«2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը»

Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ,  իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ

Պարոն Դվորնիկով, օրերս Մոսկվայում հանդիպեցին և բանակցություններ վարեցին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Ինչպես նշեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, կան 2-3 կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար են և դեռևս քննարկվում են։ Նա նաև ասել է, թե կարևոր դերակատարություն կունենար վստահության մեխանիզմների ամրապնդումը՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ընթացքում հնչած առաջարկները։ Մինչ Լավրով-Մամեդյարով բանակցությունները Մոսկվայում կայացան նաև Նալբանդյան-Լավրով բանակցությունները։ Ներկայումս Մոսկվան բանակցային գործընթացն առաջ մղելու ինչ-որ նոր սխեմա ունի՞։ Ինչպե՞ս եք գնահատում այս բանակցությունների արդյունքները։

– Ցանկանում եմ մի շատ կարևոր հանգամանքից խոսել, որի մասին հայաստանյան ԶԼՄ-ները չեն հիշատակում կամ համարյա թե չեն հիշատակում։ Հարցն այն է, որ բանակցային գործընթացի քննարկումը վերածվել է քաղաքական մանիպուլյացիոն գործիքի։ ՀՀ բնակիչների մեծամասնության, այդ թվում՝ ձեր լրատվամիջոցի ընթերցողների համար, միֆեր են ձևավորվել, ինչ-ինչ շտամպներ, որոնք զգացմունքային արձագանքներ են առաջացնում։ Օրինակ՝ տխրահռչակ «Լավրովի» ծրագիրը, որն իրականում գոյություն չունի։ Բայց փոխարենը՝ գոյություն ունեն, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները», իմ կարծիքով՝ ուտոպիստական, որի ներքո հայկական կողմը ստորագրել է, թեև կար հաստատակամություն ցուցաբերելու հնարավորություն։ Շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք կորսված հնարավորություններ։ 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսել բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաև ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։

Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները, և հենց ինչ-որ այլ բան՝ մատնանշել Կրեմլին այն դեպքում, երբ Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից և որոշումներից բանակցային գործընթացում՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների։ Մոսկվայի համար «ղարաբաղյան հարցն» այն գլխավոր հարթակն է, որտեղ կա ամբողջական համաձայնություն արևմտյան գործընկերների հետ։ Ներկայումս դա էական ռեսուրս է, որը թույլ է տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շփման գիծ գտնել։

Վերադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ Մոսկվան չունի ինչ-ինչ նոր սխեմաներ։ Սմոլենսկի հրապարակում իրատես գործիչներ են նստած, որոնք հասկանում են իրավիճակի ողջ բարդությունը, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Կարծում եմ, որ ներկայումս բանակցողները կենտրոնացած են հենց այն հարցի վրա, որպեսզի ապրիլյան ագրեսիան չկրկնվի, որպեսզի պահպանվի գործընթացի համեմատաբար խաղաղ ընթացքը։ Ռուսաստանը դրանում չափազանց հետաքրքրված է։ Ներկայումս Հայաստանում սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ շատ սխալներ ու դժվարություններ ինչ-որ մեկը շատ կցանկանա վերագրել Ռուսաստանին, որպեսզի ընտրողների առջև պահպանի սեփական դեմքը։

Վերջին շաբաթների ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածություն է բռնկվել, փորձագետները չեն բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող է հանգեցնել ներկայիս լարվածությունը, և ինչպիսի՞ դիրքորոշում կստանձնի Մոսկվան այս անգամ, երբ նոր լարվածություն սկսվի և հարձակում Ադրբեջանի կողմից։

– Վստահ եմ, որ դիրքորոշումը միանշանակ է լինելու։ Գործադրվելու են բոլոր հնարավոր ջանքերը՝ ռազմական գործողությունների վերսկսումը դադարեցնելու ուղղությամբ։ Նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանին իբրև թե ձեռնտու են ինչ-որ բախումներ, պարզապես չեն հասկանում, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը։ Դոնբաս, որտեղ ևս բարդացել է խաղաղ գործընթացը, Սիրիա, որտեղ հեռանկարները մշուշոտ են, մեծ ընտրությունների շեմին՝ ներքին մոբիլիզացիա, տնտեսական դժվարություններ։ Այրվող Անդրկովկասն արդեն չափից ավելին կլինի, որն ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք կդառնա։

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները շփման գծում Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեցին։ Նախ` ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» կիրառելու հավանականության մասին։ ՀՀ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սարգսյանը նշեց. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի` կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»։ Իր հերթին` ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն օրերս ասաց, որ մինչև տարեվերջ երկրներից մեկը կճանաչի Արցախի անկախությունը։ Այս հռետորաբանությունն ինչպե՞ս կանդրադառնա շփման գծում Ադրբեջանի պահվածքի վրա։

– «Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։ Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։ Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցի, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։

Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախն արդյունավետ և ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումների։

Պատրաստվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան։ Ներկայումս որո՞նք են այդ ակտուալ հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան Մոսկվայում։

– Դրա համար պետք է տեսնել այցի ծրագիրը։ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավականին բաց են, որպեսզի չփնտրենք ինչ-որ առեղծվածային հարցեր և թեմաներ քննարկման համար։ Կարծում եմ՝ քննարկվելու են հարցեր տնտեսական համագործակցության, անվտանգության, համատեղ ծրագրերի վերաբերյալ։ Սա պլանային, աշխատանքային այց է։ Բնականաբար, դժվար կլինի շրջանցել Արցախի սահմանին հնարավոր սրացումների թեման։ Ես կոչ կանեի չխորանալ դավադրության տեսությունների մեջ։ Սպասենք այցի արդյունքներին և քննարկենք դրանք։

Մոսկովյան այցին նախորդեց Սարգսյանի այցը Բրյուսել, որի ընթացքում նա բավականին ներկայացուցչական հանդիպումներ ունեցավ ԵՄ ղեկավարության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այս այցի ընթացքում նաև հայտարարվեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտեցին բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որի ստորագրումը նախատեսվում է ՀՀ-ում կայանալիք ընտրություններից հետո, եթե խնդիրներ չառաջանան, ինչպես 2013թ.։ Սարգսյանի առաջիկա այցը կունենա՞ նշանակություն ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի համար։ Ինչպիսի՞ն է Մոսկվայի վերաբերմունքն այդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

– Ես, բնականաբար, չեմ կարող խոսել Ռուսաստանի իշխանությունների անունից։ Բայց միանշանակ վստահ եմ, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացումը Մոսկվայի համար ամենաքիչը չեզոք իրադարձություն է, ամենաշատը՝ լավ լուր, քանի որ Հայաստանը հաստատում է իր՝ արևմտյան գործընկերների և Ռուսաստանի միջև բանակցությունների հուսալի հարթակի կարգավիճակը։ Համոզված եմ նաև, որ հայությունը գլոբալ ազգ է, որ հարմոնիկ հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի ազգային քաղաքականության կարևոր բաղադրիչն է։

Կարող եմ հաստատապես ասել, որ որևէ խանդ չկա։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն իրենց ընդարձակ օրակարգը, որը մեծ աշխատանք է պահանջում։ Ուստի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Վարդան Տողանյանի նշանակումը լավատեսություն է ներշնչում։ Սա նոր սերնդի անձնավորություն է, ով հասկանում է ԶԼՄ-ների և գրագետ տեղեկատվական քաղաքականության դերակատարությունը, ով սովոր է աշխատել՝ արդյունքներ ցույց տալով։ Լիահույս եմ, որ իր այդ որակները նա նաև իր նոր պաշտոնում կարտահայտի։

Տեսանյութեր

Լրահոս