

Թեև կուսակցության համակիրների թիվը մեծ չէր, բայց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, պարզվում է՝ քանակի փոխարեն՝ որակն է նախընտրում: Քարոզարշավն ընթանում էր հանգիստ հունով մինչ այն պահը, երբ Տաճատ Սարգսյանը ելույթից հետո անցավ հարցուպատասխանին: Արմավիրի մշակույթի պալատում կուսակցության ղեկավարների հետ հանդիպման եկած ընտրողներից մեկը, ինչպես ինքն իրենց ներկայացրեց՝ հոգով կոմունիստ տիկին Ջուլիետան, խիստ զայրացած մեղադրեց այսօրվա կոմունիստներին, որ չկարողացան պահպանել սոցիալիզմը և երկիրը մղեցին կործանման: Մինչ զայրացած կինը կանցներ հարձակման, նա գրպանից հանելով՝ ցույց տվեց իր կուսակցական անդամաթերթիկը՝ հաստատելու համար, որ նրանցից մեկն է:

Կնոջը հատկապես վրդովեցրել էր Կոմկուսի ղեկավար Տաճատ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը ղարաբաղցիներն արդեն որոշել են՝ անկախանալով: Տիկինը սկսեց մեղադրել կոմունիստներին, թե նույն ճանապարհով են գնում, ինչ կոմունիզմը քանդողները, իսկ Արցախը Հայաստանի մասն է և պետք է միանա Մայր հայրենիքին, այլ ոչ՝ ինքնորոշման հայտ ներկայացնի:

Արմավիր մարզի Կոմկուսի ղեկավարը, փորձելով հանգստացնել զայրացած տիկնոջը, հորդորեց նրան ավելի զուսպ լինել. «Ջուլիետա, հանգիստ նստի տեղդ: Վերջին օրը կլինի, որ կմասնակցես մեր հանդիպումներին, մնա կոմունիստ, բայց տեղդ հանգիստ նստի»:

Կարդացեք նաև

Շարունակ բողոքի ցուցադրական ժեստեր անող կնոջը հանդարտեցնելու համար հանդիպմանը ներկա կուսակցականներից մեկը բեմից հայտարարեց. «Շատ բարկացած է տիկինը, բայց մենք գալիս ենք նրա արդարացի բարկության դեմ պայքարելու: Ձեր բացականչությունները տեղին են և արտահայտում են ներկա իրավիճակը, որը ծանր է, բայց շտկելի»:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս