«Ղարաբաղյան հակամարտության սրացումները հեղինակազրկում են Մոսկվային»
«Կատաղի սահմանային առճակատումը միջադեպերի բռնկումներով շարունակվելու է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Կարնեգի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով փետրվարին ԼՂ հակամարտության շփման գծում բռնկված լարվածությանն ու բանակցային փակուղուն։
Նա նշեց, որ քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը, իսկ կարգավորման նախադրյալներ այսօր չկան, կատաղի սահմանային առճակատումը նման միջադեպերի բռնկումներով շարունակվելու է։ Ըստ նրա՝ այս փակուղուց ելք չկա, քանի դեռ կողմերը շարունակում են իրենց ավանդական քաղաքականությունը։
«Պատմությունը ևս ցույց է տալիս, որ նման տարածքային հակամարտությունները կարող են անվերջ շարունակվել, ուստի ես դժվարանում եմ այս հակամարտության ելքից կամ կարգավորումից խոսել»,- նկատեց Մալաշենկոն։
Նրա համոզմամբ՝ Ղրիմից, Սիրիայից, Դոնբասից հետո Ղարաբաղում նման իրավիճակը հեղինակազրկում է Ռուսաստանին, հենց այդ պատճառով է Ռուսաստանը փորձում կողմերին վերադարձնել բանակցային սեղան՝ միևնույն ժամանակ ցույց տալով համերաշխություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, քանի որ նրանց հետ բանակցությունների դադարեցումը կամ բանակցությունների անարդյունավետությունը ևս կհեղինակազրկի Ռուսաստանին միջազգային ներկայիս զարգացումների ֆոնին։
«Չեմ կարող ասել, թե ինչով կավարտվեն համանախագահների ներկայիս ջանքերը։ Վստահորեն կարող եմ ասել, որ հաջողությունը չափազանց լոկալ է լինելու, գլոբալ համաձայնություններ այս հակամարտությունում մոտակա ժամանակահատվածում չեն սպասվում, քանի որ հակամարտող երկրների, արտաքին խաղացողների շահերն էապես չեն փոխվել վերջին տարիների ընթացքում։ Ուստի իրավիճակը կշարունակվի այնպես, ինչպես վերջին տարիներին՝ անբովանդակ բանակցություններ, սրված իրավիճակ շփման գծում»,- ասաց ռուս քաղաքագետը։
Հարցին, թե ի՞նչ փոխեց ապրիլյան պատերազմը, Մալաշենկոն արձագանքեց՝ ասելով, որ գրեթե ոչինչ։ Պատերազմը, նրա որակմամբ՝ անակնկալ, անկանխատեսելի զարգացում էր բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար։ Այդ պատճառով, Մալաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշակի գործողությունների դիմեց։
«Թեև զինվորականների որակի տեսանկյունից հայկական կողմը միշտ առավելություն է ունեցել հակամարտությունում այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թե՛ տեխնիկապես, թե՛ բանակի թվաքանակով գերազանցում է հայկական կողմերին։ Սա բավականին էական հանգամանք է եղել զսպման համար»,- ասաց Մալաշենկոն։